Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Արցախի ժողովրդի դեմ ուղղված Ադրբեջանի հանցավոր և ահաբեկչական քաղաքականությունը շուրջ 200 օր շարունակվող շրջափակման վերջին օրերին ինտենսիվ կերպով զուգորդվում է Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անհերքելի փաստերով ու դրսևորումներով՝ թիրախավորելով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց և տեխնիկան, ինչպես նաև բացառապես քաղաքացիական բնակչության պաշտպանության գործառույթ իրականացնող Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները։
Սեփական հանցավոր քաղաքականությունն առաջ մղելու համար տեղեկատվական հող նախապատրաստելու նպատակով ադրբեջանական կողմը պարբերաբար տարածում է կեղծ տեղեկատվություն Արցախի ՊԲ կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Ասվածը անտարակուսելիորեն ապացուցվում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ երկու օր առաջ արած հետևյալ հայտարարությամբ․
«Եթե նրանք ինչ-ինչ սադրանքների ու հակաիրավական գործողությունների դիմեն, ապա այդ անօրինական զինված կազմավորումների հարցը կարող է լուծել ադրբեջանական բանակի ընդամենը մեկ կորպուս, այն էլ՝ ոչ ամբողջական կազմով»։
Այսինքն՝ հրադադարի խախտման մեջ պարբերաբար մեղադրելով հայկական կողմին՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է արդարացնել սեփական նախաձեռնությամբ հրադադարի ռեժիմի խախտումները, մոլորեցնել միջազգային դերակատարներին և պնդել Արցախի զինված ուժերի ապառազմականացման անօրինական և չհիմնավորված պահանջը։
Ադրբեջանական այսօրվա ռազմական հարձակման հետևանքով զոհված չորս անձինք ոչ միայն իրենց հայրենիքն ու խաղաղ բնակչությանն Ադրբեջանի շարունակական ռազմական ագրեսիայից պաշտպանող անձինք են, այլև մարդիկ, որոնք ունեին ընտանիքներ և առօրյա կյանք։
Նրանցից երկուսը՝ 54-ամյա Արմո Աբգարյանը և 36-ամյա Գագիկ Բալայանը, կամավորներ էին Արցախի Գիշի համայնքից, որոնց հիմնական գործունեությունը գյուղատնտեսությունն էր։ Արմոն ուներ չորս երեխա, որից երկուսը անչափահաս, իսկ Գագիկը՝ չորս անչափահաս երեխա։ Ադրբեջանական հանցավոր ռեժիմը պատասխանատու է 2020 թվականի պատերազմի աղետալի հետևանքների դեմ դեռևս պայքարող արցախցիների այս բոլոր անմարդկային տառապանքների և զրկանքների համար։
Հատկանշական է, որ նույնիսկ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ներկայությունը և միջազգային տարբեր դերակատարների կողմից Արցախում առկա իրավիճակի նկատմամբ ուշադրությունը չեն զսպում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, որը շարունակում է գործել լիակատար անպատժելիության զգացումով։
Ադրբեջանը, խաղաղության մասին խոսելով, մոլորեցնում է միջազգային հանրությանը՝ միևնույն ժամանակ ուժի և ուժի սպառնալիքի բացահայտ կիրառման ներքո առաջարկելով կամ բռնի հպատակեցում, կամ վտարում սեփական հայրենիքից:
Քանի դեռ միջազգային բոլոր դերակատաների կողմից Ադրբեջանը չի պատժվում իր հանցավոր գործողությունների և Արցախի ժողովրդի կյանքի և այլ հիմնարար իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների համար, խաղաղ գործընթացը օգտագործելու է որպես քողարկում՝ Արցախի էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության համար»։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…
Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…
Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…