Արցախ
10.07.2023

Արցախն ուժեղի իրավունքով բաժին հասած տարածք չէ, մեր հայրենիքն է․ բաց նամակ

Արցախն ուժեղի իրավունքով բաժին հասած տարածք չէ, մեր հայրենիքն է․ բաց նամակ

Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բաց նամակ են հղել միջազգային հանրությանը․

«Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության առնչությամբԱրցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովուրդը, որ կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առաջ, դիմում է աշխարհի բոլոր երկրներին ու ժողովուրդներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին, որոնք կոչված են ապահովելու միջազգային իրավունքի պատշաճ կատարումը։

2023 թվականի հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ հերթական սադրանք նախաձեռնելով՝ Ադրբեջանը խորացրել է Արցախի շրջափակումը, որը տևում է գրեթե 7 ամիս՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած։ Ադրբեջանն արգելափակել է ԿԽՄԿ-ի և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից իրականացվող մարդասիրական փոխադրումները, այդ թվում՝ հիվանդների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ, սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների, վառելիքի մատակարարումները՝ դրանով իսկ կտրուկ սրելով երկրում առկա հումանիտար ճգնաժամը։

Մեկ շաբաթ անց՝ 2023 թվականի հունիսի 22-ին, ադրբեջանական կողմը բետոնե պատնեշներ է տեղադրել կամրջի վրա, որտեղ 2023 թվականի ապրիլի 23-ին ապօրինի անցակետ է տեղադրվել՝ բառացիորեն փակելով Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ 2023 թվականի հունիսի 25-ից ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ հիվանդների տեղափոխումը Հայաստանի բուժհաստատություններ վերականգնվել է, սակայն, քաջածանոթ լինելով Ադրբեջանի ապակառուցողական վարքագծին, որն օգտագործում է հումանիտար խնդիրները որպես Արցախի վրա ճնշում գործադրելու լծակ՝ երաշխիքներ չկան, որ այդ փոխադրումները նորից չեն ընդհատվելու։

Ադրբեջանի այս գործողությունները չպետք է դիտարկվեն որպես առանձին ագրեսիայի դրսևորումներ, այլ որպես Արցախի և նրա բնիկ հայ բնակչության դեմ էթնիկ զտումների հետևողական և համակարգված քաղաքականության բաղադրիչներ։

2023 թվականի հունիսի 27-ի լույս 28-ի գիշերն Ադրբեջանը հերթական ռազմական ագրեսիային է դիմել Արցախի դեմ՝ հրետանու և ԱԹՍ֊ի կիրառմամբ, որին զոհ են գնացել չորս զինծառայողներ, որոնք պաշտպանում էին իրենց հայրենիքն ու խաղաղ բնակչությանը։

Անտեսելով Եվրոպական խորհրդարանի 2023 թ․ հունվարի 19-ի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2023 թ․ հունիսի 22-ի բանաձևերը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 2022 թ․ դեկտեմբերի 21-ի և Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշումները՝ Ադրբեջանը, կարծես ծաղրելով այդ կազմակերպությունների հեղինակությունը, համառորեն շարունակում է Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանության և հայրենազրկման քաղաքականությունը՝ դրսևորելով հանցավոր կամայականություն և հակադրվելով քաղաքակիրթ աշխարհին։

Բացի այդ, Ադրբեջանի նախագահը բացահայտորեն սպառնում է միջազգային հանրության այն ներկայացուցիչներին, որոնք չեն կիսում նրա մոտեցումը Արցախի հիմնախնդրի լուծման հարցում՝ հայտարարելով, որ միջազգային իրավունքն ամբողջությամբ Ադրբեջանի կողմն է։Պաշտոնական Բաքուն, չընդունելով Արցախի ժողովրդին անվտանգության երաշխիքներ տրամադրելու պահանջները, մշտապես պնդում է, որ դա Ադրբեջանի ներքին խնդիրն է, որն ինքը մտադիր է լուծելու սեփական հայեցողությամբ։

Բռնապետական Ադրբեջանի պետական քաղաքականության մաս կազմող և ադրբեջանական հասարակության մեջ ներծծված, բազմաթիվ ապացույցներով փաստվող սարսափելի մեծ հայատյացության համատեքստում, դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել այդ որոշումը, եթե Արցախի ժողովուրդը հանկարծ հայտնվի Բաքվի իշխանության ներքո։Ողջունում ենք աճող միջազգային ըմբռնումն առ այն, որ Արցախի ժողովուրդը պաշտպանության միջազգային ամուր երաշխիքների կարիք ունի։

Շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսականներին, որոնք այդ դիրքորոշմամբ հանդես են եկել 2023 թ․հունիսի 21֊ին ԱՄՆ Կոնգրեսում՝ իրերն իրենց անուններով կոչելով և օբյեկտիվ գնահատական տալով Ադրբեջանի քաղաքականությանը։ Շնորհակալ ենք նաև բոլոր այլ միջազգային դերակատարներին, որոնք վճռականություն են ցուցաբերում Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ հարուցվող գոյաբանական սպառնալիքների մասին բարձրաձայնելու հարցում։

Հույս ենք հայտնում, որ աշխարհում էլ ավելի մեծ թվով մարդիկ կկարողանան ըմբռնել հակամարտության իրական պատճառներն ու կհասկանան, թե ինչու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դեռ 1988 թվականին դիմել է Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու և Հայաստանին միանալու իրավաչափ խնդրանքով, ինչն էլ ադրբեջանական ագրեսիայի և արյունալի պատերազմի սանձազերծման պատճառ է հանդիսացել, որի ժամանակ հայերը ստիպված էին ինքնապաշտպանվել։

Հիմա, երբ տարբեր միջազգային հարթակներից անհասկանալիորեն հնչում են Արցախն Ադրբեջանին բռնակցելու ճանապարհով հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ կոչեր, մենք առաջարկում ենք վերհիշել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունն ու փորձել պատկերացնել՝ իսկ հնարավոր էր արդյո՞ք հրեա ժողովրդին կոչ անել ապրելու հիտլերյան նացիստական իշխանության ներքո։

Ժամանակակից Ադրբեջանը նույնպես հայերի նկատմամբ նացիստական տրամադրված երկիր է, և դրանում դժվար չէ համոզվել հարցին օբյեկտիվ հայացքով նայելու դեպքում՝ բացառելով ադրբեջանական քարոզչամեքենայի միակողմանի պահանջները։

Երախտագիտություն հայտնելով Արցախի ժողովրդի ճակատագրի նկատմամբ ցուցաբերվող մտահոգության համար՝ ընդգծում ենք, որ մեր իրավունքների և անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքն Արցախի ժողովրդի՝ միջազգային իրավունքով ամրագրված ինքնորոշման և ազատ կամարտահայտության իրավունքի վրա հիմնված Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է։

Արցախն ուժեղի իրավունքով որևէ մեկին բաժին հասած տարածք չէ, այլ մեր հայրենիքն է, որտեղ մենք ունենք անվտանգ կյանքի լիարժեք և անքակտելի իրավունք։ Արցախն ընդամենը 120 հազարանոց մի բուռ ժողովուրդ չէ (չհաշված 2020 թվականին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով իրենց տներից վտարված Արցախի շուրջ 30 հազար տեղահանված բնակիչները)։ Այսօր Արցախը ժողովրդավարական աշխարհի հռչակած արժեքների մի հերթական փորձաքարը և լակմուսի թուղթն է։ Պայմանավորված այն բանով, թե ինչ ընտրություն է կատարվելու՝ մի կողմից ստի, խտրականության, բռնության, ահաբեկչության, բռնապետության և, մյուս կողմից, ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարգման միջև, հստակեցվելու է փոխակերպվող աշխարհակարգի արժեքային էությունը»։

Լրահոս
Փորձում են կանգնեցնել մեր ժողովրդի՝ ուժեղ Հայաստան ունենալու երազանքը․ Սամվել Կարապետյան
16:48
Փորձում են կանգնեցնել մեր ժողովրդի՝ ուժեղ Հայաստան ունենալու երազանքը․ Սամվել Կարապետյան
Մեր տարածաշրջանը կանգնած է իր պատմության ամենալուրջ մարտահրավերներից մեկի առջև. Ֆիդան
16:31
Մեր տարածաշրջանը կանգնած է իր պատմության ամենալուրջ մարտահրավերներից մեկի առջև. Ֆիդան
Էս աղմուկ-աղաղակը ինչի՞ համար են, քաղաքացու ուշադրությունը Հայաստանի գերխնդրից շեղելու՞
16:13
Էս աղմուկ-աղաղակը ինչի՞ համար են, քաղաքացու ուշադրությունը Հայաստանի գերխնդրից շեղելու՞
Երեկ վերջին ամերիկյան ռազմական տեխնիկան լքեց Սիրիան․ Ահմեդ ալ-Շարաա
15:52
Երեկ վերջին ամերիկյան ռազմական տեխնիկան լքեց Սիրիան․ Ահմեդ ալ-Շարաա
Թրամփը կարող է լրացուցիչ փոխզիջումների գնալ՝ պատերազմն ավարտելու համար․ Politico
15:31
Թրամփը կարող է լրացուցիչ փոխզիջումների գնալ՝ պատերազմն ավարտելու համար․ Politico
Սամվել Կարապետյանի աջակիցներից 17 անձ է բերման ենթարկվել
15:15
Սամվել Կարապետյանի աջակիցներից 17 անձ է բերման ենթարկվել
Հարավային Կովկասի տարածաշրջանն ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում. Կոբախիձե
15:00
Հարավային Կովկասի տարածաշրջանն ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում. Կոբախիձե
Իրավունք չունեմ ձեր հարցերին պատասխանելու․ Սամվել Կարապետյան
14:37
Իրավունք չունեմ ձեր հարցերին պատասխանելու․ Սամվել Կարապետյան
Հարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության փուլ. Հաջիև
14:17
Հարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության փուլ. Հաջիև
Կարո՞ղ է վերջապես ընդունեք, որ նույնիսկ որպես ընտրահանցագործ կոմպետենտ չեք․ Ալեքսանյան
13:53
Կարո՞ղ է վերջապես ընդունեք, որ նույնիսկ որպես ընտրահանցագործ կոմպետենտ չեք․ Ալեքսանյան
Դուք թե՛ Սամվել Կարապետյանից եք թույլ , թե՛ Գագիկ Ծառուկյանից, թե՛, առավել ևս, Ռոբերտ Քոչարյանից. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանին
13:34
Դուք թե՛ Սամվել Կարապետյանից եք թույլ , թե՛ Գագիկ Ծառուկյանից, թե՛, առավել ևս, Ռոբերտ Քոչարյանից. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանին
Պատերազմի ժամանակ ոչինչ չեք արել երկիրը մոբիլիզացնելու, հաջողություններ ունենալու համար. Օհանյան
13:32
Պատերազմի ժամանակ ոչինչ չեք արել երկիրը մոբիլիզացնելու, հաջողություններ ունենալու համար. Օհանյան
2026-ի խորհրդարանական ընտրությունները Քոչարյան-Սերժ կոալիցիայի վերջին շանսն են. վարչապետ
13:28
2026-ի խորհրդարանական ընտրությունները Քոչարյան-Սերժ կոալիցիայի վերջին շանսն են. վարչապետ
Շուն-շանգյալներին և քաղաքական բոշաներին պետք է հարատև դուրս թողնել քաղաքականությունից. Փաշինյան
13:15
Շուն-շանգյալներին և քաղաքական բոշաներին պետք է հարատև դուրս թողնել քաղաքականությունից. Փաշինյան
Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ նախագահները
13:09
Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ նախագահները