Լրահոս 24/7

Ադրբեջանն ունի թաքնված օրակարգ. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին.

Հարգարժան պարոն նախագահ,

Ձերդ գերազանցություններ,

Տիկնայք և պարոնայք,

Առաջին հերթին թույլ տվեք շնորհավորել պարոն Դենիս Ֆրենսիզին Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:

Ես ոչ առաջին, ոչ էլ վստահաբար վերջին բանախոսը կլինեմ այս հեղինակավոր հաստատությունում, որը կմատնանշի ժողովրդավարությանը սպառնացող գլոբալ սպառնալիքները, անվտանգային մարտահրավերնեը, ՄԱԿ կանոնադրության սկզբունքների և նպատակների՝ ներառյալ ուժի չկիրառման և հակամարտություների խաղաղ կարգավորման ոտնահարումները` որպես աշխարհում անկայունության և լարվածության հիմնական աղբյուր:Անցած տարիների ավերիչ զարգացումները, որոնք խաթարեցին անվտանգության ճարտարապետությունն աշխահում, և հատկապես Եվրոպայում, էականորեն վնաս են հասցրել բազմակողմանիությանը:

Եթե մի քանի տարի առաջ մենք մտահոգվում էինք բազմակողմանիության նահանջի վերաբերյալ, այսօր մենք ականատես ենք լինում դրա բուն էության և հիմքերի քայքայմանը, ինչպիսիք են միջազգային իրավունքը, մարդու իրավունքները և համագործակցային անվտանգությունը:Սա զուտ տեսական հետևություն չէ, այլ իրականություն, որին հայ ժողովուրդն առերեսվում է վերջին 3 տարիներին: Ադրբեջանի շարունակական ագրեսիաները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և ռազմական հարձակումները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ էապես խաթարում են մեր տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը, կոպտորեն խախտում մարդու իրավունքներն ու հումանիտար իրավունքը՝ գոյութենական սպառնալիք հանդիսանալով հայերի համար:

Հայաստանի կառավարությունը` ունենալով մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու անկեղծ հավատ և ձգտում, զգալի և հստակորեն արձանագրված ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ: Ցավոք, մենք առնչվում ենք ոչ թե խաղաղություն ցանկացող գործընկերոջ հետ, այլ երկրի, որը բացահայտորեն հայտարարում է, որ «ուժն է ծնում իրավունքը» և անընդհատ ուժ է կիրառում խաղաղության գործընթացը խաթարելու համար։

Բառացիորեն մեկ տարի առաջ հենց այս ամբիոնից ՀՀ վարչապետը ներկայացրեց հարևան Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ագրեսիայի և օկուպացիայի փաստը։ Այդ ժամանակվանից իրավիճակն էլ ավելի է սրվել, և այսօր ես ստիպված եմ ներկայացնել հերթական լայնածավալ հարձակումն այս անգամ Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի դեմ՝ որպես միջազգային իրավունքի և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում: Պատահական չէ, որ այս իրադարձությունը տեղի է ունեցել հենց այս շաբաթ։ Սա ի ցույց է դնում Ադրբեջանի անարգանքն ու արհամարանքը այստեղ՝ Նյու Յորքում, հավաքված միջազգային հանրության նկատմամբ։ Ուղերձը հստակ է՝ «դուք կարող եք խոսել խաղաղության մասին, իսկ մենք կարող ենք գնալ պատերազմի ճանապարհով, և դուք չեք կարողանա որևէ բան փոխել»։

120 հազար մարդիկ, որոնց միակ ձգտումը ապրելն ու արարելն է իրենց նախնյաց հայրենիքում, և որոնք ավելի քան 9 ամիս շարունակ տառապել են Ադրբեջանի արգելափակման և պաշարման պայմաններում, ենթարկվել են ռազմական հարձակման տասնյակ հազարանոց զորքի կողմից։ Այս անմարդկային հարձակման ընթացքում Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը՝ Ստեփանակերտը և մյուս քաղաքներն ու բնակավայրերը ենթարկվել են ինտենսիվ և համատարած հրետակոծության՝ ծանր զինտեխնիկայի՝ հրթիռների, հրետանու, մարտական անօդաչու թռչող սարքերի, ավիացիայի՝ ներառյալ արգելված կասետային զինամթերքի կիրառմամբ:

Որպես ծով ելք չունեցող երկիր՝ Հայաստանը կենսականորեն շահագրգռված է ինքնիշխանության, ազգային իրավասության, իրավահավասարության և փոխադարձության հիման վրա տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման մասին համաձայնության իրագործմամբ։ Հայաստանը հանդիսանում է համալիր և արդար տրանսպորտային հաղորդակցության երկարատև ջատագովը՝ առևտրին, համագործակցությանը և մարդկանց միջև շփումներին նպաստելու նպատակով, մինչդեռ մեր հարևանները շարունակում են երեք տասնամյակ կիրառվող Հայաստանի շրջափակումը, որը իմ երկրի տնտեսական հարկադրանքի լավ կազմակերպված քաղաքականության մի մասն է։

Այսպես կոչված «միջանցքային տրամաբանությունը», որն առաջ է քաշվում Բաքվի և նրանց թաքնված ու բացահայտ հովանավորների կողմից, ուղղված է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարմանը և նրա տարածքային պահանջների արդարացմանը: Նրանց ստեղծած խոսույթը, Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետ մեկտեղ, ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, ցույց է տալիս, որ հաջորդ նպատակը կարող է լինել Հայաստանին ստիպողաբար արտատարածքային միջանցք պարտադրելը, միջանցք, որը կանցնի Հայաստանի տարածքով, բայց դուրս կլինի մեր վերահսկողությունից։ Սա անընդունելի է մեզ համար և պետք է անընդունելի լինի միջազգային հանրության համար։

Պարոն նախագահ, Չնայած բոլոր մարտահրավերներին, Հայաստանը շարունակում է ներգրավվել հարաբերությունների կարգավորման և կայուն խաղաղության հաստատման բանակցություններում և աջակցում է այդ ուղղությամբ միջազգային գործընկերների ջանքերին։ Միջազգային ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը, հակամարտության հիմքում ընկած պատճառների, այն է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումը, երկարատև խաղաղության հիմքն են։

Ամփոփելով, թույլ տվեք հայտարարել, որ Հայաստանի ժողովուրդը հաստատակամորեն պաշտպանելու է իր ինքնիշխանությունը, անկախությունը և ժողովրդավարությունը և հաղթահարելու է իր դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմը։

Շնորհակալություն։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

4 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

5 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

6 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

6 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

6 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

7 hours ago