Լրահոս 24/7

Հայաստանն ակնկալում է ՄԱԿ կողմից հստակ արձագանք. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության Լեռնային Ղարաբաղ այցը։

Հարց. Հոկտեմբերի 2-ին կայացավ Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի մի խմբի այց, որի հաղորդագրությունը չափազանց մտահոգիչ էր: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Պատասխան. Հայաստանը խոր մտահոգությամբ և հիասթափությամբ է ընդունել տեղեկատվությունն Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ այցի և դրա «արդյունքներով» արված մամուլի հաղորդագրության վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարը խնդրի մասին բարձրաձայնել է հոկտեմբերի 2-ին ԱԳՆ-ում կայացած՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:Նախ, պետք է արձանագրել, որ Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի պատվիրակության հոկտեմբերի 2-ի այցը չի կարող համարվել միջգործակալական փաստահավաք առաքելություն և որևէ առնչություն չունի հայկական կողմի ու միջազգային հանրության ակնկալիքների հետ:

Ավելին, պատվիրակության այցը տեղի է ունեցել միայն այն ժամանակ, երբ էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղը լիովին զրկվել է իր բնիկ հայ բնակչությունից: Որպես օբյեկտիվ գնահատական, ՄԱԿ պատվիրակությունը կարող էր ընդամենն արձանագրել Լեռնային Ղարաբաղի հայաթափման փաստը՝ ականատես լինելով, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հետևում թողել իր հայրենի բնակավայրերը, հարազատների գերեզմանները և բազմադարյա մշակութային ու կրոնական ժառանգությունը:

Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր՝ ամիսներ շարունակ, հայկական կողմը ներգրավվել է ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի և ՄԱԿ Քարտուղարության այլ ստորաբաժանումների հետ՝ կոչ անելով Լեռնային Ղարաբաղ գործուղել ՄԱԿ միջգործակալական փաստահավաք առաքելություն՝ ԼՂ շրջափակման հետևանքով ի հայտ եկած հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակի գնահատման ու ԼՂ բնակչության հումանիտար կարիքներին արձագանքի նպատակով: Խնդրո առարկան բազմիցս բարձրացվել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպումների ընթացքում:

Բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, անկախ իրավաբաններ, ցեղասպանագետներ մտահոգություն էին հայտնել ԼՂ ժողովրդի առջև ծառացած գոյաբանական վտանգների մասին՝ մատնանշելով ոճրագործության հանցագործությունների ռիսկերը:

ԼՂ-ում ներկայություն ունեցող միակ մարդասիրական կազմակերպությունը՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, իր հաղորդագրության մեջ մտահոգություն էր հայտնել, որ ի վիճակի չէ հումանիտար աջակցություն ցուցաբերել քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով:

Այս բոլոր զեկույցները և գնահատականներն, որոնք վկայում էին նաև ՄԱԿ-ի կողմից հռչակված «ոչ ոքի հետևում չթողնելու» հանձնառության նկատմամբ բացահայտ արհամարհանք, ի ցույց էին դնում իրավիճակի ողջ լրջությունը, ինչը, փաստորեն, անտեսվել է ՄԱԿ-ի կողմից:

Այցից հետո տարածված մամուլի հաղորդագրությունը խիստ կողմնակալ է և չի արտացոլում իրավիճակը գետնի վրա. դրանում որևէ հղում չկա Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով բազմաթիվ զոհերին և վիրավորներին, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմանը, Լաչինի միջանցքի ավելի քան 9 ամիս տևած արգելափակմանը և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Հակարի կամրջի մոտ տեղակայված ապօրինի անցակետից քաղաքացիների առևանգմանը և միջազգային գործընկերներին հայտնի այլ փաստերին:

Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի պատվիրակության այցն Ադրբեջանի կողմից օգտագործվել է իր քարոզչական ընկալումներն առաջ մղելու և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ հարձակումն ու դրա հետևանքները օրինականացնելու նպատակով:

Հայաստանն ակնկալում է ՄԱԿ կողմից հստակ արձագանք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման, ԼՂ ժողովրդի հիմնարար մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին` միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրության հիմնարար սկզբունքների համաձայն:

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

6 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

6 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

7 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

7 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

7 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

7 hours ago