ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Գնդակը Սահմանադրական դատարանի դաշտում է
Ազգային ժողովն ավարտեց ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին որոշման նախագծի փակ գաղտնի քվեարկությունը։
Որոշումն ընդունվել է՝
նախագծի քննարկմանը մասնակցեցին 132 պատգամվորից 101–ը։ Նրանցից 98-ը կողմ քվեարկեցին նախագծին, 1–ը` դեմ։ 2 քվեաթերթիկ համարվեցին անվավեր։
Համաձայն Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի՝
Սույն հոդվածով նշված գործերով դիմումը քննության ընդունելու պահից Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները կասեցվում են մինչև դատաքննության ավարտը:
Դատավորի լիազորությունների կասեցման ընթացքում դատավորը շարունակում է ստանալ իր վարձատրությունը:
Սահմանադրական դատարանի այն դատավորը, որի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործ է քննվում, դատավարությանը ներգրավվում է բացառապես որպես պատասխանող և օգտվում դատավարության կողմի` սույն օրենքով նախատեսված իրավունքներից և կրում նրա պարտականությունները:
Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:
Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:
Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և Սահմանադրական դատարանի դատավորը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման:
Սույն հոդվածում նշված գործերով ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո Սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.
1) Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին.
2) դիմումը մերժելու մասին։
Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ սույն հոդվածի 11-րդ մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 50 օրով:
Նույն օրենքի 62-րդ հոդվածի համաձայն՝
Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերով ՍԴ որոշումներն ընդունվում են դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով: