Լրատվամիջոցներից մեկը հասցրել է Արցախի իշխանությունը որակել «վտարանդի»:
Որ հոկտեմբերի 4-ին Ստեփանակերտից բարեհաջող Երեւան տեղափոխված Սամվել Շահրամանյանը մտադրություն ունի «պայքարը շարունակել»՝ նույն լրատվամիջոցը գրել էր օրեր առաջ:
Ըստ երեւույթին, դա պատահական չէ: Արցախի Օպերատիվ շտաբի միջանցքներում, մինչդեռ, բռնատեղահանված մարդիկ, որ այնտեղ են հավաքվում ամենատարբեր հարցերի շուրջ գոնե հուսադրող մի լուր լսելու ակնկալիքով, արդեն բաց խոսում են, որ վերջին օրերին Հայաստանից ստացված շուրջ երկու միլիարդ դրամը պարզապես փոշիացվել է:
Արցախցի փաստաբան Վադիմ Հայրապետյանը, ով Երեւանում նոր գրասենյակ է բացել, բարձրացրել է պետական – ծառայողական ավտոմեքենաների սեփականաշնորհման թեման: Նա խոստանում է խնդիրը ներկայացնել հիմնավոր փաստարկներով: Ի՞նչ լուծում կգտնվի կամ կգտնվի՞ առհասարակ՝ բարդ է ասել:
Իրականություն է, որ պետական պաշտոնյաները սեփականացրել են պետական տրանսպորտային միջոցները եւ անխոչընդոտ հասցրել Երեւան: Իսկ երկու միլիարդ դրամը, ըստ տարածվող լուրերի, որպես վարկ բաժանվել է կառավարության անդամներին, Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների եւ նրանց մերձավոր անձանց: Որքանո՞վ են հավաստի խոսակցությունները՝ պարզելու խնդիր է:
Փաստ է, որ Արցախի պետական ծառայողները, ուսուցիչները, բժիշկները, բուհերի դասախոսները, մշակույթի ոլորտի աշխատակիցները՝ սեպտեմբեր ամսվա աշխատավարձ, իսկ թոշակառուները թոշակ չեն ստացել, եւ ոչ ոք չգիտի՝ ե՞րբ եւ ո՞վ է վճարելու իրեն հասանալիք գումարը: Պատասխանատվությունը, երեւի, իր վրա կվերցնի Հայաստանի կառավարությունը: Ի վերջո, Արցախը մշտապես ապրել է հիմնականում Հայաստանից տրամադրվող անհատույց ֆինանսական աջակցության հաշվին: Բայց մամուլի որոշ հրապարակումներից տպավորություն է ստեղծվում, որ Արցախի իշխանությունը մտադրություն ունի ինքը տնօրինելու հատկացվելիք գումարները: Խնդիրն, ըստ էության, ավելի խորքային է:
Սամվել Շահրամանյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիր է ստորագրել: Ըստ այդմ, պետական կառույցները կգործեն մինչեւ 2024թ. հունվարի 1-ը: Ընդդիմադիր շրջանակներից, սակայն, քարոզչություն է սկսվել, որ Շահրամանյանի հրամանագիրը հակասում է Արցախի սահմանադրությանը, այն պետք է ճանաչվի առ ոչինչ:
Եթե գաղափարը հնչեր Սամվել Շահրամանյանի կողմից լուծարման հրամանագիր ստորագրելու կամ հաջորդ օրը, ապա կասվեր, որ գործ ունենք հուզական արձագանքի հետ: Այս պահին, մանավանդ երբ հայտնի է, որ Արցախի դե-ֆակտո գործող նախագահը քաղաքական խորհրդատվություններ է անցկացնում իր թեկնածությունը սեպտեմբերի 9-ին պաշտպանած խորհրդարանական ուժերի հետ, Արցախի պետականության վերահաստատման շուրջ որոշ սահմանադրագետների պնդումները բոլորովին այլ իմաստ են ստանում:
Այդ քննարկումները, դրանց համատեքստից բխող իրավական գնահատականները, Հայաստանի նախկին իշխանություններին աջակցող լրատվամիջոցների հետեւողական հրապարակումները բերում են եզրահանգման, որ առկա է Երեւանում Արցախի վտարանդի իշխանություն հռչակելու ծրագիր: Ի՞նչ կտա դա բռնատեղահանված հարյուր հիսուն հազար արցախցու, երբ նրա խնդիրների լուծման ծանրությունը կրում է Հայաստանի կառավարությունը:
Գործնականում՝ ոչինչ: Հետեւաբար, ու՞մ է պետք այդ վտարանդի իշխանությունը: Արցախյան բյուրոկրատիայի՞ն: Բայց չէ՞ որ նրա մեծ մասը ֆինանսապես եւ սոցիալապես ապահովված է, ամսական մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձի կարիք չունի: Այս պահին հեռու գնացող ենթադրություններ չանենք: Բայց եւ չենք կարող չասել, որ հենց իրենք՝ արցախցիները, պետք է խորքով եւ լայնքով գնահատեն իրավիճակը: Իսկ Երեւանում Արցախի վտարանդի իշխանություն հռչակելու արտաքին քաղաքական վտանգների մասին կխոսենք հաջորդիվ: Առայժմ փնտրվում է երկու միլիարդ դրամ: Հարյուր հիսուն հազար արցախցի սպասում է աշխատավարձի, թոշակի, նպաստի:
Վահրամ Աթանեսյան
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան…
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացառիկ հարցազրույց է տվել «Ռադիոլուրին» և պատասխանել մի շարք…
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ…
Politico-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը մտադիր է Թրամփին ներկայացնել Ուկրաինայում մոտ 30 հազարանոց եվրոպական զորք տեղակայելու…