

2007 թվականից Հայաստանում կառուցվել են ֆուտբոլային ակադեմիաներ, որոնցից առաջինն Ավանի ֆուտբոլի ակադեմիան էր։ Վերջին 12 տարում կառուցվել է 4 ակադեմիա, դրանց կառուցումը հիմնականում ֆինանսավորվում էր Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության՝ ՈՒԵՖԱ-ի և Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի կողմից։ Հայաստանում կառուցված բոլոր 4 ֆուտբոլային ակադեմիաների շինարար կազմակերպությունը մեկն է ու պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին։
Ավանի ֆուտբոլային ակադեմիա
Այսպես, 2010 թվականի սեպտեմբերի 1-ին՝ եռամյա շինարարական աշխատանքների ավարտից հետո, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի, ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի ու Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի բացումը։ Այն ունի արհեստական ու բնական խոտածածկով 11 խաղադաշտ, մարզադահլիճ, թենիսի 4 խաղադաշտ, խոշոր վարչական շենք, բիլիարդի, սեղանի թենիսի սրահներ, ֆիթնես կենտրոն, 49 համարից բաղկացած հյուրանոց, բաց ու փակ լողավազաններ և այլն։ Այստեղ մարզվում են ֆուտբոլային ակումբներ, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականները։ Ակադեմիայի ընդհանուր հողատարածքը 11.6 հեկտար է։ Ինչպես երևում է անշարժ գույքի կադաստրի փաստաթղթերից, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի որոշմամբ՝ 2003 թվականից հողամասն ամբողջությամբ անհատույց օգտագործման է հանձնվել ՀՖՖ-ին։ Ավելի ուշ Երևանի հաջորդ քաղաքապետը՝ Երվանդ Զախարյանը, նույն սկզբունքով հարակից շրջանի որոշ հողեր ևս տրամադրել է ֆեդերացիային։ Հողերը տրամադրվել են ֆուտբոլի մարզադպրոց կառուցելու համար։
Սակայն ինչպես երևում է կադաստրի փաստաթղթերից, կառուցումից 2 ամիս անց ակադեմիայի որոշ հատվածներ 8 միլիոն դոլարով գրավադրվել են «Հայբիզնեսբանկում»։ Ըստ վարկային պայմանագրի՝ գրավադրվել են ակադեմիայի գլխավոր մասնաշենքը, լողավազանները, մարզասրահը, սրճարանը, ավտոտնակները և այլն։ 2 տարի անց ՀՖՖ-ն կատարել է պարտավորություններն ու գույքը դուրս է եկել գրավից։ Մինչդեռ, նշված գույքը ֆեդերացիային հանձնելու 2002-ին կնքված պայմանագրի 5.6 կետով արգելվում էր, որ ֆեդերացիան ինքնակամ, անհատույց իր իրավունքը լրիվ կամ մասնակի երրորդ կողմին փոխանցի կամ գրավադրումներ կատարի։
2015-ի դրությամբ ակադեմիայի կադաստրային արժեքը կազմել է ավելի քան 706 միլիոն դրամ։ Փաստաթղթերից պարզ չէ, թե որքան գումար է վճարվել շինարար կազմակերպությանը, սակայն առկա փաստաթղթերում երևում է, որ որպես շինարար հանդես է եկել մեկ կազմակերպություն՝ «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ն։ Ընկերության բաժնեմասերի 99 տոկոսի սեփականատերը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն է։ Ընկերության կանոնադրական կապիտալը հասնում է մոտ 168 միլիոն դրամի։
Գյումրիի ֆուտբոլի ակադեմիա
2011-ին Գյումրիում մեկնարկեցին ֆուտբոլային ակադեմիայի կառուցման աշխատանքները։ Ծրագրի համար ֆուտբոլի ֆեդերացիային հատկացվեց 8 հեկտար հողամաս՝ ծայրամասային Մուշ թաղամասում։ 2014-ին ակադեմիան հանձնվեց շահագործման. այն ունի 2 արհեստական և 6 բնական խոտածածկով խաղադաշտեր, վարչական շենք։ Հողամասը պատկանել է Գյումրի համայնքին և 2015-ին նվիրատվության պայմանագրի հիման վրա անցել է ֆուտբոլի ֆեդերացիային՝ մարզահամալիրի կառուցման համար։ 2016-ի դրությամբ կառուցված շենք-շինությունների կադաստրային արժեքը կազմել է ավելի քան 35 միլիոն դրամ, իսկ հողամասինը՝ 40 միլիոն դրամ։ Ակադեմիայի վարչական հատվածի մակերեսը հասնում է մոտավորապես 1500 քմ-ի։ Ըստ «Փաստերի ստուգման հարթակի» տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի՝ կառուցապատումը կրկին իրականացվել է «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի կողմից։ 2017 թվականին ակադեմիան անհատույց օգտագործման է հանձնվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբին՝ 5 տարի ժամկետով։
Գյումրիի ֆուտբոլի ակադեմիային վերաբերող փաստաթղթային փաթեթում տեղեկություններ չկան մարզադաշտերի, դրանց քանակի և վարչական շենքից բացի ակադեմիայի այլ ենթակառուցվածքների վերաբերյալ։
Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա
2016-ին Վանաձորում բացվեց ֆուտբոլային ակադեմիա։ 4.4 հեկտար զբաղեցնող տարածքում կառուցված են 1 արհեստական և 3 բնական խոտածածկով մարզադաշտեր։ Տարածքն ի սկզբանե պատկանել է Վանաձոր համայնքին, ապա փոխանցվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որն էլ, իր հերթին, ակադեմիան հանձնել է անհատույց օգտագործման «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ին։ Կադաստրի փաստաթղթերից երևում է, որ այս ակադեմիայի կառուցապատողը ևս Հայրապետյանի «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ն է։ Հղում կատարելով «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» 8-րդ հոդվածի առաջին կետին՝ (տեղեկատվությունը կարող է չտրամադրվել, եթե պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք)՝ ֆեդերացիան Fip.am-ին մերժեց տրամադրել Վանաձորի ակադեմիայի կառուցապատողի հետ կնքած պայմանագիրն ու տեղեկություններ գնման գործընթացի վերաբերյալ։
2017-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսեց վերակառուցել Վանաձորի քաղաքային մարզադաշտը։ Կառուցապատող ընկերությունը դարձյալ «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ն է։ Նախատեսվում էր, որ արդեն այս աշնանը «Լոռի» ֆուտբոլային ակումբն իր վանաձորյան հանդիպումները կանցկացներ նոր մարզադաշտում, որը, սակայն, դեռ պատրաստ չէ։
Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա
2015-ին Էջմիածնում սկսվեցին Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման աշխատանքները։ Երկու տարի անց կայացավ ակադեմիայի բացման արարողությունը, որին մասնակցում էր նաև ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը՝ Սերժ Սարգսյանի ու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ միասին։ Ակադեմիան կառուցվել է ավելի քան 5.5 հեկտար հողամասի վրա։ Այն պատկանել է Էջմիածին համայնքին և 2016-ին նվիրատվության պայմանագրով հողամասը փոխանցվել է կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությանը, որը հետագայում այն փոխանցել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ կառուցապատման համար։
Ակադեմիան, ըստ հատակագծի, ունի 4 մարզադաշտ, վարչական շենք, լողավազան, տրիբունա։ Ինչպես Հայաստանում բոլոր ֆուտբոլային ակադեմիաների դեպքում, այստեղ ևս կառուցումն իրականացվել է «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ընկերության կողմից։ Ուշագրավ է, որ կառուցապատման ավարտական ակտը Էջմիածնի քաղաքապետարան ներկայացվել է 2018-ի վերջին։
Արմավիրի մարզում ֆեդերացիան վերակառուցում է նաև Արմավիրի «Հոբելյանական» մարզադաշտը։ Այս աշխատանքը ևս կատարում է «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ն։ Նախատեսվում է, որ մարզադաշտի բացումը կկայանա հաջորդ տարի։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…