X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Ինչպե՞ս  պահել Պոլսից Գանձասար, Նոր Ջուղայից մինչեւ Թիֆլիս հայկական ինքնությունը

2003 թվականին ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր էի, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ: Լրանում էր Ինքնավար Լեռնային Ղարաբաղի հռչակման 80-ամյակը: Նախաձեռնեցի, որ ընդունվի «Արեւելյան Անդրկովկասում հայ ժողովրդի ցեղասպանության մասին» օրենք: Հիմնավորել էի, որ 1918թ. սեպտեմբերին Բաքվի,  1920 թ. մարտին Շուշիի հայ բնակչության կոտորածները կազմակերպվել են, որպեսզի բռնաճնշվի նախկին ցարական կայսրության Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգների հայության իքնորոշման, ազգային պետության՝ Հայաստանի հանրապետությանը մաս կազմելու կամ քաղաքական ինքնակազմակերպվածության ինստիտուտներ ստեղծելու իրավունքը:

Օրենքի նախագիծը մի քանի անգամ «գնաց» արտաքին գործերի նախարարություն, այնտեղից՝ նախագահի աշխատակազմ, ետ «եկավ» Ազգային ժողով՝ ինչ-որ առաջարկություններով եւ ի վերջո մերժվեց. կառավարությունը նպատակահարմար չէր գտել: Ինչու՞: Քաղաքական հիմնավորումը պարզունակորեն «տրամաբանական էր»՝ եկեք չխանգարենք բանակցային գործընթացին: Առաջարկեցի գոնե խորհրդարանական լսումներ անցկացնել: Դարձյալ նպատակահարմար չգտան: Իսկ Ադրբեջանը միջազգային բոլոր հարթակներում քարոզչություն էր ծավալել, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը «բոլշեւիկներն են հնարել, որպեսզի ադեցության լծակ ունենան»:

Մենք այդպես էլ չկարողացանք ընդհանուր–հայեցակարգային տեսքի բերել Սումգայիթի ջարդերից մինչեւ 1991թ. ապրիլ-օգոստոս ամիսներին Լեռնային Ղարաբաղում իրականացված «Կոլցո» ռազմագործողության իրավա-քաղաքական նպատակադրվածությունը: Նարատիվը, որ թուրքը հայի արյան ծարավ է, մորթում է, բռնաբարում՝ քննություն չի բռնում, որովհետեւ տասնյակ հազարավոր հայեր Սումգայիթում, Գանձակում, Խանլարում, Շամխորում, ադրբեջանաբնակ այլ շրջաններում եւ Բաքվում փրկվել են ադրբեջանցի իրենց հարեւանների, ծանոթների, գործընկերների շնորհիվ:Խնդիրը խորքային էր, պետականորեն դրված էր Ադրբեջանում ազգային-թուրքական իքնություն կերտելու նպատակ: Բաքվից բռնատեղահանվել են նաեւ հարյուր հազարավոր ռուսներ, ավելի քան քսան հազար հրեաներ: Խորհրդային գաղափարա-քարոզչական մատրիցան, որ «բաքվեցին ազգություն չունի,

ինտերնացիոնալ կերպար է»՝ կոտրվել է, Բաքուն վերափոխվել է թուրքական ինքնության պետության մայրաքաղաքի: Դրան հակազդելու մի հնարավորություն կար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է միջազգայնացվեր որպես Արևլյան Անդրկովկասի հայության պետականության իրավունքի կրող: 

Իսկ որպեսզի դա ընկալելի լիներ՝ տեղեկատվա-քարոզչական տիրույթում ոչ թե պատմական արդարության վերականգնման նարատիվը, այլ այն կոնցեպտը պիտի իշխեր, որ 20-րդ դարասկզբին Արեւելյան Անդրկովկասի գրեթե մեկ միլիոն հայության ինքնորոշման իրավունքը բռնաճնշվել է կոտորածներով,

տեղահանությամբ եւ մասնակիորեն ճանաչվել՝ ի դեմս Ինքնավար Լեռնային Ղարաբաղի, որի հռչակումը տեղի է ունեցել հայ-մուսուլմանական հաշտություն հաստատելու հիմնավորմամբ: Այսինքն, Արեւելյան Անդկրովկասի նախաբնիկ հայության մի հատվածն օժտվել է պետական ինստիտուտներ ունենալու իրավունքով: Ավելի պարզ ասած՝ խորհրդային Ադրբեջանը կազմավորվել է որպես ադրբեջանցիների եւ հայերի պետություն:

Հայաստանի առաջին հանրապետության, ինչպես նաեւ Հայկական ԽՍՀ տարածում մուսուլմանական բնակչություն, իհարկե, ապրել է, բայց նախ նրանք չեն ունեցել էթնիկ-քաղաքակրթական ընդհանրական արեալ, երկրորդ՝ քաղաքական ինքնակազմակերպվածության չեն հասել, մնացել են էթնիկ փոքրամասնություն: «Արեւմտյան Ադրբեջան» հասկացությունն ստեղծել է Իլհամ Ալիեւը: Այսօր այդ կառույցն ունի ՀԿ կարգավիճակ, գործում է պետական հովանու ներքո եւ ծառայում Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունը միջազգայնորեն նրբաքողարկելու նպատակին: «Մենք ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց Հայաստանն էլ պետք է ճանաչի, որ հեռացած ադրբեջանցիները վերադառնալու իրավունք ունեն»- խնդիրն այպես է ներկայացնում պաշտոնական Բաքուն:

Իսկ ինչու՞ ինստիտուցիոնալ կառույց չեն ստեղծում Բաքվից, Սումգայիթից, Գանձակից, Դաշքեսանի, Խանլարի, Շամխորի, Իսմայիլիի եւ այլ շրջաններից բռնատեղահանված ավելի քան կես միլիոն հայերը: 2020 թվականից սկսած Արցախից բռնատեղահնավել է 150 հազար հայ: Ովքե՞ր եւ ինչպե՞ս են ներկայացնում նրա շահերը: Ընտրված ներկայացուցիչների մանդատն սպառվում է տարեվերջին, նոր կառույց չի ստեղծվում: Իսկ սոցիալական ցանցի արցախցի կին օգտատերը բացատրում է, որ ոչ ոք չի գնա բնակվելու Հայաստանի սահմանամերձ մարզերում, որովհետեւ այլեւս չի ուզում պատերազմի որոտ եւ կրակոց լսել: Մարդկայնորեն հասկանալի, որոշակիորեն ընդունելի միտք է կամ՝ բացատրություն:

Բայց այդ դեպքում չպետք է գրվի. «Սպասիր, Արցախ, մենք կվերադառնանք»:  Իսկ եթե չվերադառնանք՝ փակվում է Արեւելյան Անդրկովկասում, որ Հայոց աշխարհի Կողմանք Արեւելիցն է, մեր երեք հազարամյա  պատմա-քաղաքակրթական  ներկայության վերջին էջը: Քաղաքական-իրավական Հայաստանը 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունի: Բայց այն պետք է պաշտպանված լինի ոչ միայն արդիական-պրոֆեսիոնալ բանակով եւ ճկուն դիվանագիտությամբ, այլեւ քաղաքակրթական ամբողջությամբ: Գերխնդիր է՝ ինչպե՞ս վերականգնել, ի՞նչ մոդուս կարող է ապահովել Պոլսից Գանձասար, Նոր Ջուղայից մինչեւ Թիֆլիս հայ ինքնությունը:

Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս