Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ երկիրն անպատասխան չի թողնի Իսրայելի հանցագործությունները, գրում է Mehr-ը։
Մեկնաբանելով Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականների սպանությունը՝ Ռաիսին ասել է, որ դատապարտում է իսրայելական ուժերի ագրեսիան։
Իրանի նախագահը նաև ցավակցություն է հայտնել Իսլամական հեղափոխության առաջնորդին, «դիմադրության ուժերին», Իրանի ժողովրդին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զոհված խորհրդականների ընտանիքներին։
Ռաիսիի խոսքով, «սիոնիստական ռեժիմի վերջին հանցագործությունները կատարվում են Միացյալ Նահանգների աջակցությամբ և միջազգային կազմակերպությունների լռության պայմաններում»։