

Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է նախագահ Վահագն Խաչատուրյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հանդիպումը:
Ողջունելով հյուրերին նախագահն ասել է.
«Ուրախ եմ ողջունել Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանում: Ձեր այցը կարևոր է այն առումով, որ այն մեկ անգամ ևս փաստում է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շարունակականությունը և կարևորությունը:
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ ավելի քան 30-ամյա համագործակցության պատմություն ունի: 1994 թվականից արդեն ինստիտուցիոնալ համագործակցություն է ձևավորվել ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև, որը հիմնականում նպատակ է ունեցել մեծացնել Հայաստանի դիմակայունությունը և կարողությունները, ինչպես նաև նպաստել ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը: Այս ամենն այսօր շատ ավելի արդիական է Հայաստանի համար: Մենք այն երկիրն ենք, որը փորձում է ամեն ինչ անել, որ տարածաշրջանում իսկապես խաղաղություն հաստատվի: Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ մենք առաջնորդվում ենք ժողովրդավարական սկզբունքներով և գաղափարներով:
Այս տարի նշվում է ՆԱՏՕ-ի ստեղծման 75-ամյակը: ՆԱՏՕ-ն, երբ ստեղծվում էր երկու հիմնական գաղափարի շուրջ էր կենտրոնացած: Առաջինը՝ պաշտպանել ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգությունը և այն արժեքները, որոնք դավանում են այդ երկրները, իսկ այդ արժեքներն են՝ ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը: Հիմա մենք առաջնորդվում ենք այդ սկզբունքներով և ամեն ինչ անում ենք, առկա մարտահրավերներին դիմակայելու, մեր անկախությունն ու ժողովրդավարությունն ամրապնդելու համար:
Շնորհակալություն մեկ անգամ ևս Ձեր այցելության համար»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է.
«Պարոն նախագահ, ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել: Ես մեծապես գնահատում են այն, որ հնարավորություն ունեցա հանդիպել Ձեզ հետ:
Ինչպես նշեցիք Հայաստանը ՆԱՏՕ-ի երկարամյա գործընկերն է՝ 30 տարվա գործընկերություն: Այս ժամանակաշրջանում մենք աշխատել ենք որպես սերտ գործընկերներ՝ աջակցելով և օգնելով միմյանց: Մենք մեծապես շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Հայաստանն անում է՝ աջակցելու ՆԱՏՕ-ի տարբեր առաքելություններին և գործունեությանը՝ ներառյալ հայ զինվորների անձնական ներկայությունը Կոսովոյում: Ես հայ զինվորներին հանդիպել եմ մի քանի անգամ և միշտ տպավորված եմ եղել նրանց պրոֆեսիոնալիզմով, նվիրումով և հանձնառությունով:
Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեր երկրի վերջին հայտարարության կապակցությամբ՝ Կոսովոյում ձեր ներկայությունն ամրապնդելու առումով: Սա շատ կարևոր է Բալկաններում կայունության ապահովման համար:
Մենք այսօր դիտարկում ենք նաև, թե ինչպես կարող ենք ավելի խորացնել մեր համագործակցությունը, թե ինչպես կարող ենք միասին ավելին անել»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել ընդհանուր տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին: Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի լիակատար պատրաստակամությունը և սկզբունքային դիրքորոշումը մեր տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու հարցում: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը երկրի և ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումը տեսնում է միայն խաղաղության, ռազմական ուժի կիրառման բացառման և ժողովրդավարական սկզբունքների հաստատման ուղիով:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև խաղաղության հաստատման շուրջ Հայաստան-Ադրբեջան շփումներում ներկայումս առկա իրողությունների և մարտահրավերների վերաբերյալ: Երկուստեք շեշտվել է խաղաղության գործընթացի դրական ավարտի կարևորությունը, ինչը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից:
«Հայաստանի անկեղծ ցանկությունն է իր բոլոր հարևանների հետ հաստատել բարիդրացիության և գործընկերության սկզբունքների վրա խարսխված հարաբերություններ»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:
Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին, ինչը կարևոր ներդրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում, ինչպես նաև Հայաստանի հանձնառությունը շարունակել ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումը:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…