Բուհերը խնձորի արկղ չեն, որ վերցնես այստեղից այնտեղ տեղափոխես։ Այդ ամենի հիմքում պետք է հստակ հայեցակարգ լինի ու նաև դա պետք է լինի աստիճանական, քանի որ գործ ունենք մարդկանց հետ ու նրանք իրենց ընտանիքներով ապրում են Երևանում։
Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:
«Առաջին հերթին պետք է ունենալ լավ ենթակառուցվածքներ, որպեսզի մարդկանց տեղափոխվելը խնդիր չլինի։ Եվ, ընդհանրապես, պետք է ջանքեր գործադրվեն համալսարանական քաղաքներ (campus) հիմնելու ուղղությամբ, որը պետք է լինի բիզնեսի ներգրավմամբ ու հստակ ներդրումային ծրագրի հիմքով», – ասված է նրա գրառման մեջ։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը պաշտոնապս դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կամ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Վանաձոր տեղափոխելու հարցը քննարկելու առաջարկով: