Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ, վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսուբքյան իր էջի միջոցով հայտարարել է, որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն իրավասություն չի ունեցել Աբրահամ Խաշմանյանին նշանակել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ:
«Այսօր՝ 06.11.2019թ. 18:51 ՀՖՖ պաշտոնական կայքում տարածվեց տեղեկատվություն, համաձայն որի ՀՖՖ նախագահի կողմից նշանակվել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։
Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի թ) կետի՝ գլխավոր մարզիչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։
Ժողովի կողմից 26.06.2019թ ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։
Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակումը առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առոչինչ է»,- գրել է Առաքելյանը և հետևյալ լուսանկարները կցել գրառմանը.
Նշանակմանն արձագանքել է նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․
ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից:
ՀՖՖ գործկոմի անդամ՝ Արսեն Թորոսյան։