ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բարձր է գնահատել Գազայի հատվածում հրադադար հաստատելու Իսրայելի առաջարկը։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և շտաբի պետ Բենի Գանցի հետ հեռախոսազրույցում Բլինքենը գովաբանել է Իսրայելին զինադադարի պատրաստակամության համար և կոչ է արել արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը անհապաղ աջակցել Իսրայելի նախաձեռնությանը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսի 31-ին անսպասելիորեն հայտարարեց, որ Իսրայելը պատրաստ է համապարփակ համաձայնագիր կնքել Գազայի հատվածում զինադադար հաստատելու և իսրայելցի պատանդներին ազատելու բանակցություններում։ Բայդենը նախաձեռնությունն անվանել է «մշտական հրադադարի և բոլոր պատանդների ազատ արձակման ճանապարհային քարտեզ»:
Միացյալ Նահանգները, Կատարը և Եգիպտոսը, որոնք երկար ամիսներ հանդես են գալիս որպես միջնորդ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև, երեկ կոչ են արել հակամարտության երկու կողմերին համաձայնության գալ հրադադարի շուրջ՝ հիմնվելով Բայդենի հայտարարած իսրայելական ծրագրի վրա։














