X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

«Արդարությունը երկրում շարունակում է մնալ թիվ 1 ակնկալիքը ժողովրդի շրջանում». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գլխավոր դատախազություն և մասնակցել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 106-ամյակին և Դատախազության աշխատողի օրվան նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին:

Վարչապետը հանդես է եկել ելույթով և շնորհավորել ներկաներին մասնագիտական օրվա առիթով: «Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի համար արդարությունը շարունակում է մնալ ամենամեծ ակնկալիքներից մեկը, որը, եթե դիտարկենք հանրային կարծիքի տեսակետից և տրամաբանությամբ, չենք կարողացել առնվազն լիարժեք կերպով հասցեագրել, իրագործել: Այս առումով, դատախազության դերը երկրում արդարության և արդարադատության զգացում ձևավորելու իմաստով, իհարկե, դժվար է գերագնահատել: Ընդհանուր առմամբ, ես այս խնդիրն եմ տեսնում և դնում մեր պետական կառավարման համակարգի, նաև այն մարմինների առաջ, որոնք անկախ են գործում, բայց գործում են պետական տրամաբանության սահմաններում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Սահմանադրությամբ նախատեսված ձևով: Մենք այս նպատակը ոչ մի րոպե մեր տեսադաշտից բաց չպիտի թողնենք, որովհետև արդարությունն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ ՀՀ քաղաքացիների թիվ մեկ ակնկալիքը, և շատ կարևոր է, որ դատախազությունը, քննչական մարմինները, դատական համակարգն ամեն օր իրենց աշխատանքում հենց այս նպատակն ունենան իրենց աչքի առջև»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է կառավարության կողմից այդ ուղղությամբ իրականացվող քայլերին և այդ համատեքստում ընդգծել դատախազության աշխատողների աշխատավարձերի բարձրացման կարևորությունը: Կառավարության ղեկավարը մեկ անգամ ևս նշել է՝ դա արվում է ոչ միայն և ոչ այնքան դատախազության աշխատողների, որքան քաղաքացիների համար. «Դա արվում է առաջին հերթին քաղաքացիների համար, որովհետև դատախազության, քննչական մարմինների, դատարանների կողմից մատուցվող ծառայությունների թիվ 1 շահառուն քաղաքացին է: Եվ այս ոլորտում մեր քաղաքականությունը կառուցում ենք հետևյալ տրամաբանության վրա՝ արդարությունը երկրում շարունակում է մնալ թիվ 1 ակնկալիքը ժողովրդի շրջանում և երկրում պետք է գոյություն ունենա արդարության և արդարադատության ստանդարտ: Այդ ստանդարտն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ ներդրվեն նոր և այդ քաղաքական ակնկալիքներին համապատասխանող հմտություններ, պրոֆեսիոնալիզմ, և աշխատողները նաև իրենց աշխատանքի վրա կենտրոնանալու հնարավորություն պիտի ունենան: Սա հարցի մի կողմն է, բայց կա նաև հարցի երկրորդ կողմը: Ես, օրինակ, շատ են մտածում, թե ո՞րն է այն կետը կամ բանաձևը, որով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կհամարեն, որ երկրում հաստատված է արդարություն և արդարադատություն»:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ այդ նպատակի իրագործման համար իրավապահ, դատաիրավական համակարգերը պետք է օրգանական կապով կապված լինեն ժողովրդի հետ. «Ընդունված է ասել՝ դատական համակարգն անկախ է, դատախազական համակարգն անկախ է, բայց պետք է հասկանանք` անկախ է ումի՞ց: Անկախ է կառավարությունից, անկախ է իշխանության մյուս թևերից, բայց դատախազական համակարգը և դատական համակարգը չի կարող անկախ, ինքնիշխան լինել, որը ՀՀ քաղաքացին է: Որտեղի՞ց է գալիս այդ արդարության բացակայության զգացումը քաղաքացիների շրջանում, դա գալիս է մի բանից, որ Հայաստանում դատախազական, դատական, դատաիրավական համակարգն անկախ է եղել ինքնիշխան ՀՀ ժողովրդից, ՀՀ ժողովրդի կամքից, ոչ թե ամեն գործով առանձին վերցրած, այլ՝ որպես ստանդարտ արդարության և արդարադատության օրենքի գերակայության և այլն»:

Վարչապետի խոսքով՝ մենք ունեցել ենք այն երևույթը, որ և՛ դատաիրավական համակարգում, և՛ պետական կառավարման համակարգում էլիտարիզմի տրամաբանություն է գործում. «Ի՞նչ է էլիտարիզմն այս տրամաբանությամբ, որ կառավարությունում, դատախազությունում, դատարաններում աշխատում են մարդիկ, ովքեր գտնվում են կյանքի բոլորովին ուրիշ հարթության վրա: Ես, ընդ որում, նաև գուցե սոցիալական, բայց նաև սոցիալ-հոգեբանական մասը նկատի ունեմ, այդտեղ ուրիշ մարդիկ են, որոնք կապ չունեն այն մարդկանց հետ, ովքեր ամեն օր ապրում են Իրական Հայաստանում, իրական կյանքում, և այս ճեղքն է, որ բերում է արդարության բացակայության կամ արդարության դեֆիցիտի զգացողության: Եվ ես ուրախ եմ, որ մեր, այդ թվում՝ կառավարության, դատախազության հենց ներսում տեղի ունեցող պրոցեսների արդյունքում այս էլիտարիզմի տրամաբանությունը նվազում է: Եվ տեսնում ենք, որ այսօր դատախազությունը, քննչական մարմինները, դատարանները, գուցե մի քիչ ավելի դանդաղ, բայց մոտեցնում են իրենց ժողովրդին, և օրգանական կապ է ձևավորվում ժողովրդի և դատախազական համակարգի միջև»:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս