ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ չընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկում է խորհրդարանի նախագահին օրենքի ուժով իրավունք տալ մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին:
«Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ չընդունվեց 66 կողմ, 14 դեմ, 20 ձեռնպահ ձայնով․ նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր 80 կողմ քվե:
Մինչ նախագծի քվեարկությունը, ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հիշեցրեց, որ իրենք առաջարկել էին, որ նախագծում ընդգրկվի նաեւ ԱԺ խմբակցությունների ղեկավարների՝ ԱԽ նիստերին մասնակցելու հնարավորությունը, բայց քանի որ առաջարկը մերժվել էր, Սիմոնյանը հայտարարեց՝ իրենք դեմ կքվեարկեն։
Նախագծերի հեղինակ Աննա Կարապետյանն արձագանքեց, որ խնդիրը Սահմանադրության մեջ է, քանի որ ԱԺ նախագահին սահմանադրությամբ տրված լիազորությունները նույնը չեն, ինչ խմբակցության ղեկավարինը․
«Եթե այսքանից հետո հասկանալի չի եղել ու դեմ եք քվեարկել, ձեր խնդիրն է»,- ասաց Կարապետյանը:
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը Կարապետյանի այս խոսքերից հետո խորհրդարանում կոռեկտության կոչ արեց:
Շարունակությունը՝ armtimes.com