X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Վաղուց ամեն ինչ ապացուցել եմ, պարզապես հաճույք եմ ստանում սպորտից․ Արթուր Ալեքսանյան

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում այսօր մեկնարկում են ամառային 33-րդ օլիմպիական խաղերը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Արթուր Ալեքսանյան

Հայաստանի հավաքականի ամենատիտղոսակիր մարզիկներից մեկը՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի 7-ակի և աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Փարիզ է մեկնում օլիմպիական կրկնակի չեմպիոնության հետևից:

– Արթո՛ւր, մասնակցելու եք Ձեր 4-րդ օլիմպիական խաղերին, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Փարիզ-2024-ը Ձեզ համար ինչո՞վ է առանձնահատուկ:

– Ինձ համար բոլոր օլիմպիական խաղերը ու նաև բոլոր մրցաշարերը, որոնց մասնակցել եմ, առանձնահատուկ են: Այս օլիմպիական խաղերում էլ պայքարելու եմ ոսկե մեդալի և չեմպիոնության համար:

– Երբ սպորտում նվաճում ես հնարավոր բոլոր տիտղոսները, ո՞րն է առաջ գնալու և շարունակելու մոտիվացիան:

– Զգում եմ, որ ունեմ այդ հնարավորությունը՝ պայքարելու և հաղթելու: Երևի հենց դա է ինձ մոտիվացնում: Ցանկացած մրցաշարի, անկախ թե քանի անգամ եմ այնտեղ հաղթել, տրամադրվում եմ՝ կարծես իմ առաջին հաղթանակն եմ տանելու:

– Արդյոք ինքներդ ձեզ ապացուցելու բան ունե՞ք Փարիզում:

– Ոչ, կարծում եմ՝ վաղուց ամեն ինչ ապացուցել եմ: Պարզապես հաճույք եմ ստանում սպորտից: Զգում եմ, որ կարող եմ լավ մասնակցել:

– Առհասարակ, ինչպիսի՞ն է տրամադրվածությունն, ու ի՞նչ սպասելիքներ ունեք 33-րդ օլիմպիական խաղերից:

– Ամեն ինչ լավ է: Հիմա լավ մարզավիճակում եմ: Ամբողջ տարին լավ մարզվել ու արդյունավետ հավաքներ ենք անցկացրել: Ճիշտ է՝ թեթև վնասվածքներ ունեմ, բայց այդքան շատ չեն խանգարում: Հուսով եմ՝ մինչև օլիմպիական խաղեր էլ ավելի լավ վիճակում կլինեմ:

– Ի՞նչ կասեք Փարիզ-2024-ին մասնակցող մեր օլիմպիական թիմի մասին:

– Նախորդ երեք օլիմպիական խաղերին միշտ քանակապես ավելի շատ ենք եղել, բայց որակապես հիմա, թերևս, լավագույն հավաքականն ունենք: Հուսով եմ՝ շատ մեդալներով կվերադառնանք: Բոլորն էլ մեդալի հավակնորդներ են և արժանի են մրցանակային տեղերի:

– Իսկ ինչպիսի՞ն է օլիմպիական խաղերի մթնոլորտը:

– Ինձ համար արդեն սովորական է այն ամենն, ինչ այնտեղ կատարվելու է: Երևի նաև այդ պատճառով, որ սրանք իմ 4-րդ օլիմպիական խաղերն են լինելու: Առաջին խաղերին լարվածությունը շատ մեծ էր, հիմա ավելի հանգիստ եմ:

– Օլիմպիական խաղերի չեմպիոնությունը նվաճեցիք 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում: Ի՞նչ հիշողություններ ունեք:

– Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում: Կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի:

– Ի՞նչ մրցակցություն եք ակնկալում Փարիզ-2024-ում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծանոթ եք ձեր բոլոր մրցակիցներին, և բոլորն էլ ձեզ լավ գիտեն:

– Օլիմպիական խաղերին պատահական մարզիկներ չեն լինում. պետք է վարկանիշ նվաճես, որ իրավունք ունենաս մասնակցելու: Չեմ կարող որևէ մեկին առանձնացնել: Եթե մի ըմբիշ հասել է օլիմպիական խաղեր, ուրեմն ուժեղագույններից մեկն է: Եթե ամեն ինչ հաջող դասավորվի, չորս գոտեմարտ պետք է անցկացնեմ, ու չորսն էլ ինձ համար եզրափակչի պես են լինելու:

– Հետաքրքիր է՝ ձեր յուրաքանչյուր հաղթանակից հետո որքանո՞վ է դժվար պատրաստվել հաջորդ մրցմանը: Արդյոք որոշակի լարվածություն առաջացնո՞ւմ է այն միտքը, որ ձեզանից սպասելիքները միայն ոսկու տեսքով են:

– Իհարկե, կա նման բան: Բայց, կարծում եմ, փորձն օգնում է, որ ճիշտ տրամադրվես, ու լարվածությունը չխանգարի քեզ:

–  Տարիքի հետ ինչպե՞ս է փոխվում այն էմոցիան, որ մի քանի սերունդների համար դուք մոտիվացիա եք և ոգեշնչման աղբյուր:

– Իհարկե, փորձում եմ օրինակ ծառայել ավելի փոքր սերնդի համար, իմ խորհուրդներով օգնել թե՛ մարզումների ժամանակ, թե՛ մարզումներից դուրս:

– Ոչ միայն հարազատ Գյումրիում, այլև ամբողջ Հայաստանում և սփյուռքում ձեզ բոլորը ճանաչում և ձեզ համար ցավում են: Սա ի՞նչ զգացողություններ է առաջացնում:

– Իհարկե, շատ հաճելի է: Յուրաքանչյուր մրցաշարում զգում եմ, որ ներկայացնում եմ մի ամբողջ երկիր ու ազգ: Մեր բոլոր հայրենակիցների կողմից մշտապես շատ մեծ աջակցություն եմ զգացել, ինչի համար շատ շնորհակալ եմ:

– Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ են ձեր և ձեր սերնդի հաջողությունները նպաստում, որպեսզի ավելի մեծ թվով երեխաներ ցանկանան զբաղվել ըմբշամարտով, այդ թվում՝ Գյումրիում:

– Յուրաքանչյուր մրցաշարից հետո ավելի մեծ թվով երեխաներ են սկսում հաճախել մեր մարզադպրոց: Զգում եմ, որ մեր հաղթանակներն իսկապես նպաստում են, որ երեխաներն ավելի ոգևորված գան մարզվելու:

– Իսկ երեխաներին ներգրավելու խնդիր ունե՞նք, թե՞ մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը բավարար է:

– Կարծում եմ՝ ոչ թե հետաքրքրության, այլ ենթակառուցվածքների ու պայմանների հետ կապված խնդիր ունենք: Հիմա Գյումրիում մեծ սպորտային համալիր է կառուցվում, որը մեր սպորտային քաղաքին շատ պետք է: Երևի մեկ տարուց կունենանք միջազգային չափանիշներին համապատասխան լուրջ սպորտային համալիր, որտեղ մի շարք մարզաձևերից մրցումներ ու հավաքներ անցկացնելու հնարավորություն կլինի: Կարծում եմ՝ սա մեծ խթան կհանդիսանա Գյումրիում ոչ միայն ըմբշամարտի, այլև մյուս մարզաձևերի զարգացման համար:

– Հետաքրքիր է՝ ձեր առաջին օլիմպիական խաղերից ի վեր որքանո՞վ է փոխվել թե՛ պետության, թե՛ հասարակության վերաբերմունքը օլիմպիականների նկատմամբ:

– Կարծում եմ՝ թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը միշտ էլ մեր կողքին են եղել ու ամեն կերպ աջակցել են:

– Իսկ այս ընթացքում որքանո՞վ է փոխվել Արթուր Ալեքսանյանը՝ որպես մարզիկ և որպես մարդ:

– Կարծում եմ՝ որպես մարդ չեմ փոխվել: Որպես մարզիկ՝ հաղթանակներս են ավելացել, փորձն է ավելացել: Հիմա ավելի հանգիստ եմ:

– Արդյոք փորձի հետ հուզմունքը նվազե՞լ է…

– Այո: Ամեն ինչ փորձից է գալիս:

Բլից

– Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:

– Մեկ ամբողջ օր չէ, բայց շատ մարզիկներ կան, որոնց հետ կուզեի շփվել ու խորհուրդներ ստանալ:

– Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ ձեզ տվել են:

– Չընկճվել ու պայքարել մինչև վերջ:

– Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:

– Իմ ընտանիքը:

– Ձեր կյանքի կանոնները:

– Չկան: Ինձ համար կյանքը պայքար է. պետք է միշտ պայքարենք:

– Ինչի՞ց եք վախենում:

– Վախեր չունեմ:

– Ինչի՞ն եք հավատում:

– Աստծուն:

– Ի՞նչ վերնագիր կունենար ձեր մասին գիրքը:

– Շատ վերնագրեր կարող էր ունենալ:

– Հարց, որին անպայման կուզեիք պատասխանել, բայց երբեք չեն հարցրել:

– Կարծում եմ՝ բոլոր հարցերը տվել են:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս