Լրահոս 24/7

Սա է ճանապարհը, միակ ուղին. Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է.

«Վարչապետ Փաշինյանի մամլո ասուլիսում հնչած որոշ գնահատականներ, ի պատասխան երևանյան ասուլիսի՝ Բաքվից երեկ ուշ երեկոյան հնչած ամենանշանային հայտարարությունը, թե Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին համաձայնեցված կանոնակարգը Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար բավարար հիմք է, ավելի մշուշոտ է դարձնում ոչ միայն տեսանելի ապագայում խաղաղության պայմանագրի կնքման հավանականությունը, այլև խաղաղությունն առհասարակ, եթե իհարկե չկա խոշոր ուժային կենտրոնների միջև կայուն փոխհամաձայնություն որևէ տարբերակի շուրջ, որի ստորագրմանը «կբերվեն» Երևանն ու Բաքուն: Հրապարակային դաշտում ոչ միայն չի նշմարվում խոշոր կենտրոնների փոխհամաձայնությունը, այլ հակառակը՝ նրանց միջև մրցակցությունն ու դիմակայությունը սրվում և կոշտանում է ավելի: Իսկ Կովկասը այդ դիմակայության առանցքային գոտիներից մեկն է, հետևաբար խաղաղության հեռանկարը՝ ցավոք սրտի, ենթակա է այդ դիմակայությանը, ու քանի դեռ այն շարունակվում է, Կովկասի խաղաղությունը մշտապես գտնվելու է վտանգի, ռիսկի ներքո:

Հետևաբար, Հայաստանի հանրությանը պետք է վերջ տալ խաղաղության սպասումին և մտածել ոչ խաղաղություն, ոչ պատերազմ այս պայմաններում մեր պետության կյանքը լիարժեք կազմակերպելու և ըստ այդմ խաղաղության պահպանման հնարավորությունը բարձրացնելու «սեփական ռեսուրսների» մեր քայլերի և անելիքների մասին: Հայաստանի հանրությունն այդ իմաստով գտնվում է մի հոգեբանական վիճակում, երբ անընդհատ փորձում է ստանալ «հավաստիացում», որ այլևս չի լինի ռազմական էսկալացիա, որ չի լինի հակամարտություն, որ շատ մոտ է, սարերի հետևում չէ հանգիստ կյանքը: Սա իհարկե ցանկացած հասարակության բնական, օբյեկտիվ, օրինաչափ, մարդկային ակնկալիքն ու սպասելիքն է, ցանկությունը: Ամբողջ հարցը այն է սակայն, և թերևս նույնիսկ իրավիճակի ամբողջ ողբերգականությունն այն է, որ հանգիստ կյանքը ավարտվել է ընդհուպ համաշխարհային մասշտաբով, և առայժմ նույն այդ մասշտաբով էլ տեսանելի չէ, թե երբ է ավարտվելու «անհանգիստ» կյանքը:

Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանի հանրությունը չպետք է սպասի «հանգիստ կյանքի» վերադարձի, առնվազն երկու պատճառով. նախ այդ կյանքի վերադարձը գործնականում շատ քիչ մասով է կախված Հայաստանի հանրությունից, Հայաստանի հանրապետությունից, և երկրորդ՝ համաշխարհային հորիզոններում չի նշմարվում այդ վերադարձի հուսալի և կայուն նախադրյալ: Փոխարենը, Հայաստանի հանրությունից, Հայաստանից է կախված «անհանգիստ կյանքի» համաշխարհային միջավայրի պայմաններում հասնել առավելագույն դիմադրունակության, կենսունակության, մրցունակության, հասնել հնարավորինս ինքնիշխան քաղաքականության կարողունակության, հասնել տնտեսական, քաղաքական, անվտանգային այնպիսի կառուցակարգերի, ճարտարապետության, որը թույլ կտա անհանգիստ աշխարհում ապահովել թեկուզ հարաբերական կայունություն ու կանխատեսելիությունը Հայաստանի ներսում և անմիջական սահմաններին:

Կրկնեմ, խոսքը հարաբերական հանգստության մասին է։ Հայաստանի հանրությունը պետք է գտնի իրականությանն առերեսվելու իմաստնություն ու համարձակություն և սպասի ոչ թե հանգիստ կյանքի վերադարձ, այլ ձեռնամուխ լինի անհանգիստ աշխարհում հնարավորինս արդյունավետ ու դիմադրողունակ կացութաձևերի մշակման ու դրանց շուրջ հանրային հնարավորինս լայն կոնսենսուսի՝ այդ թվում և ներքին մրցակցության հարցերում, լինի արտաքին քաղաքականություն, քաղաքականություն, թե տնտեսություն:

Հաջորդ շաբաթ Ժողովրդավարական համատեղված ուժերով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհանձնենք Եվրամիության անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու շուրջ ստորագրահավաք անցկացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։ Հայաստանում մեկնարկելու է մի գործընթաց, որը կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում պայմանավորելու է մեր երկրի հարատևությունը, ներքին և արտաքին կարևորագույն շարժերի ընթացքը, որակը, խորությունը, վերջ է դնելու անորոշություններին, հստակեցնելու է ռեգիոնում Հայաստանի, որպես ինքնիշխան երկիր տեղը, դերը, նշանակությունը, անելիքը՝ հիմնված քաղաքակրթական և արժեքային ընդհանրության հետ։

Այս աշունը ոչ միայն Հայաստանի, այլև հարավկովկասյան, եվրոպական և մերձավորարևելյան տարածաշրջանների և աշխարհամասերի համար ճակատագրական է լինելու։ Իրավիճակն այնքան փխրուն և անորոշ է, որ հոռետեսության և լավատեսության համար դույզն ինչ հնարավորություն չկա։ Այսօր իրատեսության և իրատեսականության հրամայական է և դրանից է կախված եվրոպական Հայաստանի կամ Հայաստանի եվրոպական հեռանկարը: Սա է ճանապարհը, միակ ուղին։ «Հանգիստ կյանք» չի լինելու շատ երկար ժամանակ, ու դա ոչ թե «գլուխը կորցնելու», այլ լիովին հակառակը՝ խելքի գալու ու կամքի ղողանջ է:

Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցություն
Նախագահ

Երևան, սեպտեմբերի 1, 2024թ․»

Թիվ 1

Recent Posts

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

25 minutes ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

48 minutes ago

Իսրայելը չեղարկել է բանտարկյալների ազատ արձակումը

Իսրայելը չեղարկել է ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի…

2 hours ago

Բարձր ենք գնահատում Ճապոնիայի կողմից ՀՀ-ի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված աջակցությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան…

3 hours ago

Վլադիմիր Պուտինն՝ ընդդեմ Իոսիֆ Ստալինի

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օգտագործելով ՏԱՍՍ պետական գործակալության հնարավորությունները, համերկրացիներին շնորհավորել է Հայրենիքի…

3 hours ago

Իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են․ Հանգստյան օրերին ևս կազմակերպության աշխատակիցները քաղաքացիների անվտանգության…

4 hours ago