

«Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակիցը, հղում անելով «իրավիճակին ծանոթ» երկու անանուն աղբյուրների, հայտնում է, որ սեպտեմբերի 26-ին «սպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կհանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, որպեսզի հասնի «խաղաղ բանակցությունների եզրափակիչ փուլին»՝ ինչպես ընդունված է ասել դիվանագիտական շրջանակներում:
Աղբյուրները, սակայն, չեն մանրամասնել, թե «եզրափակիչ փուլ» ասելով՝ ի՞նչ են նկատի ունենում պետական դեպարտամենտում կամ ի՞նչ հնարավոր արդյունքի կարելի է հասնել: Պետական դեպարտամենտն այդ, ինչպես նաեւ Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ որեւէ պաշտոնական մեկնաբանություն չի արել:
«Թուրանի» աղբյուրները միայն ընդգծել են, որ ոչ ավելի, քան երեք ամիս առաջ՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, իսկ վերջերս հեռախոսազրույց ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ:
Այս առումով պետական դեպարտամենտի ներկայացուցիչները հատուկ կարեւորել են այն, որ պետքարտուղար Բլինքենը ողջունել է հայ-ադրբեջանական բանակցություններում վերջին առաջընթացը՝ ներառյալ սահմանազատման հանձնաժողովների Կանոնադրության ստորագրումը:
Կա՞ Միրզոյան-Բայրամով հանդիպման հնարավորություն: ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի ելույթում արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է ամենամոտ ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամությունը: Ջեյհուն Բայրամովն իր խոսքում հայ-ադրբեջանական պայմանագրին, առհասարակա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը չի անդրադարձել:
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը չի անդրադարձել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ընդհակառակը, նա թիվ մեկ խնդիր է հռչակել զինված ուժերի կատարելագործումը: Ալիեւը խոսել է հարեւան երկրների հետ ցամաքային սահմանները փակ պահելու անհրաժեշտությունից:
Ըստ երեւույթին, պատահական չէ, որ Բաքվում սպառազինությունների ցուցահանդես է կազմակերպվել այն օրերին, երբ Նյու-Յորքում գումարվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան: Դա հստակ ուղերձ է, որ Ադրբեջանը նախապատվությունը տալիս է ուժի «իրավունքին» եւ այդ քաղաքականությունից հետքայլի մտադրություն չունի:
Իլհամ Ալիեւն, իհարկե, կարող է արտոնել, որ Ջեյհուն Բայրամովը պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ արարողակարգային հանդիպում ունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, բայց ի՞նչ արդյունք պիտի ունենա կամ կունենա նման հանդիպումը:
ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի ելույթում Ուկրաինայի նախագահ Զելենսկին դիտարկել է, որ անիմաստ է ակնկալել, որ Ռուսաստանը նստելու է բանակցությունների սեղանի շուրջ, պետք է ստիպել, որ Մոսկվան վերադառնա միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին:
Գրեթե նույն իրավիճակն է հայ-ադրբեջանական բանակցություններում: Եւ ակնկալել, որ ԱՄՆ նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ պետքարտուղար Բլինքենին կհաջողվի հասնել «եզրափակիչ փուլի»՝ չափազանցված լավատեսություն կլիներ:
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…