Լրահոս 24/7

Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու եղանակներ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպմանը։

«Հարգելի՛ նախարար Ֆիդան,

Հարգելի՛ նախարարներ և գործընկերներ,

Կցանկանայի իմ երախագիտությունը հայտնել Թուրքիային և իմ գործընկեր Հաքան Ֆիդանին Ստամբուլում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպման կազմակերպման համար։

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային խորհրդակցություններին և շփումներին։ Շարունակական և անկեղծ երկխոսությունը, մարդկանց միջև շփումների խթանումը, առևտրային և տնտեսական կապերի վերականգնումը, ինչպես նաև տարածաշրջանային նախաձեռնությունների և ծրագրերի ներառականության ապահովումը կարևոր նախապայմաններ են առկա հակադրությունների հաղթահարման և մեր երկրների միջև ավելի լավ համագործակցության, զարգացման ու բարեկեցության հասնելու համար։

Մենք խորապես հավատացած ենք, որ այս նպատակին հասնելու համար բոլոր տարածաշրջանային դերակատարների պատասխանատու մոտեցումներն ու կառուցողական ջանքերը միաժամանակ մեծապես կնպաստեն տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։

Հարգելի՛ գործընկերներ,

Որպես ներառական և ոչ խտրական տրանսպորտային կապերի երկարամյա ջատագով՝ Հայաստանն անկեղծ հետաքրքրված է մեր տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։

Տարածաշրջանային կապերի ամրապնդման վերաբերյալ մեր տեսլականը հստակ արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունում, որը Հայաստանի վարչապետը ներկայացրել է մեկ տարի առաջ։

Այս նախագծի հիմնական նպատակն է զարգացնել հաղորդակցությունները տարածաշրջանի բոլոր երկրների միջև և դրանից անդին՝ ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխների և էլեկտրագծերի վերակառուցման, կառուցման և շահագործման միջոցով։ Այս նախագծի իրականացման համար կարևոր են չորս սկզբունքներ՝ բոլոր պետությունների ինքնիշխանության և իրավասորության հանդեպ հարգանք, ինչպես նաև հավասարություն և փոխադարձություն։

Իրականացման դեպքում «Խաղաղության խաչմերուկը» կարող է դառնալ գլոբալ լոգիստիկ երթուղիների անբաժանելի մասը՝ ապահովելով ապրանքների տեղափոխման ավելի մեծ արագություն և արդյունավետություն։Ուրախ եմ ընդգծել, որ այս նախաձեռնությունը ողջունել են մեր բազմաթիվ գործընկերներ, և Իրանը նրանց շարքում առաջիններից էր։

Ունենալով փոխադարձ հանձնառություն՝ ընդլայնելու մեր առևտրային և հաղորդակցային կապերը՝ Հայաստանը ձեռնարկում է ակտիվ գործնական քայլեր Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման ուղղությամբ, գնահատում է Չաբահար նավահանգստի օգտագործման առավելությունները, ինչպես նաև աշխատում է մեր երկրների միջև ճանապարհային վճարները փոխադարձաբար նվազեցնելու ուղղությամբ։

Ավելի զարգացնելով մեր սահմանային ծառայությունների և մաքսային հսկողության հնարավորությունները հարևանների հետ՝ Հայաստանի սահմանապահ ծառայությունը 2025 թվականի հունվարի 1-ից ամբողջությամբ կստանձնի Հայաստան-Իրան սահմանային անցակետում գործողության ապահովումը։ Այս կապակցությամբ կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններին՝ այս տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության և ծառայության համար։

Հարգելի՛ գործընկերներ,

Ուրախությամբ եմ հայտնում նաև, որ Հայաստանի և Թուրքիայի միջև կամրջի համատեղ գնահատումից հետո Հայաստանն արդեն ավարտել է Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող Մարգարա սահմանային անցակետի շինարարությունը և տեխնիկական վերազինման ապահովումը։

Բացի այդ, Հայաստանն ու Թուրքիան արդեն պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Սա լրացնում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ չվերթերի հաստատման և օդային բեռնափոխադրումների արգելքները փոխադարձաբար վերացնելու մասին արդեն իսկ իրականացված որոշումները։

Հայաստանի և Թուրքիայի միջև Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապի հետ միասին անմիջապես արդյունավետ կապ կապահովի Պարսից ծոցի, Սև ծովի, Կասպից ծովի և Միջերկրական ծովի միջև:

Այս տեսլականը հաշվի առնելով, ինչպես դուք բոլորդ տեղյակ եք, մենք Ադրբեջանին առաջարկել ենք մեր երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու երկրների ինքնիշխանության և իրավասության լիարժեք հարգմամբ անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ:

Եզրափակելով՝ ես կցանկանայի վերահաստատել, որ Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է և արդեն բազմիցս ցույց է տվել իր հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանային կապուղիների զարգացմանը և իր հարևանների հետ փոխկախվածության ամրապնդմանը` հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների, մասնավորապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության և քաղաքական անկախության վրա։ Շնորհակալ եմ»։

Թիվ 1

Recent Posts

Բայրամովը հաղորդակցությունների բացման հույս է հայտնել

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ստամբուլում «3+3» տարածաշրջանային հարթակի մասնակից երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը հաղորդակցությունների բացման…

25 mins ago

ՌԴ-ն ու Իրանը պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերություններին

Ռուսաստանն ու Իրանը պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, եթե երկու երկրները հետաքրքրություն ցուցաբերեն. Ստամբուլում…

47 mins ago

Ստամբուլում հանդիպել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։…

59 mins ago

Կոբախիձեն մեկնաբանել է եվրաինտեգրման դադարեցման վերաբերյալ ԵՄ հայտարարությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կողմնակալ է համարել Եվրամիության հայտարարությունը երկրի եվրաինտեգրման դադարեցման վերաբերյալ. «Ուկրաինայում և Մոլդովայում,…

1 hour ago

Բուժառուներին անվճար կհատկացվի ևս 1 թանկարժեք դեղ

Առողջապահության նախարարությունը «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից մարդասիրական օգնություն է ստացել ԱՄՆ-ի Ամգեն ԻՆԿ. դեղագործական ընկերության արտադրության…

1 hour ago

Հյուսիսային Կորեան զորախումբ է ուղարկել Ռուսաստան

Հյուսիսային Կորեան զինվորականներ է ուղարկել Ռուսաստան. հայտարարել է Հարավային Կորեայի հետախուզությունը։ Ըստ հետախուզության տվյալների՝ հյուսիսկորեացի…

1 hour ago