X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Պատասխանատու լրագրությունն ու լրատվությունը այլընտրանք չունեն

 

Հայկական մեդիայի ամենաքննարկվող կոնֆլիկտի, հեղափոխության ձեռքբերումների և լրատվական կեղծ օրակարգի շուրջ զրուցեցինք Tiv1․am կայքի ղեկավար Էդգար Բաբայանի հետ:

2018-ին մեդիադաշտում Թիվ1-ի ամբիցիոզ մուտքին հաջորդեց տարեվերջի  ոչ պակաս  հանրային հնչեղություն ստացած  միջադեպը։ Կայքի գլխավոր խմբագրի պաշտոնից հեռացվեց Վարդ Սիմոնյանը, կայքը՝ փակվեց։ Վերջապես, ի՞նչ էր տեղի ունեցել:

Իրականում սրա մասին շատ է խոսվել և չէի ցանկանա այս թեմայի շուրջ շատ ծավալվել: Ստեղծվել էր բիզնեսի համար մի փոքր տուրբուլենտ իրավիճակ, որից օգտվելով, գլխավոր խմբագիրը կազմակերպել և ղեկավարում էր հիմնադիր տնօրենի դեմ ուղված պրոցես, որը իր համար ունեցավ  ոչ ցանկալի զարգացումներ։ Նա հեռացվեց այդ պաշտոնից, որովհետև, իմ խորին համոզմամբ, 1.5 ամսվա աշխատավարձերի համար կոլեկտիվին դրդել նման քայլի և խմբագրությունից տանել ողջ գույքն ու տեխնիկան, որը տասնյակ անգամներ գերազանցում է այդ պարտքը, ամենաքիչը բարոյական և մարդկային չէ նաև այն տեսանկյունից, երբ դու ինքդ հանդիսանում ես տվյալ կազմակերպության  30 % բաժնետեր, բայց գույքը տանում ես ու պահանջում, որ աշխատավարձները մարվեն։ Ի դեպ, բոլոր աշխատավարձները վճարված են բացի մի երկու հոգուց, որոնց հետ ունենք քաղաքացիական հայցադիմում մեր կողմից։ Մնացած անձանց հետ, կարող եմ ասել, որ և՛ ֆինանսական, և՛ աշխատանքային խնդիրները հարթված են, և մենք մինչև այժմ հրաշալի հարաբերությունների մեջ ենք։

Լուսանկարում Էդգար Բաբայանն է:

Հայաստանում 1.5 ամիսը աշխատավարձի ուշացումը այնքան բացառիկ  դեպք էր, որ կարելի՞ էր գնալ նման քայլի:

Գիտեք, մեդիայի հետ առնչվող յուրաքանչյուր մեկը ձեզ կասի, որ այդ ոլորտում ուշացումները  հասնում են նույնիսկ երեք-չորս ամիսների ․․․ եթե դու մինչ այդ ամիսը երկու անգամ աշխատավարձ ես ստանում առանց մեկ օր ուշանալու, և 1.5 ամսվա համար, լինելով թիմի փաստացի ղեկավար, ստեղծագործական և տեխնիկական ողջ խմբին տանում ես սաբոտաժի և դրդում հանցագործության (ծիծաղում է-խմբ.) ․․էստեղ մեկնաբանություններն ավելորդ են։ Ի դեպ, թողել էին մի գրություն, որի տակ ստորագրել էին բոլորը: Այդ փաստաթուղթը մեզ համար հիմք էր, որ բոլորն անցնեին կոնկրետ գույքի հափշտակության հոդվածով, բայց մեր խնդիրը Վարդ Սիմոնյանի հետ էր, և չցանկացանք մնացածին ներքաշել այս պատմության մեջ։

Այդ իրադարձություններին հաջորդեց Վարդ Սիմոնյանի կողմից նախաձեռնած ստորագրահավաքը և մեդիաէքսպանսիան ձեր անձի շուրջ։  Դուք բավականին երկար ժամանակ նրա հետ ունեցել եք ընկերական ջերմ հարաբերություններ։ Ինչո՞ւ չստացվեց ուղղակի հեռանալ և հանրային հնչեղությունից խուսափել:

Տեսեք, Տիկին Սիմոնյանը Հայաստանի լավագույն լրագրողներից և PR-ի մասնագետներից մեկն է, և ինքը այդ պահին փորձում էր կերտել զոհի կարգավիճակ։ Երբ մենք բանակցությունների ժամանակ իրեն առաջարկեցինք առանձնացնել երկու թեմաները իրարից, նա հրաժարվեց, որովհետև հանրային  հնչեղության համար  դա իրենց ձեռք չէր տալիս: Մենք ասում էինք, որ աշխատողների աշխատավարձները վճարելը տեխնիկական հարց է, և առանց բացառության վճարելու ենք, ուստի անհրաժեշտ էր տարանջատել բրենդի, մասնաբաժնի շուրջ մեր վեճը անձնակազմի աշխատավարձների թեմայից։ Նա գնաց այլ ճանապարհով, որովհետև առանց դրա վեճը կտեղափոխվեր երկու փայատիրոջ կոնֆլիկտի դաշտ և հետաքրքիր չէր լինի:

Լուսանկարում՝ Էդգար Բաբայանը, Վարդուհի Սիմոնյանը:

Արդյունքում գրեթե 300 ստորագրություն, ազատ խոսքի և մամուլի նկատմամբ ոտնձգության մեջ մեղադրանքներ։ Փողերի լվացում, կեղծ ներդրողներ, հակահեղափոխական օրակարգի սպասարկում, հարկերից խուսափում, աշխատանքային ոչ իրավական հարաբերություններսրանք մի  մասն էին հայտնի հայտարարության։ Ստորագրահավաքին միացել էին բավականին շատ մարդիկ, արդյո՞ք վիրավորական չէր այդ ցուցակում տեսնել մարդկանց, ովքեր նաև Ձեր շրջապատից էին:

Նախ ասեմ, որ այդ հայտարարությանը հաջորդեց քրեական գործերի հարուցումը, հարկային ստուգումներ, իմ բնակարանում և Թիվ1-ի գրասենյակում խուզարկություններ։ Երկու քրեական գործով եզրակացությունն այն էր, որ մեր գործողություններում որևէ հակաօրինական քայլ չկար։ Արդյունքում քրեական գործերը կարճվեցին։ Ստորագրահավաքի մասով, տեսեք, ինձ  համար երևույթը, որ իմ դեմ այդպիսի էքսպանսիա է կազմակերպվում, և ցեխային սոլիդարության մեջ փորձում են խեղդել  տրամաբանությունն ու բանականությունը, ինքնին տհաճ էր։ Միացել էին մարդիկ, ում ես մինչև այսօր բացառիկ հարգանքով եմ վերաբերվում․․բայց ասեմ նաև, որ հրաշալի գրված նամակ էր, որտեղ անուն չկար, և եթե չիմանայի որ դա ինձ էր ուղղված, հավանաբար ես նույնպես կմիանայի։

Այսօր ո՞րն է Ձեր և Վարդուհի Սիմոնյանի միջև տարաձայնության  հիմնական խնդիրը:

Տիկին Սիմոնյանը ժամանակին հանրային հեռուստատեսության եթերում վարել է «Թիվ1 Ստուդիա» հաղորդաշարը։ Մենք 2018 թվականին Հայաստանում լավագույն բրենդինգային ընկերությանը՝ «Braind» ֆիրմային պատվիրել ենք մեր ապրանքանիշի բրենդավորումը։ Վարդ Սիմոնյանը կարծում է, որ քանի որ նա 90-ականներին ունեցել է «Թիվ1 Ստուդիա» հաղորդաշար, ուրեմն մենք չենք կարող ունենալ պրոդուկտ «Թիվ1 մեդիա» անունով: Հենց այստեղ է, որ մեր կարծիքները տարանջատվում են։ Կա միջազգային պրակտիկա, օրենսդրություն, կարգավորումներ։ Մեկ օրինակ, վերջերս մեր կայքին վերադարձվեց Ֆեյսբուքյան մեր պաշտոնական էջը, որը գտնվում էր նախկին խմբագրի ձեռքում։ Մեզանից պահանջվեց մոտ երկու ամիս Facebook-ի նման մեծ կազմակերպությանը ապացուցելու, որ մեր կազմակերպությունն է էջի իրական տերը։ Հայաստանում, ցավոք, այսպիսի խնդիրները չեն կարգավորվում։ «Մտավոր սեփականության» գործակալությունը ևս հայտնել է իր դիրքորոշումը այս մասով, այնպես որ կարծում եմ  սահմանափակվենք այսքանով և շարժվենք առաջ:

Թիվ1-ի մուտքը համընկավ Հայասատանում սկիզբ առած հեղափոխությանը։ Սա զուգադիպություն էր, թե՞ դուք ի սկզբանե, որպես լրատվամիջոց, կոչված էիք սպասարկելու հեղափոխական օրակարգը։

Տեսեք, անկախ Փաշինյանների ընտանիքի նկատմամբ իմ անձնական ընդգծված լավ վերաբերմունքից, որը բացարձակապես կապ չունի հեղափոխության հետ, ես երբեք կայքի գործունեության ընթացքում թե՛ սկզբանական շրջանում, թե՛ այս շրջափուլում երբեք որևէ կերպ չեմ փորձել ազդել ինֆորմացիոն իրողությունների վրա։ Միակ սկզբունքային պահը և՛ նախկինում, և՛ հիմա այն է, որ կայքում չի կարող լինել անձնավորված, կենցաղային քննադատություն։  Ես ունեմ հստակ և՛ քաղաքացիական, և՛ քաղաքական հայացքներ, ունեմ իմ ֆավորիտները, բայց դա առանձին պատմություն է:

Ձեր ղեկավարած կայքում հայտնվում են նյութեր, որոնց այնքան էլ ակտիվ չեն անդրադառնում այլ հարթակներ, մասնավորապես՝ թմրանյութերի օրինականացման, ԼԳԲՏ համայնքի իրավունքներին վերաբերող և այլն: Ի՞նչ կասեք այս մասին:

Ինձ համար կան չափորոշիչներ, և եթե այդ նյութերը տեղավորվում են այդ տրամաբանության մեջ, ուրեմն խնդիր չեմ տեսնում: Այսօր մեր լրահոսը կազմված է հիմնականում գործընկերային նյութերից, պաշտոնական լրահոսից, ժամանացային թեմաներից։ Մենք երբեք չգնացինք «պոպուլյար», բայց «լայք բերող» ճանապարհով, չնայած դժվար է դիմանալ այդ գայթակղությանը, երբ ունես ֆինանսական խնդիրներ։

Լուսանկարում Էդգար Բաբայանն է՝ տիկնոջ հետ:

Այսօր մեդիադաշտում տեղի ունեցող երևույթները որքանո՞վ են ադեկվատ իրական մարտահրավերներին:

Գիտեք, երբ կատարվող իրադարձություններին նայում ես ոչ էմոցիոնալ տեսանկյունից, հասկանում ես, որ  գործում է ստանդարտ սխեմա։ Խոշոր մեդիակենտրոնները իջեցնում են թեմաներ կամ ֆիքսվում կոնկրետ իրադարձությունների վրա, որոնց միջոցով գեներացվում է օրակարգ, և այդ օրակարգի շուրջ ստեղծվում է բանավեճ: Հարց-պատասխան ու ստացվում է, որ տվյալ թեման կա օրակարգում, եթե նրա մասին խոսում են։ Մեկ օրինակ, առավոտից երեկո մի քանի մարգինալ պատգամավորներ խոսում են այլասերվածության քարոզից պաշտպանվելու մասին, և ստացվում է մի իրավիճակ, երբ մենք  ավելի շատ փորձում ենք պաշտպանվել մի բանից, որը հորինովի է․․ Այն պահից, երբ պատգամավորը, որպես իր խոսքերի արգումենտ, օրինակ է բերում կառավարության շենքի մոտով արտասահմանցի տրանսսեքսուալների անցնելը, ինձ համար այդ մարդը դառնում է մերժելի։ Հրապարակով մարդկանց տեղաշարժը սահմանափակե՞ն ըստ նախասիրության, ահա այսպիսի հիմար, անպտուղ, անատամ գյալաջիները լցնում են օրակարգ, և հետո իշխանություններին մեղադրում  կարևորն անկարևորից չզատելու մեջ:

Ինչպիսի՞ մեդիադաշտ կցանկանայիք տեսնել Հայաստանում:

Գիտեք, ըստ իս, եթե ես ընտրելու լինեի արհետավարժության և պատասխանատվության միջև, կընտրեի պատասխանատվությունը։ Ես այս դաշտում մեծ փորձ չունեմ, բայց իմ կարծիքով, եթե արհեստավարժության հիմքում չկա պատասխանատվություն արածի և ասածի մասով, դա կնշանակի, որ նեղ անձնական շահեր կան հիմքում։ Ես երբեմն իմ անձնական էջում շատ կոպիտ եմ արտահայտվում առհասարակ  լրագրողներին որպես հատուկ խոցելի դաս առանձնացնողների կամ մամուլը և ազատ խոսքը տոտեմացնելու դեմ: Ինձ համար լրագրողը ոչնչով ավել չէ ոչ մանկավարժից, ոչ սպայից, ոչ պետական պաշտոնյայից։ Շատ հաճախ  լրագրողները իրենք իրենց էությամբ, պահվածքով, ձևով և բովանդակությամբ իրենց վրա են ուղղում քննադատությունների  տարափ, հետո փորձում թաքնվել  կոնվենցիաների ու  ինչ-ինչ ստանդարտների ետևում։ Սրա համար է, որ ցանկացած գործում պատասխանատվությունը կարևոր է։ Մենք ունենք դասական լրագրության, պրոֆեսիոնալիզմի բացառիկ նմուշներ, որոնց վերաբերվում եմ խորին հարգանքով. նրանք բարձր են պահում  այդ կոչումը։

Դուք 15 տարի դրսում բնակվելուց հետո վերադարձաք հայրենիք և որոշեցիք մասնակցել հեղափոխությանն ու մնալ այստեղ։ 2018-ի Մայիսի 9-ին ծնվեց Ձեր բալիկը՝ Ռուզաննա-Նիկոլը, այս 1.5 տարվա ընթացքում եղե՞լ են հիասթափության, ափսոսանքի զգացումներ:

Գիտեք, բնական է՝ ոգևորության շրջանին հաջորդում է ավելի շատ աշխատելու, արարելու, ստեղծագործելու շրջանը։ Այստեղ ավելի հաճախ ես ունենում նեղվելու առիթներ, հիասթափվելու ինչ-ինչ պրոցեսներ, բայց ափսոսանքի զգացում չեմ ունեցել։ Ես վստահում եմ այսօրվա կառավարությանը, վստահում եմ անձամբ Փաշինյանին, և չնայած երբեմն տեղի ունեցող կազուսներին և կադրային դիսոնանսին, վստահ եմ, որ այս կառավարությունը կհասնի շոշափելի արդյունքների։

Հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը Ձեզ համար:

Ինձ համար դա սեփական երկրում պետության կողմից որպես քաղաքացի  պաշտպանված լինելու զգացումն է։ Ես երբեք այս հեղափոխությունից իմ ակնկալիքները չեմ կապել արագ և շոշափելի  ֆինանսական հաջողությունների կամ կախարդական փայտիկի հետ։  Ինձ համար  շատ կարևոր է  այն մթնոլորտը (ոչ ֆեյսբուքյան), որը կա երկրով մեկ։ Ինձ կոնկրետ այս հեղափոխությունը տվեց պաշտպանվածության, արդարության զգացում։ Ես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել: Փոփոխություններն ակնհայտ են․․․ Կան բազմաթիվ խնդիրներ, բայց  այս հարցում հույսներս ու հայացքներս միայն պետության վրա դնելը ճիշտ չի լինի.

Փոխվնենք, աշխատենք, ստեղծենք և ամենակարևորը այդ ամենն անենք սիրով։

Լուսանկարները՝ Էդգար Բաբայանի անձնական արխիվից:
Հարցազրույցը՝ Արտյոմ Քոսակյանի:

 

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս