

Պարզվում է՝ երեք սոցիալական էջերով՝ միասին վերցրած, մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։ Ինձ համար սա խիստ պարտավորեցնող փաստ է։ Բայց նաև հնարավորություն է, որ պետք է օգտագործել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Այս առիթով խոնարհաբար շնորհակալություն եմ հայտնում այլ ազգերի ներկայացուցիչներին, ում հետաքրքիր է իմ համեստ և փոքրիկ անձը։ Նաև՝ ամենաջերմ հայաստանյան ողջույններն եմ հղում բոլոր սփյուռքահայերին:
Իսկ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, որ հետևում են իմ սոցիալական էջերին, շատ կոնկրետ առաջարկություն ունեմ. եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի: Եվ խոսքը բոլորովին էլ ակադեմիական կրթության մասին չէ:
Խոսքը այնպիսի գիտելիքներ ձեռք բերելու մասին է, որոնք անհրաժեշտ են մեր սեփական կյանքը, մեր միջավայրը էլ՛ ավելի լավը դարձնելու համար: Սա նշանակում է մեկ տարով արձակուրդ ուղարկել մեր ինքնության՝ ամեն ինչ իմացողի և բոլորին ամեն ինչ անդադար սովորեցնողի՝ այդքան հարազատ դարձած կերպարը, և բոլոր երևույթների, իրավիճակների և իրադարձությունների նկատմամբ սեփական անձը դիրքավորել կասկածանքով՝ շարունակ ինքներս մեզ տալով հետևյալ հարցը՝ իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ:
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ տվյալ երևույթը գնահատելու համար:
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ այս աշխատանքին հավակնելու համար:
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ իմ աշխատանքը մաքսիմալ արդյունավետ կատարելու համար:
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ հարստանալու և իմ պետությունը հարստացնելու համար:
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ երջանիկ լինելու և իմ սիրելիներին երջանկացնելու համար:
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ կարծիք արտահայտելիս ծիծաղելի չլինելու համար:
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ինձ հետ պատահած դժբախտությունը արժանապատիվ կրելու համար:
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ այս պնդումն անելու համար։
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ընտանեկան բյուջե հաշվարկելու և պլանավորելու համար:
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ուրիշներին ծաղրելու, փնովելու, դատելու և դատափետելու համար:
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ամուր և սիրով լի ընտանիք ունենալու համար:
Իսկ մենք բավարար չափով գտելիք ունե՞նք ուժեղ և հարատև պետություն՝ Հայաստանի Հանրապետություն ունենալու համար:
Եթե պարզվի, որ ոչ՝ յուրաքանչյուրս առանձին և բոլորս միասին բավարար չափով գիտելիք չունենք, ապա մեկ տարվա ընթացքում կարող ենք փոխել իրավիճակը. մերօրյա տեխնոլոգիաներն ու գործիքները հաստատապես տալիս են դրա հնարավորությունը, իսկ մնացածը ընդամենը ցանկության և տեխնիկայի հարց է:
Ուստի եկեք՝
2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի
Ձեռնոց նետենք տգիտությանը
Գիտելիքը և կրթվելը դարձնենք նորաձև
Նոր հմտություններ յուրացնենք
Չկրթենք միայն՝ կրթվենք
Սովորենք մեր անձնական կյանքը և մեր միջավայրը ավելի լավը դարձնել
Սովորենք հարստանալ և հարստացնել
Սովորենք երջանկանալ և երջանկացնել
Սովորենք ուժեղանալ և ուժեղացնել
Կրթվելը նորաձև է»,- գրել է վարչապետի տիկինը:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…