

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին:
Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին զբաղեցրած պաշտոնում կատարած աշխատանքի համար և նշել, որ նրա պաշտոնավարման ընթացքում էական փոփոխություններ են տեղի ունեցել ՊԵԿ-ում, նրա աշխատաոճում և աշխատակարգում, ինչը կարևոր հանգրվան էր ընդհանուր բարեփոխումների օրակարգում:
«Ուզում եմ մի այսպիսի նրբության վրա բոլորի ուշադրությունը հրավիրել. հատկապես վերջին շրջանում ես շատ եմ ընդգծում պետական բյուջեի՝ որպես ՀՀ քաղաքացիների ընտանեկան բյուջեի հայեցակարգի հատվածը, և իհարկե, այս պրոցեսի հետ ՊԵԿ-ը և նրանում տեղի ունեցող փոփոխությունները, բարեփոխումները շատ էական դեր ունեն, որովհետև մեր ընկալումը հենց ընտանեկան բյուջեի տրամաբանության մեջ հետևյալն է. ՊԵԿ-ն ուժային պատժիչ կառույցից քայլ-քայլ պետք է վերածվի ծառայություններ մատուցող կառույցի, ինչը պարոն Բադասյանի պաշտոնավարման ընթացքում էականորեն տեղի է ունեցել: ՊԵԿ-ից Քննչական վարչության տեղափոխումը Քննչական կոմիտե այս տրամաբանությունն ունի, նաև տնտեսվարողների համար հարկերի վճարումը՝ որպես ծառայություն առավել հարմարավետ դարձնելու, տնտեսական գործունեությունն առավել թափանցիկ դարձնելու առումով»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էդուարդ Հակոբյանին և մաղթել հաջողություն ՊԵԿ նախագահի պաշտոնում: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ պրոցեսների ժառանգականությունը կապահովվի: Երկրի ղեկավարը նկատել է, որ Հակոբյանը վերջին երկու տարիներին աշխատել է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնում և ուղիղ առնչություն ունեցել ՊԵԿ-ի հետ աշխատանքի, քաղաքականությունների մշակման հետ: «Քաղաքական խնդիրը, որ դնում եմ պարոն Հակոբյանի առաջ՝ հետևյալն է. պոզիտիվ բովանդակությունը պետք է ճիշտ կառավարվի և այդ պոզիտիվ հարթության վրա մենք պետք է նոր մակարդակի բերենք ՊԵԿ-ի աշխատանքը՝ ոչ մի րոպե չշեղվելով բարեփոխումների օրակարգից և չմոռանալով, որ բարեփոխումների առանցքային նպատակը պետական եկամուտներն ապահովելն է, ինչն ակնհայտորեն ՊԵԿ-ի և, ընդհանրապես, Կառավարության առաջնային խնդիրն է»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեր երկրում փողի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն պետք է տեղի ունենա, այդ թվում՝ փողի հետ հարաբերությունների: Վարչապետն արձանագրել է, որ փողը ոչ ավել, ոչ պակաս կառավարման գործիք է և պետք չէ փողի նկատմամբ ոչ նեգատիվ վերաբերմունք ձևավորել և ոչ էլ հակառակը՝ պաշտամունք ձևավորել: «Բայց մյուս կողմից՝ պետք է մի բան արձանագրել. ի՞նչ է նշանակում՝ պետությունը զարգացած է, թե ոչ: Ամենատեսանելի ցուցիչն այն է, թե երկրում որքան փող է գեներացվում: Ինչո՞վ է Կառավարությունը տարբերվում այլ խումբ մարդկանցից, ընդամենը մի բանով. պարզ է՝ օրենսդրության և այլ հանգամանքների բերումով երկրում ամենամեծ դրամական միջոցները կառավարելու հնարավորությունն է, եթե օրինակ՝ երկրում լինի ավելի մեծ դրամական միջոցներ կառավարելու հնարավորություն ունեցող խումբ՝ Կառավարությունը և պետությունը՝ որպես այդպիսին, անխուսափելիորեն կգնա դեպի անկման: Սրանք, իհարկե, հայեցակարգային ձևակերպումներ են, բայց կարծում եմ՝ այս նրբությունները շատ կարևոր են մեր ամենօրյա աշխատանքը կազմակերպելու համար»,- նշել է երկրի ղեկավարը:
Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին անցած տարիների ընթացքում ՊԵԿ առաջնորդությունն իրեն վստահելու համար և նշել, որ համակարգը վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարել՝ հարկային, մաքսային ծառայությունների թվայնացման, դրանք հարկ վճարողներին ավելի հասանելի դարձնելու, մաքսային համակարգում երկար տևող բյուրոկրատական պրոցեսները կրճատելու առումով, ինչը նաև ազդեցություն է ունեցել կոռուպցիոն դրսևորումների կանխարգելման տեսանկյունից: «ՊԵԿ-ում ներդրվել է բարեվարքության համակարգ, ամենակարևոր ձեռքբերումներից մեկը, որ կուզեի շեշտել, այն է, որ ՊԵԿ-ը, ինչպես հարիր է հարկային և մաքսային մարմիններին, սկսել է միջազգային ստանդարտներին համահունչ ընթանալ»,- ասել է Բադասյանը և Էդուարդ Հակոբյանին մաղթել հաջողություններ:
Իր հերթին Էդուարդ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության, ինչպես նաև ՊԵԿ գործընկերներին՝ վերջին տարիների ձեռքբերումների համար:
«Մենք պետք է մեծ տեմպ հաղորդենք բարեփոխումների ընթացքին: Պատրաստ եմ իմ ողջ ներուժը ներդնել՝ դրանք առաջնորդելու, հասարակություն-ՊԵԿ կապն ամրապնդելու գործում, հարկ վճարելու մշակույթը մոտեցնելու պետականամետության կարևոր արժեքներին»,- նշել է ՊԵԿ նորանշանակ նախագահը:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…