Դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը, որի մասին առաջին տեղեկությունը հայտնել է «Անադոլուն»: Թուրքիայի նախագահի գրասենյակի տարածած տեքստը հակիրճ է եւ ավարտվում է բազմանշանակ. «Իլհամ Ալիեւը Սիրիայում ստեղծված իրավիճակի առթիվ գոհունակություն է հայտնել»:
Ժամեր անց Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը տարածել է մի ծավալուն տեքստ: Այն բացահայտում է, որ հեռախոսազրույցը կայացել է Իլհամ Ալիեւի նախաձեռնությամբ, քննարկվել են երկու երկրների ռազմավարական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները, անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական կարգավորմանը:
Ալիեւը պատրաստակամություն է հայտնել մարդասիրական աջակցություն ցուցաբերել Սիրիա վերադարձող մարդկանց, ինչպես նաեւ մասնակցել վերականգնողական ծրագրերին:
Նույն օրվա վերջին Թուրքիայի նախագահ Էրդողանը երկրում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպմանը Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորել է բաց չթողնել պատմական հնարավորությունը եւ հասնել խաղաղության պայմանագրի ստորագրման:
«Մենք գտնվում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ապահովման եզրափակիչ փուլում, մենք սատարում ենք երկկողմ բանակցություններին»,-խորհրդարանում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:
Էրդողան-Ալիեւ հեռախոսազրույցի մասին տեղեկատվությանը նախորդել է Բաքվի իշխանական լրատվամիջոցի մի հրապարակում, որի խորագիրն արդեն իսկ ինտրիգային է.
«Հաստատվեց. անցյալ ամիս կայացել են հայ-թուրքական գաղտնի բանակցություններ»: Խոսքը Գյումրի-Կարս երկաթուղային հաղորդակցության վերականգնման տեխնիկական հնարավորությունների գնահատման հարցով հայ եւ թուրք պատասխանատուների հանդիպման մասին է:
Բացառված չէ, որ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ալիեւը փորձել է հասկանալ հայկական կողմի տարածած տեղեկատվության քաղաքական խորքը, այսինքն՝ հնարավո՞ր է իրավիճակ, երբ Թուրքիան, չսպասելով հայ-ադրբեջանական կարգավորմանը, կբացի Հայաստանի հետ սահմանը:
Այս առումով խիստ խորհրդանշական է, որ Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո Իլհամ Ալիեւն ընդունել է Աստրախանի մարզի նահանգապետ Իգոր Բաբուշկինին: Այդ հանդիպման մասին որեւէ հավելյալ տեղեկություն հայտնի չէ: Բաբուշկինը ՌԴ Անվտանգության դաշնային խառայության կադրային սպա է, նախկինում պաշտոնավարել է որպես Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգում նախագահի լիազոր ներկայացուցչի տեղակալ:
Ծառայողական նման կենսագրություն ունեցող պաշտոնյան, ամենայն հավանականությամբ, ՌԴ նախագահ Պուտինից Իլհամ Ալիեւին ուղերձ փոխանցելու հանձնարարություն է ունեցել:
Սիրիայում Ասադի ռեժիմի տապալման հետեւանքով Ռուսաստանի համար ստեղծված բարդ իրավիճակի շուրջ սոցիալական X հարթակում գրառում է կատարել Կրեմլի առաջատար քաղտեխնոլոգներից Ալեքսանդր Դուգինը, որ եվրասիականության գաղափարախոսն է եւ ռուս-թուրքական ռազմա-քաղաքական սիներգիայի ջատագովը:
Նա համարում է, որ Սիրիայի հարցում Էրդողանը «հաշվարկային սխալ է թույլ տվել» եւ դավաճանել Ռուսաստանին: «Ռուսաստանն, իհարկե, Թուրքիային վնաս չի հասցնի, բայց հարկ եղած դեպքում այլեւս չի օգնի»,- դիտարկումները եզրափակել է Դուգինը:
Այս գրառումը կարելի է համարել Էրդողան-Ալիեւ հեռախոսազրույցի «հայելի»: 2018թ. Դուգինի նախաձեռնությամբ Բաքվում կայացել է «Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ հուսալի դաշնակիցն է» խորագրով գիտաժողով, որի մասնակիցները եղել են ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությունում:
Համացանցում տարածվել են 2016թ. քառօրյա մարտերից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած Լելե-թեփե բարձունքում Դուգինի եւ ադրբեջանցի զինվորականների գրկախառնությունները պատկերող լուսանկարներ: Իհարկե, Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիեւ «քիմիայի բանաձեւը» Դուգինի ստեղծածը չէ, բայց նրա գրառումը որոշակիորեն հասցեագրված է նաեւ Ադրբեջանին: Ալիեւը կկարողանա՞ «մտնել» Սիրիա:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…