«Թուրան» գործակալության տեղեկացվածությամբ՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դեկտեմբերի 26-ին փորձել է հեռախոսազրույց ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, բայց վերջինս հրաժարվել է:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, պատճառն այն է, որ նույն օրը Կադիրովը դեկտեմբերի 25-ին ուկրաինական ԱԹՍ-երի «ոչնչացման գործողությունը հաջողությամբ իրականացնելու համար» պարգեւատրել է իր զարմիկ Համզաթ Կադիրովին, որ զբաղեցնում է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:
Վկայակոչելով ռուսաստանյան « ՎՉԿ-ՕԳՊՈՒ» թելեգրամյան ալիքին, «Թուրանը» մեջբերում է Գրոզնիի օդանավակայանի դիսպետչեր Իդրիսովը ցուցմունքը, որ նա, իբր, տվել է ՌԴ Քննչական կոմիտեի կողմից իրականացվող վարույքի շրջանակներում՝ հարցաքննվելով առայժմ որպես վկա: Իդրիսովն ասել է, որ Գրոզնիի օդանավակայանը փակելու որոշում ընդունվել է, երբ ադրբեջանական «բորտն արդեն վնասված էր»:
Նույն պահին «սկսել են աշխատել նաեւ ռադիոէլեկտրոնայան պայքարի միջոցները», եւ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը «պարզապես կուրացվել է»:
Ըստ Իդրիսովի, օդանավն «արտաքին միջամտության է ենթարկվել Գրոզնիից տասնութ կիլոմետր հեռավորության վրա՝ Նաուրի շրջանի տարածքում»:
Ադրբեջանցի մեկնաբան, քաղաքական վտարանդի Միրկադիրովի հաշվարկով՝ օդանավի խոցման վայրից մինչեւ ադրբեջանական մերձակա օդանավական հեռավորությունն ուղիղ գծով «առնվազն երկու անգամ կարճ է Գրոզնի-Ակթաու տարածությունից»:
Նա գրում է, որ Ադրբեջանի հյուսիսում «առնվազն երկու միջազգային անվանված օդանավակայան է գործում՝ Զաքաթալայում եւ Գաբալայում»:
Միրկադիրովը Բաքվի ավիացիոն մարմիններին հարցադրում է անում. «Այդ օդանավակայանները գործու՞մ են: Եթե՝ այո, ապա ինչու՞ Գրոզնիից Մախաչկալա հասած ինքնաթիռն ուղղություն է վերցրել ոչ թե դեպի Զաքաթալա կամ Գաբալա, այլ՝ Ակթաու: Իսկ եթե դրանք միայն անվանական են, ապա ի՞նչ իմաստ ուներ դեռեւս 2007 թվականին կազմակերված՝ երկու միջազգային օդանավակայանների բացման հանդիսավոր արարողությունը»:
Խնդիրն այս դեպքում Ալիեւի ցուցամոլությունը կամ պետական միջոցների փոշիացումը չէ, այլ հարցը, թե Բաքվի պատկան ծառայությունները, տեղեկացված լինելով աղետի մասին, ինչու՞ անձնակազմի հետ չեն կապվել եւ վայրէջքի «չեն հրավիրել» Զաքաթալայում, Գաբալայում, Գյնաջայում: Կամ, փայլուն հարաբերություններ ունենալով Վրաստանի հետ, ինչու՞ չեն խնդրել, որ վնասված «բորտն» ընդունի Թբիլիսիի օդանավակայանը:
Ինչու՞ աղետի ժամին Չեչնիայի ղեկավար Կադիրովը չի կապվել Իլհամ Ալիեւի հետ: Չէ՞ որ նա նրան «իմ ավագ եղբայր» է անվանում: 2017 թվականին Գրոզնիում բացվել է Հեյդար Ալիեւի անվան զբոսայգի, որտեղ կանգնեցվել է նրա արձանը: Չեչնիայի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը կրում է Հեյդար Ալիեւի անունը: Բաքուն եւ Գրոզնին եղբայրական կապեր ունեն դեռեւս ղարաբաղյան առաջին պատերազմի շրջանից, իսկ այդ տարիներին Ռամզան Կադիրովը հոր հրամանատարության ներքո կռվում էր ռուսների դեմ:
Դեկտեմբերի 29-ին Իլհամ Ալիեւը Բաքվի պետական հեռուստատեսությանը հարցազրույց է տվել… «Հեյդար Ալիեւ» միջազգային օդանավակայանից: Դա խորհրդանշական է: Մանավանդ որ նա Պուտինի «ներողությունը» բավարար չի համարել, պահանջել է, որ օդանավի խորտակման համար «բոլոր մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության»: Այդ գործողության «թիվ մեկ պատասխանատուն» Ռամզան Կադիրովի կողմից արժանացել է «Չեչնիային մատուցած ծառայությունների համար» մեդալով: Ուկրաինական ԱԹՍ-երի գրոհը Կադիրովն անվանել է «ահաբեկչություն»:
Քրեական գործ հարուցված է: Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, «եթե, իհարկե, Պուտինը եւ Ալիեւը մի հայտարարի գան»,- հնարավոր է, որ Գրոզնիի օդանավակայանի դիսպետչերը դատվի: Բայց Կադիրովի հետ հեռախոսազրույցի մերժումը քաղաքական խորք ունի՞, թե՞ բացառապես «պատվախնդրության» դրսեւորում է:
Ալիեւը Գրոզնիից կեռացնի՞ հոր արձանը, նրա հանդեպ չեչենական ժողովրդի «երախտագիտությունը»: Ուկրաինական ռազմաճակատում չեչենական «Ահմատ» հատուկ զորամիավորումը Վլադիմիր Պուտինի «կախարդական փայտի՞կն» է իրոք: Գաբալայի, Զաքաթալայի օդանավակայանները նույնպես վնասված ինքնաթիռը չե՞ն ընդունել: Կամ Կասպից ծովի վրայով մինչեւ Ակթաու թռած «բորտը» չէ՞ր կարող Մախաչկալայից Բաքվի «Հեյդար Ալիեւ» օդանավակայանի «էշելոնում դասավորվել»:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան














