Լրահոս 24/7

Իգբալ Աբիլովի գործը՝ «խաղաղության պայմանագրի» հայելի

Ադրբեջանում ավարտվել է Իգբալ Աբիլովի գործով նախաքննությունը։ Այդ մասին «Թուրան» գործակալությանը հայտնել է նրա փաստաբանը։ Ակնկալվում է, որ այս շաբաթ գործը մեղադրական եզրակացությամբ կուղարկվի Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։ Աբիլովը մեղադրվում է պետական դավաճանության եւ Ադրբեջանում էթնիկ –կրոնական անհանդուրժողականություն հրահրելու մեջ։

Իգբալ Աբիլովը մասնագիտությամբ արեւելագետ է, բարձրագույն կրթություն ստացել է Մինսկի պետական համալսրանում, ապա՝ ասպիրանտուրայում, աշխատում էր թեկնածուական թեզի վրա։ Անցյալ տարվա ամռանը նա կարճատեւ արձակուրդի է մեկնել հայրենի Աստարայի շրջան, որտեղ մասնակցել է հորեղբոր որդու հարսանյաց արարողությանը եւ պատրաստվում էր վերադառնալ Մինսկ, բայց Բաքվի օդանավակայանում ձերբակալվել է։

Աբիլովը մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու եւ Ադրբեջանի դեմ լրտեսություն իրականացնելու, ազգամիջյան թշնամանք քարոզելու մեջ։ Ինչպես Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրներին հայտնի է դարձել նրա հոր պատմածից՝ Իգբալ Աբիլովի դեմ մեղադրանքի հիմքում դրված են Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության դասախոս Վարդան Ոսկանյանի հետ Մինսկից տեսակապով ունեցած մի քանի խոսակցության տեսագրությունները։

Ըստ Աբիլովի փաստաբանի՝ այդ խոսակցությունները կրել են խորհրդատվական բնույթ․ երիտասարդ ուսումնասիրողը հայ փորձառու իրանագետի հետ քննարկել է պատմական Թալիշստանի, թալիշ ժողովրդի լեզվի, մշակույթի, ավանդույքների հետ կապված հարցեր։ Ո՞վ է այդ խոսակցությունները տեսագրել, Ադրբեջանի՞, թե՞ Բելառուսի հատուկ ծառայությունները՝ խնդիրի երկրորդական կողմն է։

Էական է, որ քառասունչորսօրյա պատերազմից չորս տարի անց Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը երիտասարդ ուսումնասիրողի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնել ըստ էության Երեւանի պետական համալսարանի դասախոս Վարդան Ոսկանյանի հետ հեռավար խոսակցություններ ունենալու համար։

Այսինքն, այսօր էլ Ադրբեջանում արգելված է որեւէ, նույնիսկ հեռավար շփում ունենալ ազգությամբ հայ մարդու, Հայաստանի քաղաքացու հետ, նման քայլը որակվում է պետական դավաճանություն։ Աբիլովի դեպքում, իհարկե, գումարվում է նրա էթնիկ ծագումը, բայց մեղադրանքը, միեւնույն է, կապվում է Հայաստանի, հայ գիտնականի հետ։

Աբիլովի դեմ քրեական գործը կարելի է համարել հայ-ադրբեջանական բանակցությունների «հայելի»։ Ինչպե՞ս կարող է մի երկիր խոսել խաղաղության ձգտումների, Հարավային Կովկասում կայունության եւ համագործակցության մասին, եթե այնտեղ հատուկ ծառայությունները հետեւում են մարդկանց, արգելում, որ նրանք Հայաստանի քաղաքացու հետ որեւէ շփում ունենան։

Խաղաղությունը պայմանագրի «թուղթը» չէ, այն ամենից առաջ ենթադրում է մարդկային շփումների հաստատում։ Իսկ այդ դեպքում նախաձեռնությունը պետք է սկսվի գիտական, ստեղծագործական մտավորականության շփումներից, որ կարող են վերաճել մշտական կապերի՝ ստեղծելով հանրային այնպիսի մթնոլորտ, որ թույլ կտա ընդգրկել ավելի լայն շրջանակների։

Ադրբեջանում, ինչպես ցույց է տալիս Աբիլովի դեմ հարուցված քրեական գործը, նման մտադրություններ չկան։ Դա հարցականի տակ է դնում խաղաղության հեռանկարը, հարաբերությունների կարգավորման բանակցություններում ադրբեջանական իշխանությունների անկեղծությունը։ Աբիլովի գործն, իհարկե, հասնելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Միջազգային իրավապաշտպան կառույցներն արդեն իսկ նրան ճանաչել են քաղբանտարկյալ, խղճի կալանավոր։

Բայց դա բավարար չէ։ Ադրբեջանում իշխող ռեժիմը միջազգայնորեն պետք է ճանաչվի ոչ լեգիտիմ եւ ռասիստական։ Եթե առայսօր այդ վերաբերմունքը ֆորմալ ձեւակերպում չի ստանում, ապա մեղքի մեծ բաժին ունեն ադրբեջանցի իրավապաշտպանները, որ շարունակում են լռել Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին։ Երբ հաղթահարվի այդ կարծրատիպը, երբ ադրբեջանցի իրավապաշտպանը համարձակություն ունենա խոսել Բաքվում պահվող հայ ռազմագերու իրավունքների մասին, այդ ժամանակ էլ Ալիեւի ռեժիմը ճաք կտա։

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

43 minutes ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

2 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

3 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

4 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

4 hours ago

Իսրայելը չեղարկել է բանտարկյալների ազատ արձակումը

Իսրայելը չեղարկել է ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի…

5 hours ago