Լրահոս 24/7

Ալիեւի «գլուխը՝ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների կառափնարանին»

Փետրվարի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամեդ Բաղեր Գալիբաֆին: Վերջին մոտ մեկ ամսում իրանա-ադրբեջանական հարաբերությունները նշանավորվել են մի քանի բարձր մակարդակի փոխայցելություններով, որոնցից առանցքայինը, թերեւս, արտաքին քաղաքական հարցերով Իլհամ Ալիեւի օգնական Հաջիեւի եռօրյա ուղեւորությունն էր Թեհրան:

Այդ ընթացքում Հաջիեւը հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ահմադիանի եւ նախագահ Փեզեշքիանի հետ, որին փոխանցել է Բաքու այցի պաշտոնական հրավեր: Հաջիեւի թեհրանյան հանդիպումներն, ըստ այդմ, հետապնդել են մի նպատակ՝ շոշափել Իրանի հոգեւոր առաջնորդի եւ աշխարհիկ նախագահի տրամադրությունները: Ըստ երեւույթին, այդ հարցում Իրանի բարձրագույն իշխանությունը եթե ոչ լիովին համակարծիք է, ապա առնվազն սկզբունքային տարաձայնություններ չունի:Իրանի եւ Ադրբեջանի բարձր մակարդակի շփումներն, անկասկած, ներգրվում են Ռուսաստան-Իրան համապարփակ համագործակցության պայմանագրի ստորագրման աշխարհաքաղաքական համատեքստին, որովհետեւ ռուս-իրանական առեւտրա-տնտեսական հաղորդակցության իրականացման այսպես կոչված «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի արեւմտյան ուղղությունն անցնում է Ադրբեջանի տարածքով: Նման որոշում կայացնելու համար խորքային ի՞նչ շարժառիթներ ունեն կողմերը: Իրանը, ինչպես միջազգային փորձագիտական հեղինակավոր կենտրոններն են գնահատում, գտնվում է Իսրայելի կողմից հարձակման ենթարկվելուց «հինգ րոպե պակաս» ռեժիմում: Ու թեեւ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ կգերադասեր Իրանի միջուկային ծրագրի հարցը կարգավորել փաստաթղթի, այն է՝ դիվանագիտական համաձայնության միջոցով, ոչ ոք վստահ չէ, որ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն «չի անտեսի այդ «խնդրանքը» եւ չի ռմբակոծի Իրանի միջուկային օբյեկտները»:

Իրանը մշտապես կասկածել է, որ Ադրբեջանն իր տարածքի ռազմական ենթակառուցվածքները կարող է տրամադրել Իսրայելին: Բաքուն հավաստիացրել եւ հավաստիացնում է, որ իր տարածքից Իրանի դեմ սպառնալիք չի ստեղծվի: Իհարկե, այդ հայտարարությունը գին ունի. Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է, որ Իրանը Սյունիքում Նախիջեւանի հետ հաղորդակցության հարցում «ավելի ընկալունակ կգտնվի»:

Ալիեւ-Գալիբաֆ հանդիպմանը, ինչպես Բաքվի լրատվամիջոցներն են հաղորդում, կողմերը կարեւորել են, որ տարածաշրջանի հարցերի կարգավորման օպտիմալ ձեւաչափը 3+3-ն է: Այն ենթադրում է, որ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական եւ ներտարածաշրջանային ստատուս-քվոն պետք է համաձայնեցնեն մի կողմից Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը, մյուս կողմից՝ Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը:

Ալիեւը եւ Գալիբաֆը համակարծիք են, որ արտատարածաշրջանային ուժերը չեն կարող խառնվել Հարավային Կովկասում կարգավորումներին: Ի՞նչ վստահության վրա է կառուցված այս պնդումը՝ կարելի է ենթադրել. եթե Ուկրաինայի հարցում ռուս-ամերիկյան համապարփակ համաձայնություն կայանա, ապա Եվրամիությունը «խաղից դուրս է մնում» նաեւ Հարավային Կովկասում:

Խնդիրը, սակայն, այդքան միանշանակ բացատրություն չունի: Բանն այն է, որ Թուրքիան եւ Ուկրաինայում, եւ հատկապես Գազայում պահանջում է իր «արդարացի մասնաբաժինը»: Այս դեպքում Անկարան մարտահրավեր է նետում թե Մոսկվային, որից ակնկալում է առնվազն Ղրիմի «համատեղ կառավարում», թե հատկապես Վաշինգտոնին՝ ընդդիմանալով Գազայի յուրացման Թրամփի ծրագրին: Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հետ Էրդողանի դիվանագիտական «պատերազմը» չի կարող չշոշափել Ադրբեջանի խնդիրը: Ո՞ր «ճամբարում» է Իլհամ Ալիեւը, Ռուսաստանի՞, թե՞՝ Թուրքիայի:

Ալիեւի իշխանության հիմքը Մոսկվայի եւ Անկարայի երաշխավորությունն է: Այժմ նա փորձում է ստանալ նաեւ Թեհրանի համաձայնությունը եւ փաստացի «գլուխը դնում է ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների կառափնարանին», որովհետեւ դրանք, գուցե, Իրանի շահերին գոնե այս փուլում համապատասխանում են, բայց արմատական հակասության մեջ են Թուրքիայի տարածաշրջանային եւ գեոքաղաքական նկրտումների հետ: Ադրբեջանի նախագահի վարքը չափազանց ուշագրավ է հենց այդ առումով. նա ցրում է տպավորությունը, որ գտնվում է թուրքական «արտաքին կառավարման» ներքո եւ, կարծես, հրապարակայնացնում, որ ավելի մեծ կախվածություն ունի Մոսկվայից: Վերջին հինգ-վեց տարիների իրադարձությունները գնահատելու եւ ավելի հաշվարկված որոշումներ ընդունելու համար այս բացահայտումը Հայաստանը պետք է արդյունավետորեն օգտագործի: Այդ թվում՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

1 hour ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

2 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

2 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

2 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

2 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

2 hours ago