

Ինչպես հաղորդում է «Անադոլուն», փետրվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստ է գումարել, որ տեւել է մոտ չորս ժամ, որից հետո նրա գրասենյակը գրավոր հայտարարություն է տարածել: Ըստ այդմ, Էրդողանը հանգամանալի ներկայացրել է Մալայզիա, Ինդոնեզիա եւ Պակիստան այցի արդյունքները, կարեւորել, որ ընդհանուր առմամբ ստորագրվել է միջպետական եւ միջկառավարական մակարդակների 48 փաստաթուղթ:
Թուրքիայի նախագահի անունից տարածված հայտարարության, թերեւս, ամենաուշագրավ հատվածը վերաբերում է Եվրամիությանը: Էրդողանի գնահատմամբ՝ «լիբերալ դեմոկրատիան, որ անցյալ դարում համարվում էր բոլոր խնդիրների լուծման դեղատոմս, այլեւս սպառել է իրեն»: Նա ասել է, որ իր «կանխատեսումները հաստատվում են» եւ վկայակոչել է եվրոպական մի քանի երկրներում վերջին ընտրությունների արդյունքները: Էրդողանի ներկայացմամբ՝ Եվրոպայում լիբերալ դեմոկրատիայի ճգնաժամի թողած «վակուումը լցնում են աջ ծայրահեղական ամբոխավարները»:
Էրդողանը մատնանշել է, որ այդ ուժերը դավանում են իսլամատյացություն, դեմ են միգրացիային, հանգամանք, որ «խորացնում է լիբերալ դեմոկրատիայի ճգնաժամը՝ տնտեսությունից մինչեւ միջազգային վարկանիշի կորուստ»: Եվրամիությունը «փակուղուց փրկելու միջոց» նա առաջարկել է Թուրքիայի լիիրավ անդամակցությունը: «Միայն Թուրքիան, Թուրքիայի լիարժեք անդամակցությունը կարող է Եվրամիությանը փրկել փակուղուց»,- ամփոփել է Էրդողանը:
Եվրամիությունն, իրոք, լավագույն ժամանակներ չի ապրում:
Ռուսաստանյան փորձագետներն արդեն իսկ արձանագրում են Արեւմուտքի «ամբողջականության մասնատումը»: Ուշագրավ է, որ Էրդողանը կառավարության նիստ է գումարել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին ընդունելուց հետո, իսկ ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանն ասել է, որ Անկարան «ԲՐԻԿՍ-ին անդամակցելու պաշտոնական առաջարկություն չի ստացել:
Հասկացվում է, որ Ռուսաստանի արտգործնախարարը շոշափել է եվրասիական «ինտեգրացիոն ծրագրերին ներգրավվելու» Թուրքիայի մտադրությունը, բայց որոշակի պատասխան չի ստացել: Պարզություն մտցրել է Էրդողանը՝ Եվրամիությանն առաջարկելով «փրկության» իր առաջարկությունը:
Թուրքիայի նախագահը Եվրամիությանն իր երկրի լիարժեք անդամակցության հարցն ակտուակացնում է, ինչպես ասում են՝ ճիշտ տեղում եւ ժամանակին, բայց ԵՄ-ի հետ Անկարան լուրջ տարաձայնություններ ունի՝ կապված Կիպրոսի հյուսիսի օկուպացիայի հետ: Էրդողանը պնդում է, որ Կիպրոսի խնդիրը պետք է կարգավորվի «երկու պետություն» սկզբունքով, այսինքն՝ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» միջազգային ճանաչման միջոցով: Եվրամիությունը Կիպրոսը ճանաչում է ամբողջական պետություն:
Ուկրաինայի հարցում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Եվրամիության համար լրջագույն փորձություն է: Բայց որքանո՞վ է հավանական, որ Բրյուսելում Էրդողանի «փրկության» առաջարկը կընդունվի: Մանավանդ որ Թուրքիայի նախագահը Եվրամիության համար «փակուղային» է գանահատում «իսլամատյացությունը» եւ միգրացիոն սահմանափակումները:
Թուրքիան շուրջ 90 միլիոն բնակչություն ունի, եւ ոչ ոք չի կարող վստահ լինել, որ ԵՄ-ին անդամակցության դեպքում միլիոնավոր թուրքեր չեն նախընտրի ապրել եւ աշխատել եվրոպական երկրներում: ԲՐԻԿՍ-ի մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարարի դիտարկումը, կարծես, հասցեագրված է Եվրամիությանը: Այն իմաստով, որ Անկարան «միշտ այլընտրանք ունի» կամ ցանկացած իրավիճակում կարող է գտնել, բայց կնախընտրեր զարգացման հեռանկարը կապել եվրաինտեգրացիայի հետ:
Դիտարժան է, որ, ըստ տեղեկությունների, մարտի 4-5-ին Սամարղանդում գումարվելու է Եվրամիություն-Կենտրոնական Ասիա գագաթաժողով: Կենտրոնական Ասիայի երկրներից Ղազախստանը, Ուզբեկստանը եւ Ղրղըզստանը Թուրքական պետությունների կազմակերպության լիարժեք, իսկ Թուրքմենստանը դիտորդ անդամ են: ԵՄ հետ քննարկումներում Թուրքիան կարող է օգտագործել նաեւ այդ հանգամանքը: Երեւում է, ռուս-ամերիկյան ենթադրվող գործարքից Թուրքիան իր համար առարկայան քիչ շահ է տեսնում եւ փորձում է պակասը լրացնել Եվրամիության հետ սեփական գործարքով:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…