Լրահոս 24/7

Պատմա-քաղաքական «բանավեճի» սպառնալիքը

Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտը փոթորկված է: Բոլորը Երեւանում Ֆրանսիայի դեսպանին «ստախոս» են անվանում, որովհետեւ ասել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչել ԱՊՀ կազմավորման Ալմա-Աթայի Հռչակագրով՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին: Կան ավելի հեռու գնացողներ, որ դեսպանի այդ արձանագրումը որակում են Ֆրանսիայի նախագահ Մակրոնին «պատմական պատասխանատվությունից ապահովագրելու» փորձ. չէ՞ որ 2022 թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի «փաշինյանական դավաճանության կնքահայրը նա է եղել»:

Ոչ ոք չի փորձում խորանալ Ֆրանսիայի դեսպանի այդ հայտարարության մոտիվացիայում, անտեսվում է, որ նա ասել է, որ պետք է գործել՝ չեզոքացնելու Հայաստանի սպառնալիքները: Պետք է լուրջ, լրջագույն ուշադրություն դարձնել Ֆրանսիայի դեսպանի հայտարարության ժամանակին: Այն արվել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ռուս-ամերիկյան բանակցություններից հետո:

Միջազգային քաղաքականությունը միշտ էլ «գործարքներ» ենթադրել եւ ունեցել է, բայց Թրամփ-Պուտին երկխոսությունը վերջին ութ տասնայկաներին նախադեպ չի ունեցել, երբ պատերազմ սանձազերծած երկիրն այդքան բաց պահանջի, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները պետք է ծառայեն իր շահերի «օրինականացմանը», հակառակ դեպքում Ուկրաինան ամբողջովին կմասնատվի եւ կդադարի որպես անկախ պետություն:

Քառասունչորսօրյա պատերազմը, որ սանձազերծել է Ադրբեջանը, կարծես թե «ուժի իրավունքի» հաստատման հիման վրա «նոր աշխարհակարգ կառուցելու նախերգանք» է: Ամենեւին էլ պատահական չէ, որ Ուկրաինայի դեմ «հատուկ ռազմական գործողություն» սկսելուց երկու օրա առաջ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հենց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին է ընդունել, ոչ թե «միութենական պետության» մաս կազմող Բելառուսի առաջնորդին կամ Հյուսիսային Կորեայի բռնապետ «ընկեր Կիմին»:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ եռամսյա պաուզայից հետո Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման պայմանագրի «նոր առաջարկություններ է ներկայացրել»: Փորձագետները նկատել են տալիս, որ մի քանի օր առաջ Միլլի մեջլիսի փոխխոսնակ Ասկերովն ասել է, որ հայ-ադրբեջանական պայմանագրի չհամաձայնեցված կետերից մեկը վերաբերում է Հայաստանի սահմանադրությանը, մյուսը՝ «Զանգեզուրի միջանցքին»:

Ստեղծված իրավիճակում, երբ Ռուսաստանը պնդում է, որ չի հրաժարվի Ուկրաինայում տարածքային նվաճումներից, ընդհակառակը՝ պահանջում է, որ Ուկրաինան զորքերը դուրս բերի եւս երկու մարզից, Բաքուն, ըստ քաղաքական տրամաբանության, ցանկացած հնարավորություն օգտագործելու է, որպեսզի Հայաստանի հետ սահմանազատում իրականացվի նվազագույնը «շփման գծի» սկզբունքով:

Դժվար է ասել, թե Հայաստանի ընդդիմությունը Ֆրանսիայի դեսպանին քննադատում է ռուս-ամերիկյան «գործարքը» պաշտպանելու համար, բայց քաղաքական կոնտեքստը դա է հուշում: Մանավանդ նա պնդում է, որ Փաշինյանից առաջ Հայաստանի ոչ մի իշխանություն Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել որպես Ադրբեջանի մաս:
Խորքային իմաստով դա ընկալվում է այնպես, որ պաշտոնական Երեւանն ավելի քան քառորդ դար, կոպիտ ասած՝ «թքած է ունեցել» ՄԱԿ-ի Խարտիայի, Հելսինկյան եզրափակիչ ակտի, Ալմա-Աթայի հռչակագրի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերի վրա եւ առաջնորդվել է «ուժի իրավունքի» գերակայությամբ՝ փորձելով Ադրբեջանին պարտադրել, որ ընդունի հաղթող կողմի նախապայմանները:

Ադրբեջանի պաշտոնական խոսույթով՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմը «հայրենական» էր, որը «վերականգնել է միջազգային իրավունքի գերակայությունը եւ պատմական արդարությունը»: Իլհամ Ալիեւը, ի տարբերություն հայ ազգային-հայրենասերների, օգտագործում է բացառապես դիվանագիտական-ենթատեքստային ձեւակերպումներ, բայց դիտողունակ փորձագետի համար դժվար չէ հասկանալ, որ նա «հաղթողի իրավունքով» Հայաստանին տարածքային պահանջներ է ներկայացնում:

«Հայաստանը երբեք Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի մաս» քարոզչական մանտրան միայն ներքի՞ն հասցեատեր ունի: Դժվար է հավատալ: Հակառակ պարագայում Իլհամ Ալիեւը հայ-ադրբեջանական պայմանագրի «նոր առաջարկությունները» չէր ներկայացնի Հայաստանի ներքաղաքական կյանքի այս անոմալիայի պայմաններում: Դա ինքնին սպառնալիք է:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Վազգեն Թևանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը…

3 hours ago

Վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ նշելով, որ վերջին զանգը ոչ ոք…

3 hours ago

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող օբյեկտներին

Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին…

3 hours ago

ԱՄՆ-ն չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք բավարար չենք ծախսում պաշտպանության վրա. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,…

4 hours ago

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ

Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին…

4 hours ago

Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման հարցը չի քննարկվում. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս պահին Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման…

4 hours ago