«Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր Տիգրան Պետրոսյանը հրապարակել է 2020թ. հոկտեմբերի 19-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի «նամակը», որտեղ նա ասում է, որ խորհրդակցել է Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների հետ, ստացել նրանց աջակցությունը եւ դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին «տարածաշրջանում ընթացող լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված մարդասիրական աղետի պայմաններում պատերազմն անհապաղ դադարեցնելու առաջարկով»:
Արայիկ Հարությունյանը, հիմնավորելով, որ «Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության անվտանգության հիմնական երաշխավորն է (իսկ «ոչ հիմնական երաշխավորն» ո՞վ էր)… եւ փաստացի չի մասնակցում բանակցություններին», դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «գործադրելու բոլոր հնարավոր ջանքերը՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության կողմից նախկինում առաջարկված եւ քննարկված փաստաթղթերի հիման վրա պատերազմական գործողություններն անհապաղ կասեցնելու եւ բանակցային գործընթաց վերսկսելու ուղղությամբ»:
Ըստ Տիգրան Պետրոսյանի, այդ փաստաթղթին ինքը ծանոթացել է պատերազմից հետո եւ երբ հետաքրքրվել է, թե իսկ ի՞նչ է հետեւել դրան, Արայիկ Հարությունյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցել է Ազգային ժողովի հետ, որտեղ իշխանություն-ընդդիմություն էին «խաղում եւ ասել են, որ մինչեւ վերջ պայքարում ենք»: Տիգրան Պետրոսյանը հավելել է, որ Արայիկ Հարությունյանն իրեն ասել է նաեւ այդ նամակը ՀՅԴ խմբակցության կողմից չստորագրելու պատճառը, բայց ինքը չի ասի դա, «թող այդ հարցին Արցախի դաշնակները պատասխանեն»:
Դաշնակցությանը ոչ միայն կարելի է, այլեւ պետք է քննադատել ԼՂ կարգավորման, պատերազմի եւ խաղաղության հարցում դիրքորոշման , հետպատերազմական Ստեփանակերտում ծավալած քարոզչության համար, բայց տպավորություն ստեղծել, թե Արցախի ԱԺ-ում նրա խմբակցության ստորագրության բացակայությունը որեւէ ազդեցություն ունեցել է այդ բախտորոշ իրավիճակում, ակնհայտ չափազանցություն է եւ ենթատեքստային վերագրում:
Խնդիրն այն է, որ պատերազմը դադարեցնելու բանակցություններ մեկնարկել են Նիկոլ Փաշինյանին Արայիկ Հարությունյանի սույն նամակից ավելի քան տասը օր առաջ՝ Մոսկվայում, որտեղ կայացել է Լավրով-Մնացականյան-Բայրով հանդիպում: Ընդ որում, այն սկսվել է հոկտեմբերի 8 –ին եւ շարունակվել 9-ին: Այնուհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպել են Փարիզում, ապա՝ Վաշինգտոնում: Եզրափակիչ բանակցությունները պետք է կայանային հոկտեմբերի 26-ին՝ Ժնեւում, բայց այն ձախողվել է:
Կոնկրետ այս դեպքում, սակայն, հետաքրքիր է երկու հանգամանք. ի՞նչ «քեյսով» է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը 2020թ. հոկտեմբերի 9-ի երեկոյան Մոսկվայից Երեւան վերադարձել: Դատելով հաջորդ օրը ՌԻԱ-Նովոստիին տված Իլհամ Ալիեւի հարցազրույցից, Ադրբեջանը պատերազմական գործողությունների դադարեցման երկու նախապայման է առաջադրել՝ ներկայացնել Հայաստանի վարչապետի ստորագրությամբ հաստատված՝ ԼՂ շուրջ բոլոր տարածքներից հայկական զորքերի դուրսբերման գրաֆիկ եւ «ազատագրվող տարածքների ցանկում» ներառել նաեւ Շուշին:
Այս առաջարկությունները կամ, եթե կուզեք՝ «ուլտիմատումը» Մոսկվայում Զոհրապ Մնացականյանին ներկայացվե՞լ է, հարցը քննարկվե՞լ է: Արայիկ Հարությունյանը Լավրով-Մնացականյան-Բայրամով հանդիպման մասին տեղեկացվա՞ծ է եղել, ԱԺ խմբակցությունների ղեկավարներին իր ունեցած ինֆորմացիան փոխանցե՞լ է:
Եթե այս եւ բազմաթիվ այլ խորքային շերտեր չեն քննարկվել, ապա Արայիկ Հարությունյանի նամակ-առաջարկությունը հեղինակման պահին իսկ քաղաքական նշանակություն չի ունեցել, իսկ այսօր՝ առավել եւս: Ի՞նչ իմաստ ունի այդ կարգի «փաստաղթերի» շրջանառումը: Գոյություն ունեն իրողություններ. պատերազմը կանխելու գինը ԼՂ շուրջ հինգ տարածքների առանց նախապայմանների Ադրբեջանին վերադարձնելն էր: Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին որեւէ խոսք չէր կարող լինել: Արդեն սկսված պատերազմը կանգնեցնելու գինը բոլոր տարածքների Ադրբեջանին վերադարձնել էր՝ Շուշիով հանդերձ: Ստեփանակերտը, քանի որ պատերազմն ավելի շատ «իր մաշկին էր մոտ», պետք է այդ ծանրագույն պատասխանատվությունը վերցներ իր վրա եւ ուղղակի դիմեր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Մնացածը պատմության համար «ալիբի ստեղծել» է: Այս առումով ՀՅԴ-ն ավելի ազնիվ է գտնվել:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Տուգանային 9 միավորը 13 դարձնելու նախաձեռնությունն առաջացել է վարորդների խնդրանքով: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի…
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 3-ին այցելել է Արարատի մարզում կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարան։…
Հունգարիան արգելափակել է ԵՄ փաստաթղթի նախագիծը, որը նախատեսում էր անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար և ռազմական…
ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանին արտաքսում է սպառնում։ «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան` ԱՄՆ Միգրացիոն…
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանը…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարել է, թե Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո նրա մտքերի…