Վախենում է տգետից, հավատում՝ Աստծուն, իսկ իր թույլ և ուժեղ կողմն է համարում բարությունը։
Խաչատուր Սուքիասյան/այցեքարտ
- Տնտեսական և քաղաքական գործիչ, հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր
- ծնվել է 1961 թ. Երևանում։
- Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է Աբովյանի «Սիրիուս» գործարանում` որպես փականագործ։
- Աշխատանքային գործունեությանը զուգահեռ 1980-1985 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետում ճարտարագետ-սիստեմատեխնիկ մասնագիտությամբ։


- 1985 թ. – ինստիտուտն ավարտելուց հետո, նշանակվում է «Սիրիուս» գործարանի տեղամասի պետ, այնուհետև` արտադրության պետ, իսկ 1989 թ. նշանակվում է տնօրեն։ 1991-1992 թթ. աշխատել է որպես «Վան» գործարանի տնօրեն։ Եղել է Ինֆորմատիկայի միջազգային ակադեմիայի թղթակից անդամ։
1992-1994 թթ. – աշխատել է Հայաստանի արդյունաբերության նախարարությունում` որպես արտաքին տնտեսական կապերի գլխավոր վարչության պետ, նախարարի խորհրդական։
Այնուհետև ամբողջովին զբաղվում է ընտանեկան բիզնեսով, որի սկիզբը դրվել է դեռ 1987 թվականին, երբ Խորհրդային Միությունում թույլատրվեց կոոպերատիվների գործունեությունը։ - 1996 թ. – ընտանիքին պատկանող բոլոր արտադրական, շինարարական ձեռնարկություններն ու սպասարկման օբյեկտներն ընդգրկվում են «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ում, որի նախագահն է եղել մինչև 2005 թ., երբ ՀՀ Սահմանադրության նոր տարբերակի համաձայն հրաժարական է տալիս կոնցեռնի նախագահի պաշտոնից և մնում այդ կառույցում որպես ձեռնարկությունների բաժնետեր։


Լուսանկարում՝ Խաչատուր Սուքիասյանը տիկնոջ հետ
- «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի հսկիչ փաթեթը պատկանում է Սուքիասյանների ընտանքին։ Այս բանկի բաժնետերերից է նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը (25 տոկոսը)։
- Խաչատուր Սուքիասյանը հանդիսանում է inLOBBY GmbH ընկերության նախագահը։ Ընկերությանն է պատկանում առցանց հյուրանոցային պատվերների ամրագրման գլոբալ համակարգ։
- 1999 թ. – Երևանի թիվ 12 ընտրատարածքից, 2003 թ. թիվ 15 ընտրատարածքից, այնուհետև 2007թ. թիվ 10 ընտրատարածքից ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Խաչատուր Սուքիասյանը եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի անդամ, մասնակցել է նաև Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին։
2008 թ. մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ ներգրավվել էր որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով։
2009 թ. – հրաժարական է տվել և վայր դրել ԱԺ պատգամավորական մանդատը։ - Խաչատուր Սուքիասյանն ամուսնացած է, ունի երկու երեխա։


Լուսանկարում՝ Խաչատուր Սուքիասյանը որդու հետ
- Սուքիասյանների ընտանիքում չորս եղբայր են եւ մեկ քույր։ Խաչատուր Սուքիասյանը եղբայրներից ավագն է։ Սուքիասյանների հայրը` երջանկահիշատակ հայտնի գործարար Ալբերտ Սուքիասյանը, ծնվել է Երեւանում, իսկ մայրը ծնվել է Բաթումիում։


Լուսանկար՝ Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանեկան արարողությունից
- Սուքիասյան եղբայրները նաեւ բիզնես գործընկերներ են. հյուրանոցային, առեւտրային համալիրներ, «Սիլ պլազա», սննդի կետեր, հագուստի խանութ, կահույքի, հյութերի արտադրամաս, բանկ. այս ամենը պատկանում է Սուքիասյանների ընտանիքին։


Լուսանկարում՝ Խաչատուր Սուքիասյանը թոռնիկների հետ
- Եղբայրները ղեկավարում են նաեւ բարեգործական հիմնադրամը. «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի կողմից պարբերաբար իրականացվում են տարաբնույթ բարեգործական ծրագրեր, այդ թվում` սոցիալական եւ կրթական` հիմնադրամին տարեկան հատկացված բյուջեի շրջանակներում: Ավանդույթ են դարձել նաեւ ամանորյա բարեգործական ծրագրերը: