

Մուսուլմանական պահքի՝ ռամազան ամսվա, վերջին օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել իսլամադավան մի շարք պետությունների՝ Կատարի էմիրի, Եգիպտոսի եւ Իրանի նախագահների, Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավարի, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահի հետ: Այդ մասին հայտնում է «Անադոլուն»՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի մամուլի եւ կոմունիկացիաների վարչության պաշտոնական հաղորդագրությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Էրդողանի հեռախոսազրույցի մասին թուրքական կողմը տարածել է այս հաղորդագրությունը. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են հարաբերություններ զարգացնել «Մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքի շրջանակներում»:
Այնուհետեւ ասված է, որ հեռախոսազրույցի ընթացքում «քննարկվել են Թուրքիայի եւ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր»: Ընդսմին, նույն տեղում կրկին շեշտված է, որ Էրդողանն ընդգծել է, որ երկու երկրները «կշարունակեն ամրապնդել համագործակցությունը՝ հետեւելով «Մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքին:
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Էրդողանը եւ Ալիեւը «մտքեր են փոխանակել թուրք-ադրբեջանական կապերի շուրջ, որ հենվում են եղբայրական եւ դաշնակցային հարաբերությունների վրա եւ մոտ ապագայում նոր հանդիպման հույս հայտնել»: Բաքվի տարածած հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը եւ Ալիեւը նաեւ միմյանց շնորհավորել են ռամազանի ավարտի կապակցությամբ։
Պաշտոնական հաղորդագրությունների տոնայնության եւ հեռախոսազրույցի մանրամասնությունների վերաբերյալ առկա է ակնհայտ տարբերություն: Բաքուն, մասնավորապես, թուրք-ադրբեջանական հարաբերությունների հիմք չի մատնանշել «Մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքը, խոսք չկա այն մասին, որ կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրներ:
Թուրքական կողմն իր հերթին չի արձանագրել, որ զրուցակիցները մոտ ապագայում հանդիպման հույս են հայտնել, ինչպես նաեւ չի անդրադարձել ռամազանի ավարտի առթիվ Էրդողանի եւ Ալիեւի միջեւ շնորհավորանքների փոխանակմանը:
Կարճ հաղորդագրության մեջ երկու անգամ շեշտելով, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները հիմնված են «Մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքի վրա եւ հետագա հարաբերությունները «շրջանակելով» այդ դիրքորոշմամբ, Թուրքիայի նախագահը, կարծես, նկատել է տալիս, որ Ադրբեջանի նախագահն իրեն թույլ է տալիս «ռամազանին գինի խմել»՝ անտեսելով հանգամանքը, որ արտաքին քաղաքական հարցերում պետք է գործի նույն ծիրում, որ ընտրել է Թուրքիան:
Հատկանշական է նաեւ, որ, ի տարբերություն իսլամադավան մյուս երկրների առաջնորդների հետ քննարկումների, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Էրդողանը եւ Ալիեւը Պաղեստինի, Գազայում իրավիճակի եւ այդ հարցում համագործակցության թեմային «չեն անդրադարձել»: Ըստ երեւույթին, դրանով է պայմանավորված նրանց հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրությունների «ոճական» եւ իմաստային ընդգծված տարբերությունը:
Մոտ ապագայում հանդիպման մասին Բաքվի «հույսը», կարծես, վկայում է, որ Ադրբեջանի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ դեմ առ դեմ «բացատրվելու» կարիք ունի: Մինչդեռ Անկարան պնդում է, որ հետագա հարաբերությունները պետք է մնան «Մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքի շրջանակներում: Ըստ երեւույթին, Էրդողանը դժգոհ է Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերություններից եւ համարում է, որ Իլհամ Ալիեւը «դրսեւորում է օպորտունիստական վարք»: Թուրք-ադրբեջանական համագործակցությունն, ինչ խոսք, շատ խորը եւ բազմաշերտ է: Փոխհարաբերությունների «հաշվեկշռում» բավական ազդեցիկ է նաեւ Թուրքիայում ադրբեջանական ներկայացվածության գործոնը: Անկարայի եւ Բաքվի միջեւ սկզբունքային խզում նույնիսկ տեսականորեն դժվար է պատկերացնել: Այդուհանդերձ, Անկարայի անհանգստությունները, երեւի, ավելի խորքային են, քան կարող ենք պատկերացնել: Ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ պայմաններում կկայանա Էրդողան-Ալիեւ հանդիպում: Մոտ ապագայում կկայանա՞: Անկարայում սպասում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Մինչ այդ Պուտին-Ալիեւ շփում կլինի՞:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…