Լրահոս 24/7

Ռուս-ամերիկյան «գործարքը հետաձգվում է». Մոսկվան եւ Պեկինը կմիավորվե՞ն

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը փաստացի հաստատել է ավելի վաղ ՌԴ պատվիրակության ղեկավար Կարասինի փոխանցած տպավորությունը, որ Էր-Ռիյադում ռուս-ամերիկյան բանակցություններն «այնքան էլ արդյունավետ չէին»: Պեսկովն ասել է, որ «աշխատանքները շարունակվում են, բայց շոշափելի առաջընթաց չկա»: Ինչ վերաբերում է Պուտին-Թրամփ նոր հեռախոսազրույցին, ապա «այն չի ծրագրվում, բայց հարկ եղած դեպքում կարող է օպերատիվ կազմակերպվել»:

Բանակցություններին տեղյակ դիվանագիտական երկու աղբյուր արեւմտյան մամուլին ակնարկել է, որ հիմնական տարաձայնությունները երկուս են. Սեւ ծովում առեւտրային նավագնացության հետ կապված «նրբությունը եւ Ուկրաինայում ընտրությունների անցկացումը»:

Ռուսաստանի առաջին «վերապահումը» հասկանալի է. Միացյալ Նահանգներն առաջարկում է, որպեսզի հրադադարի ռեժիմը տարածվի նաեւ «նավագնացության ապահովման ենթակառուցվածքների վրա», ինչին Ռուսաստանը չի համաձայնում:

Ասվածը «թարգմանաբար» նշանակում է, որ ԱՄՆ-ը ձգտում է հասնել նրան, որ ուկրաինական նավահանգիստները, դրանք սնուցող ենթակառուցվածքները չթիրախավորվեն: Ռուսաստանի ռազմավարական խնդիրներից մեկն էլ, մինչդեռ, Ուկրաինան Սեւ եւ Ազովի ծովերից կտրելն է: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին «բանակցունակ չէ»: Արեւմտյան փորձագետներն այդ առթիվ տպավորություն ունեն, որ Պուտինը պարզապես «չի ցանկանում որեւէ զիջում անել Զելենսկուն, ուստի փորձում է հասնել նրան, որ կրակի դադարեցումը նվեր լինի Ուկրաինայի նոր նախագահին»: Այդ դեպքում, ինչպես մեկնաբանում են արեւմտյան որոշ աղբյուրներ, Կիեւը «կարող է քաղաքական զիջումների գնալ»:

Ի պատասխան հնարավոր ընտրություններում թեկնածու առաջադրվելու հավանականության մասին հարցին, Ուկրաինայի ԶՈՒ նախկին գլխավոր հրամանատար, Մեծ Բրիտանիայում դեսպան Վալերի Զալյուժնին ասել է. «Քանի դեռ պատերազմը շարունակվում է, պետք է մտածել ոչ թե ընտրությունների, այլ երկիրը պաշտպանելու մասին»: Ավելի վաղ ամերիկյան մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Թրամփի թիմի ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոյի եւ նախկին վարչապետ Տիմոշենկոյի հետ, բայց որեւէ հաջողության չեն հասել:

Ուկրաինայի ներքաղաքական իրավիճակին տեղյակ արեւմտյան աղբյուրները վկայում են, որ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ Սպիտակ տան Օվալաձեւ սրահի «սկանդալից» հետո Զելենսկու վարկանիշն ի հակակշիռ հոռետեսական կանխատեսումների, նկատելիորեն բարձրացել է, եւ նա կարող է նախագահի պաշտոնի համար «բավական հաջող պայքար մղել»: Որեւէ երաշխիք չկա, որ ընտրությունների դեպքում Ուկրաինայում կգտնվի Կրեմլի նախապայմաններն ընդունող թեկնածու կամ ուկրաինացիները կքվեարկեն նրա օգտին:

Այս նկատառումներից ելնելով՝ Միացյալ Նահանգները հազիվ թե աջակցեն Պուտինի նախապայմանին, մանավանդ որ Դոնալդ Թրամփն շտապում է եւ մինչեւ ապրիլի վերջ «սեւծովյան գործարք» կնքելու մտադրություն ունի: Հայտնի է դարձել, սակայն, որ հազվագյուտ մետաղների եւ այլ հանածոների մասին ամերիկա-ուկրաինական պայմանագրի ստորագրումը հետաձգվում է:

Փորձագետներից մեկն այդ փաստաթուղթն անվանել է «գաղութատիրական»: Ուկրաինայի նախագահն այն չի ընդունում եւ մերժում է ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությունը ձեւակերպել որպես պարտք, որ մարման ենթակա է ուկրաինական ընդերքը գրեթե ամբողջությամբ ԱՄՆ-ի շահագործմանը հանձնելու ձեւով:

Ուկրաինական կարգավորման շուրջ պատկերն, ինչպես երեւում է, ավելի պարզ չէ, քան՝ մինչեւ ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկը: Տպավորությունը, որ ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակի կառավարական տրիբունայից կհայտարարի «Կիեւի կապիտուլյացիայի» մասին, իրականում ոչ մի քննություն չի բռնում: Ավելին, արեւմտյան լրատվամիջոցներից մեկի դիտարկմամբ՝ «Ռուսաստանը մարտի դաշտում չի կարող Ուկրաինային կապիտուլյացիա պարտադրել, այդ իսկ պատճառով փնտրում է այլ հնարավորություններ»:

Ինչի՞ մասին է ակնարկը՝ կարելի է ենթադրել Պուտինի մամուլի քարտուղարի անոնսից, որ Պուտինը պատրաստվում է մոտ ժամանակներս ընդունել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ինին: Ամերիկյան մամուլի գնահատմամբ՝ Դոնալդ Թրամփն շտապում է Ուկրաինայում հասնել հրադադարի, որպեսզի «ուշադրությունը կենտրոնացնի Թայվանի պաշտպանության վրա»: Պեկինը Մոսկվայից աջակցությու՞ն է ակնկալում, թե՞ Չինաստանի արտգործնախարի մոսկովյան այցն ազդակ է Վաշինգտոնին, որ կողմերը կարող են «միասնական ճակատ կազմել»: Բայց Չինաստանը Թայվանի դեմ ուժ կիրառելու , կղզին բռնակցելու նպատակ ունի՞:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Վարչապետը ներկա է գտնվել ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր…

1 minute ago

Եվրոպայի խորհուրդը դիտորդական առաքելություն կուղարկի Թուրքիա

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…

35 minutes ago

Հայաստանում աշակերտ չունեցող դպրոց կփակվի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…

56 minutes ago

Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…

1 hour ago

Ուկրաինայում ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա․ Զելենսկիի գրասենյակ

Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…

2 hours ago

ՊՆ-ն հերքել է սահմանին կրակոցների մասին Ադրբեջանի հայտարարությունը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 2-ին՝ ժամը 13։55-ից 14:05-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները…

2 hours ago