Լրահոս 24/7

Թուրքիան եւ Իրանը՝ Իսրայելի դե՞մ

Ապրիլի 2-3-ին Իսրայելի օդուժը դարձյալ ռմբակոծել է Դամասկոսի արվարձանները եւ Պալմիրայի ու Հոմսի օդանավակայանները: Ասադի վարչախմբի տապալումից ի վեր առաջին անգամ իսրայելական բանակը ցամաքում «կրակային շփման մեջ է մտել» սիրիական ուժերի հետ: Սիրիայի պետական SANA լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն այդ բախումների ընթացքում «զոհվել է 9 խաղաղ բնակիչ»:

Իսրայելի պաշտպանության նախարար Կացը հանդես է եկել հայտարարությամբ եւ դիմել անձամբ Սիրիայի անցումային շրջանի նախագահին, ում, ի դեպ, նա անվանել է «ալ-Ջուլանի» եւ զգուշացրել, որ Դամասկոսը «շատ թանկ գին կվճարի, եթե թույլ տա, որ հրեկան պետության թշնամիներն ամրապնդվեն սիրիական հողերում»: Սիրիայի հարավում ռազմակայաններ ստեղծելու մտադրություն ունի Թուրքիան: Ավելին, ինչպես լիբանանյան Al-Vatan պարբերականն է հայտնում, Անկարայի «ճնշման տակ սիրիական իշխանությունները համաձայնել են, որ բանակում թուրք սպաները կարող են բարձր պաշտոնի նշանակվել»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Սիրիայում Իսրայելի «էքսպանսիոնիստական քաղաքականությունը» եւ միջազգային հանրությանը կոչ արել, որպեսզի Նաթանյահուի կառավարության նկատմամբ ճնշում գործադրեն՝ պահանջելով վերջ տալ «տարածաշրջանում անկայունություն սերմանելու քաղաքականությանը»:

Արաբական եւ թուրքական աղբյուրները հայտնում են, որ Սիրիայի հարավային նահանգներում Իսրայելի «օկուպացիոն գործողությունների դեմ բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվել»: Ըստ «Անադոլուի»՝ ավելի բազմամարդ է եղել Հալեպի նահանգի Մունբիջ քաղաքի հանրահավաքը: Այդ բնակավայրը հայտնի է որպես թուրքական ազդեցության «միջնաբերդ», որտեղ բնակչության հարաբերական մեծամասնություն են կազմում սիրիացի թուրքոմանները:

Կարելի է ենթադրել, որ հակաիսրայելական բողոքի ցույցերը որոշ իմաստով Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի դեմ են, քանի որ վերջինս գործնականում իսրայելական օկուպացիայի դեմ ոչ մի քայլ չի ձեռնարկում: Ըստ երեւույթին, Անկարայում մշակվում է սցենար, երբ Սիրիայի հարավում իսրայելան ուժերի դեմ հանդես կգա «աշխարհազորը» եւ Թուրքիայից ռազմական օգնություն կխնդրի: Թուրքիան, ըստ երեւույթին, մինչեւ մի որոշակի սահման Իսրայելի հետ բախումներից ձեռնպահ կմնա, բայց Սիրիայի նկատմամբ վերահսկողության հարցում զիջում չի անի:

Այս համատեքստում խիստ ուշագրավ է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը, որ խստորեն դատապարտում է Սիրիայում Իսրայելի հարձակումները: Պաշտոնական Թեհրանը Բաշար Ասադի տապալումից հետո առաջին անգամ սատարում է Սիրիայի «տարածքային եւ քաղաքական ամբողջությանը՝ որպես տարածաշրջանում քաղաքակրթական խոր արմատներ ունեցող» երկրի:

Սիրիայում իշխանափոխությունից հետո միջազգային փորձագիտական իշխող գնահատականն այն էր, որ Իրանը «կորցնում է ազդեցությունը եւ «դիմադրության առանցքը փլուզվում է»: Թուրքիան նույնպես հանդես է եկել արաբական հանրապետությունում Իրանի հետագա ներկայության դեմ:

Իսրայելի «էքսպանսիոնիզմի» դեմ Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունները քաղաքական իմաստով գրեթե նույնական են. երկու դեպքում էլ ընդգծվում է Սիրիայի ամբողջականության պահպանման առաջնահերթությունը: Ավելին, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի կողմից Սիրիայի «քաղաքական ամբողջականության հարգումը», կարծես, ենթատեքստով նշանակում է, որ Թեհրանը շուրջ հինգ ամիս անց, թեեւ ոչ ուղղակի, բայց ճանաչում է Ահմեդ ալ-Շարաայի իշխանությունը:

Դժվար է եզրակացնել, որ Սիրիայի հարցում թուրք-իրանական «գաղտնի բանակցություններ են ընթանում»: Իրանի շուրջ իրավիճակը մնում է չափազանց բարդ: Այդուհանդերձ, տարածաշրջանում թուրք-իսրայելական մրցակցությունը հետեւողականորեն սրվում է եւ այդ հողի վրա թուրք-իրանական «սկզբունքային մերձեցումը» բացառված չէ: Ուրբաթօրյա ավանդական աղոթքից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստիպված է եղել խոստովանել, որ Միացյալ Նահանգներ իր այցի «ժամանակացույցը դեռ հաստատված չէ»: Իսկ Իսրայելի վարչապետին Սպիտակ տանը սպասում են եկող շաբաթ: Դա հստակ ազդակ է, որ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արեւելքում «առաջին ձեռքի գործընկեր» լեգիտիմացնում է Բենիամին Նաթանյահուին:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

6 hours ago

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…

7 hours ago

Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…

8 hours ago

Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…

8 hours ago

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…

10 hours ago

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…

12 hours ago