

Պաշտոնական Մոսկվայի հասցեին հոխորտանքները, խոցված ինքնասիրության ցուցադրանքը, Բաքվում «Ռուսական տանը» լրտեսության մեջ մեղադրանքները, երեւում է, Իլհամ Ալիեւին գործնական ոչ մի արդյունք չեն բերել: Եւ եթե մինչեւ վերջերս տպավորություն կար, թե ՌԴ Դաշնային ժողովի Վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Բաքու «կրիզիս այցը» ռուս-ադրբեջանական հարաբերությունների սառնությունը չի կոտրել, ապա ապրիլի 8-ին Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հակիրճ, բայց ենթատեքսով չափազանց կարեւոր հաղորդագրությունը, կարծես, բոլորովին այլ հուշում է անում:
Ըստ այդմ, նույն օրն ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինն ընդունել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Խալափովին: Վերջինս պրոֆեսիոնալ դիվանագետ է, ավելի քան երկու տասնամյակ զբաղեցրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, գլխավորել Ռուսաստանի հետ սահմանազատման եւ սահմանագծման հարցերով ադրբեջանական կողմի հանձնաժողովը:
Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունից հասկացվում է, որ Խալափովը Մոսկվա է գործուղվել, որպեսզի քննարկի ռուս-ադրբեջանական հարաբերությունների «ռեստարտի» հետ կապված հարցեր: Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Իլհամ Ալիեւի հետ դեմ առ դեմ հանդիպմանը Վալենտինա Մատվիենկոն նրան է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «կոնֆիդենցիալ ուղերձը»:
Գալուզին-Խալափով հանդիպանն ընդգծվել է, որ երկու երկրների հարաբերությունները պետք է շարունակվեն դաշնակցային եւ ռազմավարական գործընկերության մասին 2022 թվականի փետրվարի 22-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի միջեւ ստորագրված հռչակագրի դրույթների հիման վրա: Այդ փաստաթուղթն, ըստ երեւույթին, ունի նաեւ չհրապարակված հավելվածներ:
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Իլհամ Ալիեւն «ի գիտություն է ընդունել» Վլադիմիր Պուտինի ուղերձը, ինչի մասին նրա հատուկ ներկայացուցիչը տեղեկացրել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինին: Ի դեպ, Ալիեւի հատուկ բանագնացին ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով ընդունելությունը խիստ խորհրդանշանական է եւ վկայում է, որ Մոսկվան «միանգամից գրկախառնությունների վերադառնալու» մտադրվածություն չունի:
Իլհամ Ալիեւն ընդունել է ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը ներկա գտնվելու հրավերը: ԱՊՀ երկրների առաջնորդները մայիսի 9-ին կմեկնեն Մոսկվա: Այսինքն, Պուտին-Ալիեւ հանդիպմանը մնում է մեկ ամիս ժամանակ: Այդ ընթացքում Բաքուն պետք է ձգտի «կորցրածը ետ բերել», վերականգնել հարաբերությունների վստահելիությունը:
Ըստ երեւույթին, միջազգային քաղաքականության «բարձր էշելոնում տեղավորվելու» ալիեւյան փորձերը հաջողությամբ չեն պսակվում: Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահը գոնե ընթացիկ փուլում օրակարգից հանել է Իրանին հրթիռային հարվածներ հասցնելու հարցը: Ապրիլի 12-ին Օմանում կմեկնարկեն իրանա-ամերիկյան ուղղակի եւ միջնորդավորված բանակցությունները: Բաքվում, մինչդեռ, հույսեր կային, որ կարող են միանալ իսրայելա-ամերիկյան դաշինքին եւ Ադրբեջանը կարեւորել որպես Հարավային Կովկասի առաջատար:
Տեսականորեն, իհարկե, այդ հնարավորությունը չի չեղարկվել: Գործնականում, սակայն, ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքում «քամի ցանելու եւ փոթորիկ հնձելու» աչկածախնդրությունից շատ զգալի հեռացել է: Այդ է, թերեւս, պատճառը, որ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը ներկա է գտնվել եվրասիական տարածաշրջանի մի քանի երկրների դեսպանների հետ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի հանդիպմանը, որի ընթացքում վերջինս փաստացի անոնսավորել է «Մեծ Եվրասիա» աշխարհաքաղաքական նախագծի ռուսաստանյան պատկերացումները եւ դրան հասնելու «պարամետրերը»:
Այդ հանդիման մասին տեղեկատվությունը սուղ է: Որքանով հասկացվում է, առայժմ քննարկվում է Բելառուսի կողմից 21-րդ դարի բազմակենտրոն Եվրասիայի մասին ներկայացված հայեցակարգային փաստաթուղթը: Ադրբեջանը հետխորհրդային տարածքում Ռուսաստանի հովանու ներքո կառույցների՝ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ չէ: Եւ եթե Ալիեւն իր դեսպանին հանձնարարել է մասնակցել «Մեծ Եվրասիայի» հեռանկարի մասին ՌԴ ԱԳ նախարարի կազմակերպած «դասախոսությանը», ուրեմն ընդունում է եվրասիական «ընդհանուր տան» կոնցեպցիան: Որքանո՞վ է այդ նախագիծը Հայաստանին ձեռնտու կամ նրան մարտահրավեր՝ այլ թեմա է: Տվյալ փուլի ինտրիգն այն է, որ Ադրբեջանը, կարծես, հակվում է դեպի եվրասիական ինտեգրացիա: Այլ «էշելոնում», կարծես, նա տեղ չունի: Վերջնական ընտրության հարցում, իհարկե, Ալիեւը պաուզա կպահի: Բայց մեծ քաղաքականության դերակատար լինելու նրա ամբիցիան ակնհայտորեն չի բավարարվում:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…