Լրահոս 24/7

Բաքվի «նախապայմանների» ռուսաստանյան ծագումնաբանությունը

Անթալիայի դիվանագիտական ֆորումին Ռուսաստանը ներկայացրել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ նա ելույթ է ունեցել բազմամարդ լսարանում, սակայն հարցերին պատասխանելուց հրաժարվել է եւ ընդամենը կրկնել, որ ուկրաինական հակամարտության կարգավորման մի հնարավորություն կա՝ վերացնել սկբնապատճառները: Իսկ դրանք երկուսն են՝ Ուկրաինայում «ֆաշիստական վարչախմբի լուծարում» եւ Ղրիմի ու չորս մարզերի ռուսաստանապատկանության ճանաչում:

Անթալիայում կայացել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում: Սերգեյ Լավրովը հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել, բայց եւ պարզաբանել, որ կարգավորումը պետք է հենվի եռակողմ՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան, ձեւաչափով 2020-2022 թվականներին ձեռք բերված «պայմանավորվածություններին»:

Լավրով-Բայրամով հանդիպումը տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Խալափովի մոսկովյան եռօրյա այցից հետո, որի ընթացքում նա բանակցություններ է վարել փոխարտգործնախարար Գալուզինի, նույն Լավորվի, ապա եւ՝ Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքական հարցերով օգնական Ուշակովի հետ: Այդ քննարկումների շուրջ հրապարակային միակ տեղեկատվությունն այն է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները մնում են «ռազմավարական-դաշնակցային՝ ինչպես սահմանված է 2022 թվականի փետրվարի 22-ին երկու երկրների նախագահների ստորագրած հռչակագրով»:

Ուկրաինայի դեմ «հատուկ ռազմագործողություն սկսելու» մասին հրամանագիրը Վլադիմիր Պուտինն ստորագրել է Կրեմլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից մեկ օր անց: Այսինքն, նա Ուկրաինային պատերազմ է հայտարարել՝ նախապես խնդիրը համաձայնեցնելով Իլհամ Ալիեւի հետ: Մեկ ամիս հետո Պուտինը Բաքու է գործուղել զինվորական բարձրաստիճան պատվիրակություն՝ գեներալ-գնդապետ Կիմի գլխավորությամբ: Այդ պատվիրակությունը դեռեւս գտնվում էր Բաքվում, երբ ԼՂ-ում ռուսական զորախմբի հրամանատարության միջամտությամբ ՊԲ դիրքերը Փառուխում եւ Քարագլխի բարձունքի մի հատվածում հանձնվեցին ադրբեջանցիներին:

Բաքուն համարում է, որ «հայ-ադրբեջանական հակամարտության սկզբնապատճառը վերացված է, չկա Լեռնային Ղարաբաղ, չկա ԼՂ խնդիր» եւ ակտուալացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի իրավաբանական լուծարման հարցը: Հարկ է նշել, որ ՄԽ համանախագահ երկրներից Ռուսաստանը միակն է, որ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մակարդակով Բաքվի այդ պահանջին աջակցել է:

Ադրբեջանի երկրորդ եւ ավելի էական «նախապայմանը» վերաբերում է Հայաստանի սահմանադրությանը: Արտաքին գործերի նախարար Բայրամովն Անթալիայի ֆորումի պանելային քննարկմանն ասել է, որ Ադրբեջանը «չի կարող միջազգային պայմանագիր ստորագրել, որը հակասում է երկրի (Հայաստանի) սահմանադրությանը»:

Վաշինգտոնի դիվանագիտական աղբյուրները բացահայտել են, որ Ուկրաինայում հրադադարի համաձայնագիր ստորագրելու Ռուսաստանի գլխավոր նախապայմանը Կիեւում «ռեժիմի լուծարումը, արտաքին կառավարում մտցնելը եւ նոր ընտրությունների ու սահմանադրական փոփոխությունների կազմակերպումն է»:

Ըստ էության, հայ-ադրբեջանական կարգավորման ադրբեջանական «նախապայմանները» ծագումնաբանորեն մոսկովյան են, կրեմլյան, պուտինական: Եւ շատ հավանական է, որ 2022 թվականի փետրվարի 22-ի Պուտին-Ալիեւ հռչակագիրն ունի գաղտնի հավելված, որտեղ կողմերը համաձայնեցրել են ուկրաիանական եւ հայ-ադրբեջանական կարգավորման իրավա-քաղաքական սկզբունքների նույնականությունը:

Միացյալ Նահանգների նախագահը մերժել է Զելենսկուն տապալելու, Կիեւում արտաքին կառավարման ռեժիմ հաստատելու, Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնելու եւ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու առաջարկությունը: Չնայած տեղեկատվա-քարոզչական լավատեսությանը, Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան բանակցությունները փաստացի փակուղու մեջ են: Որքան Մոսկվան Կիեւի նկատմամբ ճնշումը մեծացնում է, այնքան Բաքուն հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման նոր «օրինական նախապայմաններ» է հրապարակայնացնում: ԱՄՆ նախագահը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ դեմոկրատական վարչակազմի օրոք սահմանված պատժամիջոցները: Արեւմտյան աղբյուրները հայտնում են, որ «Թրամփի համբերությունը սպառվում է, նա իմիջային լուրջ կորուստներ է կրում»: Մոսկվան զիջումների կգնա՞: Հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» ստորագրումը կախված է ուկրաինական կարգավորումից: Մեթոդաբանորեն Ռուսաստանը եւ Ադրբեջանը գործում են նույն սկզբունքներով:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Ապրիլի 23-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի հետ։…

8 hours ago

Եվրոպայի առաջնությունում հայ սամբիստները ևս 2 բրոնզե մեդալ են նվաճել

Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել: Այս մասին հայտնում է…

9 hours ago

Մենք պատրաստ ենք. նոր առաջարկները Թրամփի սեղանին են. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ տարածքային հարցերի վերաբերյալ փաստաթուղթ…

9 hours ago

ԵԽ մի խումբ պատգամավորներ ուղերձներ են հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ ուղերձներ են հղել՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը։ ԵԽ…

9 hours ago

Ես այս երկրի ամենազրպարտված պաշտոնյաներից մեկն եմ. Սարգսյան

Միգուցե հարցը հասունացած չէր, հիմա հասունացած է: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց…

10 hours ago

Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, որ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից։ «Հայաստանը դուրս…

10 hours ago