

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան թելեգրամյան գրառում է կատարել եւ մայիսի 9-ին ուկրաինական Լվովում Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստն անվանել «խառնաժողով»:
«Այն ժամանակ, երբ Մոսկվայում ընթանում էր Հաղթանակի զորահանդեսը, Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհուրդը Լվովում խառնաժողով է գումարել , որպեսզի արդյունավետության էֆեկտ ստեղծի: Ոչինչ չես ասի, կրեատիվ են աշխատում»,-եվրոպացի դիվանագետներին ծաղրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Գրառման արտաքուստ իրոնիկ ոճը, հավանաբար, մատնում է Մոսկվայի տագնապները, որովհետեւ Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները Լվովում չափազանց լուրջ հարց են քննարկել՝ ուկրաինական պատերազմում ռազմական հանցագործությունների հարցով ստեղծել միջազգային տրիբունալ:
Նախօրեին Ռուսաստանի Դաշնությունը եւ Չինաստանի ժողովրդական հանրապետությունը «Համատեղ հայտարարություն» են ընդունել, որտեղ ուկրաինական ճգնաժամի նախապատճառների հաղթահամարման իրավական հիմք է ճանաչվել ՄԱԿ-ի Կանոնադրությունը՝ իր սկզբունքների ամբողջությամբ, դրանց համակցվածության եւ փոխկապակցվածությամբ:
ՄԱԿ-ի Կանոնադրության հիմքը պետությունների ինքնիշխանության, քաղաքական անկախության եւ տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչումն է անդամ բոլոր երկրների կողմից: Ռուսաստանի Դաշնությունը 2022 թվականի փետրվարի 24-ին խախտել է ՄԱԿ-ի Կանոնադրության երկրորդ կարեւորագույն սկզբունքը, որ վերաբերում է պետությունների միջեւ վիճելի հարցերի բացառապես խաղաղ-բանակցային կարգավորմանը, միջպետական հարաբերություններում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությանը:
Լվովում կայացած քննարկումների մասին լրագրողներին տեղեկացրել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Քսավյե Բեթելը: Այդ մասին հաղորդել է Reuters-ը: Ըստ Բեթելի՝ քաղաքական քննարկումների երկրորդ փուլը կկայանա Լյուքսեմբուրգում՝ արդեն հաջորդ շաբաթ: Նախատեսվում է, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիգիբան ԵՄ գործընկերներին կներկայացնի պատերազմի սանձազերծման եւ անցած ավելի քանի երեք տարիների ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանի կողմից կատարված հանցագործությունները վկայող ապացույցներ:
Կոնկրետ ի՞նչ ձեւաչափի եւ ծավալի մեղադրանք է ներկայացնելու Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը՝ մանրամասնություններ հայտնի չէ: Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Պուտինին ռազմական հանցագործ է ճանաչել Կիեւի Բուչա արվարձանում խաղաղ բնակչության զանգվածային սպանությունների եւ օկուպացված տարածքներից ուկրաինացի երեխաներին բռնությամբ Ռուսաստան տեղափոխելու եւ մանկատնային դաստիարակություն պարտադրելու մեղադրանքով:
Պաշտոնական Կիեւն, ամենայն հավանականությամբ, անցած երեք տարիներին ահռելի փաստական նյութեր ունի հավաքած, որ արտգործնախարար Սիգիբան հաջորդ շաբաթ Լյուքսեմբուրգում կներկայացնի ԵՄ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին: Ավելի վաղ Ռուսաստանին ռազմական հանցագործությունների մեջ մեղադրել է Եվրամիության անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալասը:
Այդ նախաձեռնությունները, որքանով դիտարկվում է, քաղաքական հիմք են նախապատրաստում, որպեսզի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի եւ այդ ընթացքում ռազմական հանցագործությունների հարցով հատուկ տրիբունալ ստեղծվի: Նման դեպքերում իրավական ի՞նչ ընթացակարգեր եւ մեխանիզմներ կարող են ստեղծվել, առայժմ պարզ չէ: Եւ, հավանաբար, հստակ չէ նաեւ նախաձեռնության հեռանկարը: Եվրամիությունը բյուրոկրատական է եւ որոշումներն ընդունվում են տեւական քննարկումներից հետո:
Բայց եթե անգամ տրիբունալը չստեղծվի, Եվրամիության հաստատուն դիրքորոշումը, որ Ռուսաստանն ագրեսոր է եւ խախտել է միջազգային իրավունքի նորմերը եւ հիմնարար սկզբունքները, արդեն իսկ Ուկրաինայի համար քաղաքական լուրջ ձեռքբերում է: Որքան էլ Մարիա Զախարովան ԵՄ արտգործնախարարների լվովյան հանդիպումն անվանի «խառնաժողով», ակնհայտ է, որ Մոսկվան լրջորեն տագնապած է. միջազգային որեւէ հարթակ, աշխարհի ոչ մի պետություն Ուկրաինայի դեմ ագրեսիան չի լեգիտիմացնում:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…