ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Պահանջում եմ բացատրություններ, ինչպես նաև՝ կալանավորել ազատ արձակված հանցագործին ու նրա հանցակիցներին
Վրդովմունքով տեղեկացա, որ մարտի 1-ի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երկրորդ հանցագործը՝ Նարեկ Մութաֆյանը նույնպես ազատ է արձակվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի, մասնավորապես՝ դատավոր Ռ. Մխիթարյանի որոշմամբ։
Հանրությունը, ինչպես նաև ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Քննչական կոմիտեն տեղեկացված են եղել, որ նա եղել է նաև սեպտեմբերի 6-ին իմ տան շքամուտքում ինձ վրա հարձակում կազմակերպած ու հընթացս հեռախոսս հափշտակած հանցավոր խմբի ակտիվ անդամներից մեկը. ՀՀ քննչական կոմիտեի Նոր Նոր Նորքի բաժնում միավորված ու քննվող 3 քրեական գործերի շրջանակներում սեպտեմբերի 12-ից իմ կողմից ցուցմունքներ են տրվել այն անձանց վերաբերյալ, ում նույնականացրել եմ /հանցագործության պահին հեռախոսի էկրանի լույսը տեսանելի է դարձրել նրանց դեմքը/ հանցագործություն կատարողների հետ, որոնցից մեկը Նարեկ Մութաֆյանն է:
Ավելին, անցած ամիսներին ՀՀ դատախազության առջև հարց եմ բարձրացրել, թե ինչպես է պատահում, որ թմրանյութերի միջազգային առևտրի մեջ բռնված ու դատարանի կողմից 4 տարի ազատազրկման դատապարտված սույն նարկոբարիգը /գործի քննության ու դատաքննության որոշ մանրամասներ հայտնել եմ/ ոչ միայն ազատության մեջ է մնացել, այլ նաև ևս 2 հանցագործություն է կատարել՝ իմ և դատավոր Աննա Դանիբեկյանի հանդեպ:
Դատավոր Դանիբեկյանի հանդեպ հանցագործություն կատարելուց ու կալանավորվելուց հետո ՀՀ քննչական կոմիտեում ու Ոստիկանությունում անմիջապես հիեցվել է, որ իմ վրա հարձակված անձանցից մեկը նա է, և պահանջել եմ համապատասխան քննչական գործողություններ կատարել: Ինձ հավաստիացրել են, որ տեղյակ են այդ մասիին և “բոլոր քննչական գործողությունները կատարվում են”: Չնայած այդ ամենին, ոչ Նարեկ Մութաֆյանին, ոչ էլ այլոց այս ամիսների ընթացքում մեղադրանք չի ներկայացվել, քրեական գործում ներգրավված մեղադրյալներ չկան, իսկ թե ինչ գործողություններ են կատարվել, ինձ անհայտ է: Դժբախտաբար, արդյունքները, ավելի ստույգ՝ դրանց բացակայությունը ամեն ինչի մասին խոսում է:
Շաբաթներ առաջ հանցագործության մեջ մեղադրվողներից մեկին՝ Սարգիս Օհանջանյանին ազատ արձակելու օրը Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը “համոզմունք” էր հայտնել, որ մինչև Նոր տարին Նարեկ Մութաֆյանը նույնպես կլինի տանը… Թերևս այս ամենը խոսում է նրա մասին, թե ով է Հայաստանում “արադարադատության պտվիրատուն”, ով սիրում է հրապարակավ դժգոհել Հայաստանի դատարաններից, գործող իշխանություններին մեղադրել “դատարանների վրա ճնշում գործադրելու մեջ, բայց գիտի այն, ինչին ես չէի կարող հավատալ, այն է՝ հնարավոր է, որ այսքան հանցագործություններից հետո ՀՀ որևէ դատավոր կրկնահանցագործին ազատ կարձակի…
Պահանջում եմ բացատրություններ՝ բոլորից, վերից վար՝ ՀՀ գլխավոր դատախազից, ՀՀ քննչական կոմիտեից մինչև գործը քննող քննիչ ու Վերքքննիչ դատարանի դատավոր. ով է պատասխանատու այս ամենի համար?
Վերջին օրերին հանրության շրջանում բուռն քննարկվող ՀՀ դատաիրավական ու իրավական համակարգի այս և այլ այլանդակությունների համար պատասխանատվության ենթարկվողներ պետք է լինեն, պաշտոնանկություններ պետք է լինեն: Ես և իմ ընտանիքը կուլ չենք տալու այս լպիրշությունը: Ովքեր ի զորու չեն դատարաններում ապահովել արդարադատություն, ովքեր ի զորու չեն բացահայտել հանցագործությունները, պետք է ազատվեն զբաղեցրած պաշտոններից: Այդ համակարգերում ովքեր ծառայում են կազմակերպված հանցավոր խմբերին, պետք է պատժվեն ու հայտնվեն ճաղավանդակների հետևում:
Պահանջում եմ կրկնահանցագործին ու նրան հանցակից անձանց, նրանց պատվիրատուներին անհապաղ մեկուսացնել հասարակությունից, իրականացնել արադարադատություն ու փոխհատուցել ինձ և իմ ընտանիքին պատճառված վնասը:
Առաջիկայում իմ փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո կհայտարարեմ մեր առաջիկա գործողությունների ու քայլերի մասին:
Ստյոպա Սաֆարյան
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
26 դեկտեմբերի, 2019թ.
Հետգրություն և լրացում. սույն նկարի բոլոր երեք անձանցից երկուսին տեսել եմ իմ վրա հարձակման պահին, իսկ տիկինը նրանց համակիարգողն է: Նրանց երեքի անուններն էլ սեպտեմբերի 12-ին տրվել են իմ ցուցմունքում:

















