«Իրենց գնացքն արդեն մեկնել է, հիմա կախվել են փրփուրներից։ Ուշ է, ձեր գնացքը գնացել է»,-ԱԺ արտահերթ նիստում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով ՔՊ-ականներին։
Հիշեցնենք, որ արտահերթ նիստում քննարկվում է ՔՊ-ականեր Արուսյակ Ջուլյակյանի, Ալխաս Ղազարյանի, Արթուր Հովհաննիսյանի նախաձեռնած «ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով ի թիվս այլ լրացումների ու փոփոխությունների, նաև առաջարկվում է. «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձեւեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ:»:
Ըստ Ա. Խաչատրյանի, ՔՊ-ն հասկանում է, որ իր վերջն է, փորձում են տարբեր ձևերով տարբեր խոչընդոտներ ստեղծել։
«2022 թվականից կարդում էիք Ընտրական օրենսգիրքը։ Կոչ եմ անում՝ շարունակել կարդալ, մի հատ հասկացեք, տեսեք՝ ինչ սխալներ կան»,- ասաց Ա. Խաչատրյանը։
Նա հիշեցրեց, որ 2021 ընտրությունների ժամանակ ՔՊ-ի պլատներին միայն «Նիկոլ» էր գրված։












