Ես բնավ զարմացած չեմ, որ ընդդիմությունը ընտրակաշառք բաժանելու, ստանալու և միջնորդելու համար պատժաչափի խստացման օրենքի կեսից ուղղակի գնաց Ազգային ժողովի դահլիճից, որովհետև էսպիսի մի կպչուն կարծիք ունեմ, որ գնացել են ընտարկաշառքի համար էս պահին կալանավայրերում գտնվող իրենց թիմակիցներին «պերեդաչի» տանելու: Այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ ինքն ընդդիմությանն այս թեմայով ասելու շատ բան չունի:
«Միայն այս ընդդիմությանը, գիտեք, որ երկու փոքրիկ խմբակ է լինելու իններորդ գումարման Ազգային ժողովում, այդ երկու փոքրիկ խմբակներից առավել փոքրիկին՝ «Հայաստան» դաշինքին, հորդորում եմ, որ իրենց առաջին համար Ռոբերտ Քոչարյանին համոզեն ու բերեն նստեցնեն այդ դահլիճում: Ու ես իրենց խոստանում եմ, որ էդ գնապիտակը՝ քաղաքացու ճակատին փակցնելու իրենց նպատակը կհասցնեմ վերջնանպատակին՝ այդ գնապիտակը Ռոբերտ Քոչարյանի համապատասխան դեմքի մասին փակցնելով»,- հայտարարեց Ալեքսանյանը:













