ՀՀ Ազգային ժողովում հերթական լարված միջադեպն է տեղի ունեցել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ։
Էդգար Ղազարյանը ամբիոնից քննադատել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ պատերազմի հետևանքով կրած մարդկային և սոցիալական կորուստների համար։ Նա նշել է, որ մինչ հարյուր հազարավոր մարդիկ զրկվել են իրենց տներից, իշխանության ներկայացուցիչները ստացել են պարգևավճարներ և ձեռք բերել բնակարաններ։
Խոսելով պատերազմում զոհված իր քեռու թոռան՝ Աղաջան Ջանոյանի մասին՝ պատգամավորը հայտարարել է. «Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը դառնար իր երազանքի ռազմական բժիշկը և փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ»։
Նիստը վարող Հայկ Կոնջորյանը արձագանքել է պատգամավորի արտահայտությանը և նրան նախազգուշացում հայտարարել։
«Եթե դուք չինքնաէվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու այս դահլիճից և Ազգային ժողովի շենքից»,– հայտարարել է Կոնջորյանը։
Միջադեպից հետո իշխանական և ընդդիմադիր պատգամավորները լքել են նիստերի դահլիճը, և հայտարարվել է 20 րոպե ընդմիջում։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը քննադատել Էդգար Ղազարյանի պահվածքը և նշել, որ նա պետք է ներողություն խնդրի իր այդ պահվածքի համար։
«Էդգար Ղազարյանը պետք է գա և ներողություն խնդրի իր անդաստիարակ արտահայտության համար»,- ասել է նա՝ դիմելով խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին։
Նա նաև հավելել է, որ քանդման եզրին է նաև Էդգար Ղազարյանի՝ դահլիճում գտնվելու հարմարավետ պայմանների ապահովման գործընթացը։













