Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ» թերթի՝ Ալեն Սիմոնյանի պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ։
Դատարանի վճռով՝ «ԺՈՂՈՎՈՒՐԴ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ն պարտավորվում է նույն լրատվական միջոցով՝ «armlur.am» կայքում, «Հերքում» խորագրի ներքո հրապարակել հետևյալ գրառումը․
«28․01․2025 թվականին հրապարակված նյութում տեղ գտած «Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Ռուսաստանը պետք է ջախջախվի, պարտվի, վերանա, որպեսզի մեր և բալթյան երկրների համար լավ լինի» և «Ռուսաստանի կործանումը կարող է Հայաստանի և բալթյան երկրների համար «լավ հեռանկարներ» բացել» արտահայտությունները չեն համապատասխանում իրականությանը»։
Ըստ դատական վճռի՝ հերքումը պետք է հրապարակվի այնպես, որ իր տեղակայմամբ, ձևավորմամբ, տառատեսակի չափով և տեսակով, ինչպես նաև հրապարակման ժամով չզիջի «armlur.am» կայքում 2025 թվականի հունվարի 28-ին հրապարակված «ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնյանը սպասում է Ռուսաստանի կործանմանը՝ նշելով, որ դա բացելու է նոր հեռանկարներ. մանրամասներ փակ նիստից․ «Ժողովուրդ»» վերտառությամբ հոդվածին։













