Լրահոս 24/7
02.09.2026

ՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Փաշինյան

ՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոցում հանդես եկա ելույթով»,- նշել է նա:

«Հարգելի պարոն փոխվարչապետ, տիկին նախարար, պարոն քաղաքապետ, հարգելի գործընկերներ, հարգելի ծնողներ, սիրելի աշակերտներ, սիրելի ուսուցիչներ, շնորհավորում եմ բոլորիս Կարեն Դեմիրճյանի անվան դպրոցի բացման, վերաբացման, կառուցման առիթով։ Եվ, իհարկե, սա մեծ իրադարձություն է կրթության ոլորտի համար, Կառավարության համար, Երևանի համար, և, համոզված եմ՝ բոլորիդ համար։

Եվ դպրոցը մի տեղ է, որտեղ, ակնհայտորեն, մարդիկ, երեխաները սովորում են, բայց ես ուզում եմ ասել, որ դպրոցաշինության այս ծրագիրը կրթական ծրագիր է նաև պետության և Կառավարության համար, որովհետև մենք սովորում ենք 21-րդ դարում դպրոց կառուցել։ Եվ դպրոցի կառուցումը մի խնդիր է, խնդրի առաջին մասն է, բայց դպրոցի հետագա կյանքը և ընթացքը երկրորդ խնդիրն է, որովհետև հիմա հատկապես շատ ընդգծվում է հարցը, թե ինչ պետք է երեխաները դպրոցում սովորեն և ինչ հմտություններով պետք է դպրոցից դուրս գան: Սա թերևս ամենակարևոր հարցն է։ Մեր ընկալումն այն է, որ դպրոցում երեխաները պետք է ձեռք բերեն բարեկեցիկ կյանքով ապրելու համար անհրաժեշտ հմտություններ։

Բայց սրանով էլ խնդիրը չի լուծվում, որովհետև ժամանակակից աշխարհը շատ փոխվում է, և ընդամենը նախորդ Կառավարության նիստում մենք քննարկում էինք գործընկերների հետ, որ արհեստական բանականության մուտքով ընդհանրապես աշխատաշուկան է փոխվելու, և այստեղ էլ մենք պետք է կարողանանք ճկուն լինել, որպեսզի ճիշտ արձագանքենք իրավիճակին։ Իսկ ո՞րն է ճիշտ արձագանքը․ մենք պետք է կրթական համակարգը բարեփոխենք այնպես, որ մեր երեխաներին կյանքի փոփոխություններին ադապտացվելու հնարավորություն տա։

Երկու օր առաջ, հիմա բոլորս սոցիալական ցանցերից ենք նաև հին և նոր նորություններ իմանում, մի մեջբերում էր․ չեմ ստուգել, բայց պատեհ թվաց հիմա ասել, Սթիվեն Հոքինգի մի մեջբերում էր, որն ասում էր, որ խելացին նա է, ով ունի ադապտացվելու ընդունակություն, և սա չգիտեմ որքանով է ճշգրիտ ձևակերպված, բայց միտքը ճիշտ է։ Որովհետև կյանքը փոխվում է, և եթե մենք ի վիճակի չենք կյանքի փոփոխություններին արձագանքել, մենք մնում ենք նույն կետում: Ես մի օրինակ եմ ուզում պատմել: Վերջին շրջանում, մի օր սրճարանում նստած էի, և մի հին ծանոթ անցնում էր, մոտեցավ, ասեց․ «Գիտե՞ս, երկու դիպլոմ ունեմ, տաքսի եմ քշում։ Խնդրում եմ օգնի՝ մի տեղ աշխատանքի ընդունվեմ»։ Ասացի. «Դե, թափուր աշխատատեղերի համար մրցույթներին մասնակցիր»։ Ասեց. «Գիտե՞ս, էդ էլեկտրոնային փոստով ա, բանով ա, համակարգչին ընդհանրապես չեմ տիրապետում»։ Ես չեմ կարող կասկածի տակ առնել, որ այդ մարդը խելացի է։ Այո, երկու դիպլոմ ունի, հնարավոր է երկու դիպլոմն էլ կարմիր, հնարավոր է շատ խոր գիտելիքներ ունի այն ոլորտում, որի հետ կապված այդ դիպլոմը ստացել է, բայց ինքը այսօր չի կարող ավելին անել, քան տաքսի քշելը մի բանի համար, որ նա չի կարող էլեկտրոնային տարբերակով լրացնել դիմում թափուր աշխատատեղի համար հայտարարված մրցույթին մասնակցելու։

Դրա համար մեզ շատ մեծ ճկունություն է պետք Կառավարությանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Տեսե՛ք, մենք շատ ուրախացել էինք, որ նոր չափորոշիչ ենք ընդունել։ Բայց մենք ամեն տարի պետք է նոր չափորոշիչ ընդունենք, այսինքն՝ անընդհատ պետք է թարմացնենք, որովհետև հիմա կյանքը այն արագությամբ է փոխվում, որ մեր չափորոշիչները կարող են ուղղակի հետ մնալ: Այսօր, այս տարվա մեջ մի քիչ հետ մնալը նշանակում է 10 տարվա մեջ տասնյակ կիլոմետրերով հետ մնալ և ընդհանրապես ունենալ ոչ մրցունակ կրթական համակարգ։

Վերադառնալով դպրոցի շինարարությանը՝ երկու հանգամանքի մասին եմ ուզում ընդգծել, ինչքան էլ նախկինում դրա մասին լսած լինեք և ասածս կրկնություն է։ Առաջինը շատ կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրը հասկանա, թե ինչպես է այս դպրոցը կառուցվել։ Դպրոցը կառուցվել է հետևյալ կերպ․ ինչ-որ մարդիկ աշխատել են, հարկեր են վճարել Պետական բյուջե, ամբողջությամբ կամ մասամբ այդ հարկերը գեներացվել են Պետական բյուջեում, Կառավարությունը որոշել է, և այդ թվում՝ ձեր ծնողները, վճարել են հարկեր, և այդ հարկերը հավաքվել են Պետական բյուջեում։ Այդ թվում՝ ձեր ուսուցիչները, ովքեր աշխատել են և իրենց աշխատավարձից եկամտային հարկ են վճարել։ Եվ ես նկատի ունեմ՝ ամեն անգամ քարոզչական, կարգապահական մեսիջներն էլ է պետք նվազեցնել, որովհետև ես ամեն անգամ, երբ որ ասվում է «շնորհակալություն Կառավարությանը», ես կնախընտրեմ, որ հնչի շնորհակալություն Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողներին, ովքեր իրենց հարկը վճարել են, և Կառավարության համար հնարավորություն են ստեղծել, որ սա տեղի ունենա։ Բայց հարկեր վճարելու հետ էլի ես ուզում եմ վերադառնալ մեր կատարած գնումներին, որովհետև բացի հարկ վճարելուց, մենք գնումներ ենք կատարում, և երբ որ մենք մեր կատարած գնումները, ի միջի այլոց, դպրոցի բուֆետներն էլ այդ սկզբունքով են աշխատում, այսինքն՝ ՀԴՄ կտրոններ տալիս են, այդ կուլտուրան պետք է հենց դպրոցներից զարգացնել։ 

Բայց երբ որ մենք գնումներ ենք անում, կամ ծառայություններից ենք օգտվում, սրճարան ենք գնում կամ այլ, մեզնից է կախված՝ մենք ՀԴՄ կտրոն վերցնում ենք, թե չէ: ՀԴՄ կտրոնն այն լրացուցիչ երաշխիքն է, որ այն հարկը, որը գոյանում է օրենքով և պետք է փոխանցվի Պետական բյուջե, կփոխանցվի Պետական բյուջե: Երբ որ մենք այդ կտրոնը չենք վերցնում, հնարավորություն ենք տալիս տեսական, որ այդ հարկը չվճարվի։ Էն դեպքում, երբ որ մենք արդեն էդ ապրանքի կամ ծառայության համար վճարելիս հարկը վճարել ենք։ Ցանկացած բան, օրինակ՝ էս ժամացույցը երբ որ գնում ենք, եթե էս ժամացույցը արժի 100 հազար դրամ, իր մեջ արդեն 20 հազար դրամը հարկն է՝ ավելացված արժեքի հարկի տեսքով։ Եթե մենք ՀԴՄ-ն վերցնում ենք, այսինքն՝ մենք բոլոր դեպքերում այդ հարկը վճարում ենք։

Երկրորդը՝ շինարարության որակի հետ կապված, մենք պետք է մեր մոտեցումները շատ՝ գնալով ավելի սկզբունքային դարձնենք, որպեսզի մեր հարգելի շինարարներն էլ հասկանան այս գլխից, որ որակի հետ կոմպրոմիս չի լինելու։ Օրինակ, հիմա մենք բոլոր ոլորտներում, ես մեր գործընկերներին՝ և՛ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, և՛ բոլոր գործընկերներին ասում եմ՝ որակի հետ կապված կոմպրոմիս պետք է չլինի։ Էսօր, օրինակ, մտանք քիմիայի լաբորատորիա, ծորակը բացեցինք և տեսանք, որ ծորակը լավ չի աշխատում։ Եվ ինձ համար մեծագույն խնդիրն այն է, որ մենք էսպիսի հանդիսավորությամբ դպրոցը բացենք, էստեղ երկրի և մայրաքաղաքի ղեկավարությունն է, հետո երեխեքը գնան քիմիայի դաս անելու, մեկ էլ էդ ծորակը բացեն ու էդ ծորակը, կներեք արտահայտությանս, ձեռքներին մնա։ Դա ոչ միայն զուտ տեխնիկական՝ նախ՝ լավ չի, ծորակը պետք է աշխատի, բայց սկսած պետության հեղինակությունից՝ շատ կարևոր են էս նրբությունները: Որովհետև մենք պետք է նրբություններին շատ մեծ ուշադրություն դարձնենք: Իհարկե, շինարարությունը այդպես բարդ բան է, այնպես չի լինում, որ միանգամից ամեն ինչը կատարյալ լինի։ Եթե ինչ-որ թերություններ էլ կնկատվեն, շատ կարևոր է, որ հարգելի տնօրենը, ուսուցիչները, աշակերտները չլռեն, արձանագրեն դա թղթի վրա, որովհետև դպրոցը մեկ տարի երաշխիքային սպասարկման ժամանակում է։ Այսինքն՝ այն բանը, որ «վայ չասենք, կամ ինչի չասեք», որովհետև ձեզ համար է կառուցված, ձեզ համար է ստեղծված, և պետք է նաև պատշաճ և համապատասխան որակ ունենա։ Եվ այս կուլտուրան էլ մեզանում պետք է լինի, որպեսզի սեփականության զգացումը ձևավորվի։

Համենայն դեպս, գիտե՞ք, մենք այդպես ենք մտածում և նախագծում, ձեր ընտրությունն է, որ հնարավոր է դուք այստեղ ավելի շատ ժամանակ անցկացնեք արթուն, քան ձեր տներում եք անցկացնում։ Որովհետև մենք ուզում ենք, որ այս տարածքները լցվեն բովանդակությամբ, նկուղներից սկսած, որովհետև ստեղծագործելու, աշխատելու, կյանքը հասկանալու, քննարկելու և զարգանալու հարթակ է տրամադրված ձեզ։ Եվ ես հույս ունեմ, որ համոզված եմ, որ այդ հարթակը կօգտագործեք, որովհետև այսօր մեր երիտասարդությունից զգացվում է, որ գնալով մենք շատ մեծ պոտենցիալ ենք կուտակում, և շատ կարևոր է, որ այդ պոտենցիալը օգտագործվի։

Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին՝ շինարարական ընկերությանը, ԿԳՄՍ նախարարությանը, փոխվարչապետին, բոլոր գործընկերներին, քաղաքապետարանին, ովքեր մասնակցել են։ Եվ ուզում եմ հաջողություն մաղթել բոլորիդ։ Եվ շատ կարևոր է, որ ի դեմս այս դպրոցի, և մյուս դպրոցների, յուրաքանչյուր աշակերտ իր համար արձանագրի մի բան, որ իր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում որ իրենից կախված ամենը անի, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ։ Էական չի՝ ինչով կզբաղվի, բայց լինի հաջողակ: Ի՞նչ է նշանակում հաջողակ։ Նշանակում է՝ սեփական աշխատանքով կարողանալ ապահովել սեփական բարեկեցությունը, իսկ դա իր հերթին նշանակում է պետության ավելի բարձր բարեկեցության մակարդակ: Որովհետև յուրաքանչյուր ոք, ով ինքն իր համար բարեկեցություն է ստեղծում և օրինապահ քաղաքացի է, միանշանակ դրանից ավելի շատ շահում է պետությունը, որովհետև ավելի մեծ հնարավորություններ է ստանում։ Մենք ուզում ենք, որ դուք լինեք հաջողակ, որովհետև ձեր հաջողակ լինելը նշանակում է հաջողակ պետություն, Հայաստանի Հանրապետություն: Շնորհակալ եմ շատ»,- նշել է վարչապետը

Լրահոս
ԵՄ խորհուրդը համաձայնել է հայկական արտադրանքի առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցառումներին
16:06
ԵՄ խորհուրդը համաձայնել է հայկական արտադրանքի առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցառումներին
Անկախ պետականության հիմնադրույթների մասին
15:46
Անկախ պետականության հիմնադրույթների մասին
Մի բան հաստատ է. ամենակարևոր հարցում Վլադիմիր Վլադիմիրովիչը կեղծում է. Սարգսյան
15:28
Մի բան հաստատ է. ամենակարևոր հարցում Վլադիմիր Վլադիմիրովիչը կեղծում է. Սարգսյան
ՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Փաշինյան
15:10
ՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Փաշինյան
Հայաստանի և Վիետնամի գործընկերությունը հետագայում ևս կզարգանա. Նիկոլ Փաշինյան
14:41
Հայաստանի և Վիետնամի գործընկերությունը հետագայում ևս կզարգանա. Նիկոլ Փաշինյան
Լամբադա կամուրջը կհիմնանորոգվի
14:20
Լամբադա կամուրջը կհիմնանորոգվի
Զելենսկին նախազգուշացրել է, որ Ռուսաստանի երկինքն ապահով չէ. Պուտինն արձագանքել է
14:02
Զելենսկին նախազգուշացրել է, որ Ռուսաստանի երկինքն ապահով չէ. Պուտինն արձագանքել է
Մեկ ամսվա դադարից հետո՝ նոր հարվածներ․ Իրանն ու ԱՄՆ-ը կրկին կանգնած են պատերազմի վտանգի առաջ
13:41
Մեկ ամսվա դադարից հետո՝ նոր հարվածներ․ Իրանն ու ԱՄՆ-ը կրկին կանգնած են պատերազմի վտանգի առաջ
ԱՄԷ է արտահանվել 60 տոննա հայկական ձուկ և ձկնամթերք
13:24
ԱՄԷ է արտահանվել 60 տոննա հայկական ձուկ և ձկնամթերք
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով
13:11
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով
Հայաստանում մոլեգնող տեռորի հանդեպ ԵՄ քար լռությունը ռեալպոլիտիկի դառը դրսևորում է․ Աշոտյան
12:48
Հայաստանում մոլեգնող տեռորի հանդեպ ԵՄ քար լռությունը ռեալպոլիտիկի դառը դրսևորում է․ Աշոտյան
Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել
12:14
Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել
ՄԻՊ-ը Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ տեսանյութի առնչությամբ ուսումնասիրություն է սկսել
12:05
ՄԻՊ-ը Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ տեսանյութի առնչությամբ ուսումնասիրություն է սկսել
Անուշիկ Ավետյանը՝ զբոսաշրջության կոմիտեի նախագահ
11:57
Անուշիկ Ավետյանը՝ զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Հայաստանի նախագահը ավելի քան 12 տարվա ընթացքում առաջին այցը կկատարի Չեխիա
11:51
Հայաստանի նախագահը ավելի քան 12 տարվա ընթացքում առաջին այցը կկատարի Չեխիա