Լրահոս 24/7
03.09.2026

ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԵՄ դեսպան

ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԵՄ դեսպան

Եվրոպական միությունը պատրաստ է նպաստել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, երկու երկրների միջև գործարար կապերի ձևավորմանը, տրանսպորտային ու էներգետիկ հաղորդակցությունների զարգացմանը։ Այս մասին Երևանում անցկացվող Հայաստան-Թուրքիա գործարար համաժողովի բացման ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Ինձ համար նույնպես մեծ բավականություն է մասնակցել այս միջոցառմանը։ Կցանկանայի հավաստիացնել, մասնավորապես, մեր թուրք բարեկամներին, թե որքան մեծ աջակցություն է Եվրոպական միությունը ցուցաբերում բիզնեսների միջև կապերին, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև նոր կապակցվածության ծրագրերին և բիզնես շփումներին։

Մենք հավատում ենք, որ խաղաղությունն ու հարաբերությունների կարգավորումն այս տարածաշրջանում, իրականում՝ Եվրոպայում, կարող են օգտակար լինել բոլորի համար՝ ապահովելով նոր ներդրումներ, կայունություն և օգուտներ բոլորի համար։ Իրականում սա եվրոպական ինտեգրման ուղերձն է։ Սա այն է, ինչ Եվրոպան արել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Թուրքիան երկար ժամանակ մասնակցում է եվրոպական ինտեգրմանը։ Մենք գիտենք դրա օգուտները, գիտենք, թե որքան շատ կարող ենք շահել, երբ միասին աշխատում ենք փոխըմբռնման պայմաններում, և մենք հատկապես ոգևորված ու ուրախ ենք այս հանդիպումը տեսնելու համար։

Հանդիպումն ինքնին, ձեր Հայաստան գալը, շատ լավ ազդակ է՝ սահմանի երկու կողմերից, և դա նաև շատ լավ ազդակ է Բրյուսելի համար։ Ես մեծ ուրախությամբ այս ուղերձը կփոխանցեմ իմ գործընկերներին, Եվրոպական միության ղեկավարությանը, որովհետև այն, ինչ դուք հիմա այստեղ անում եք, հենց սա է։ Ուստի, շատ շնորհակալ եմ ձեր բաց լինելու համար, և ես անհամբեր սպասում եմ այսօրվա հանդիպումներին, ինչպես նաև նրան, թե ինչ կլինի հետո։

Այն, ինչ կլինի հետո, կլինեն բիզնես հնարավորություններ, շատ հնարավորություններ, և մի բան, որը նույնիսկ ավելի կարևոր է՝ մարդիկ կճանաչեն միմյանց։ Որովհետև մեզ միավորողն ավելի շատ է, քան մեզ բաժանողը։ Կարծում եմ՝ սա իսկապես կարևոր է։ Երկու կողմերում էլ կան մարդիկ, որոնք երկար ժամանակ ներդրում են կատարել այս կարգավորման, այս համատեքստի և ավելի լավ փոխըմբռնման մեջ։ Այս մարդիկ մեծ դեր են խաղացել։

Շատ շնորհակալ եմ, որ եղել եք նվիրված, բայց նաև հետևողական և հաստատակամ այս հարցում»,- ասել է Մարագոսը։

ԵՄ պատվիրակության ղեկավարը Հայաստան-Թուրքիա գործարար համաժողովի մասնակիցներին ներկայացրել է նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերջին զարգացումները՝ առանձնացնելով մասնավոր հատվածին և տարածաշրջանային կապակցվածությանը տրամադրվող աջակցությունը։

«Այժմ, երբ խոսում ենք այն մասին, թե ինչ ենք անում այստեղ և ինչ ենք անում այս ծրագրից դուրս, կցանկանայի մասնավորապես մեր թուրք բարեկամներին տեղեկացնել Եվրոպական միության և Հայաստանի հարաբերություններում որոշ նոր զարգացումների մասին։ Մենք վերջերս ունեցել ենք գագաթնաժողով, որը շատ կարևոր էր։ Հայաստանը նաև հյուրընկալել է Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, որն ավելի մեծ հավաք է, քան Եվրոպական միությունը, սակայն այն համատեղ հյուրընկալվում է գործընկեր երկրների կողմից, և Եվրոպական խորհրդի նախագահը նույնպես այնտեղ էր։ Դա շատ հաջող հանդիպում էր։

Դրանից հետո մենք ունեցել ենք ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, գագաթնաժողովից հետո Հայաստանում ընտրություններ են եղել, իսկ հետո տեղի է ունեցել Եվրոպական միության նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի լրացուցիչ այցը։ Այդ այցի ընթացքում մենք առաջին հերթին համաձայնեցրել ենք շատ պահանջկոտ և հետաքրքիր, պետք է ասեմ՝ համապարփակ օրակարգ՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ»,- նշել է դեսպանը։

Նրա խոսքով՝ ԵՄ-Հայաստան համագործակցության օրակարգի գլխավոր ուղղություններից մեկը մասնավոր հատվածին տրամադրվող աջակցությունն է։ Եվրոպական միությունը պատրաստվում է առաջարկների մրցույթ հայտարարել Հայաստանի և Եվրոպայի մասնավոր հատվածների ներդրումային ծրագրերի համար։

«Այս առնչությամբ ես հիմնականում ցանկանում եմ ընդգծել երկու գլխավոր տարր։ Առաջինը մասնավոր հատվածին աջակցությունն է։ Մենք հայտարարելու ենք առաջարկների մրցույթ Հայաստանի և Եվրոպայի մասնավոր հատվածի ներդրումների համար։ Հիմա հասկանում եմ, որ, հավանաբար, պետք է Թուրքիան նույնպես ներառեինք էքսպոյում, բայց վստահ եմ, որ հաջորդ մրցույթի ժամանակ կարող ենք մտածել դրա մասին։

Վստահ եմ նաև, որ, հավանաբար, մեր հայ բարեկամները կարող են առաջարկներ ներկայացնել այս մրցույթի շրջանակում։ Այն դեռ բաց է։ Այն բացվել է մայիսի 5-ին, այսինքն՝ առաջին գագաթնաժողովի ժամանակ, և բաց կլինի մեկ տարի։ Կարելի է ներկայացնել ներդրումային առաջարկներ, որոնց մենք կարող ենք աջակցել Եվրոպական միության տարբեր գործիքների միջոցով։

Եվրոպական միությունը բավական երկար ժամանակ աջակցում է Հայաստանի մասնավոր հատվածին արտոնյալ վարկերով։ Միայն անցյալ տարի մենք տրամադրել ենք ավելի քան 200 միլիոն եվրո։ Մենք օգնել ենք ստեղծել ավելի քան 20 հազար աշխատատեղ։ Սա կարևոր է։ Սա կայունություն է, և այն նաև հիմնված է ձեռնարկատիրության այն շատ ուժեղ ոգու վրա, որը մենք այստեղ տեսնում ենք»,- ասել է Մարագոսը։

ԵՄ պատվիրակության ղեկավարի ներկայացմամբ՝ համագործակցության երկրորդ կարևոր ուղղությունը կապակցվածությունն է։ Եվրոպական միությունն այս ոլորտում աշխատում է Թուրքիայի, Ադրբեջանի, Կենտրոնական Ասիայի երկրների և եվրոպական այլ գործընկերների հետ՝ դիտարկելով ինչպես Սև ծովով, այնպես էլ ցամաքային հաղորդակցությունների զարգացումը։

«Երկրորդ մեծ ոլորտը, որի վրա կցանկանայի կենտրոնանալ, կապակցվածությանը մեր աջակցությունն է։ Սա նաև այն ոլորտն է, որտեղ մենք աշխատում ենք թուրք գործընկերների, ինչպես նաև տարածաշրջանում մեր գործընկեր Ադրբեջանի, Կենտրոնական Ասիայի, բայց նաև Եվրոպական միության գործընկերների հետ։ Այստեղ կապակցվածությունը վերաբերում է Սև ծովով, ինչպես նաև ցամաքային կապակցվածությանը։

Դուք տեղյակ եք և ծանոթ եք TRIPP նախագծին, որը հայ-ամերիկյան նախաձեռնություններից մեկն է և նույնպես աջակցվում է այս գործընթացի շրջանակում։ Բայց Եվրոպական միության աջակցությունը դրանից էլ ավելի լայն կլինի, և գագաթնաժողովում մենք հայտարարել ենք, որ պատրաստվում ենք աջակցել Հայաստանին երեք նոր սահմանային անցակետ կառուցելու հարցում։ Դրանցից մեկը «Մարգարա»-ն է, որը մենք կարող ենք օգնել արդիականացնել։

Այժմ մենք համագործակցում ենք տարբեր ֆինանսական գործընկերների հետ։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցում ենք Ախուրիկի անցակետի վերականգնման համար, որը Թուրքիայի Կարսի ուղղությամբ է։ Մենք ունենք նաև մեկ այլ ուղղություն դեպի Նախիջևան՝ Երասխով, որն այստեղ՝ հայկական կողմում է։ Հենց այստեղ ենք այժմ կենտրոնացնում մեր ուշադրությունը։

Եվրոպական միությունը բավական երկար ժամանակ աջակցում է Հայաստանի ենթակառուցվածքներին և կապակցվածությանը։ Այն աջակցել է Հյուսիս-հարավ ենթակառուցվածքին, և կարծում եմ՝ այստեղ ևս մեծ ներուժ կա բիզնեսների, այլ գործընկերների, Եվրոպական միության այլ ռազմավարական գործընկերների մասնակցության համար»,- հայտարարել է դեսպանը։

Մարագոսն ընդգծել է, որ տարածաշրջանային կապակցվածության զարգացումը չի սահմանափակվում տրանսպորտային ենթակառուցվածքներով։ Համագործակցության հեռանկարային ուղղություններից են նաև էներգետիկան, էլեկտրաէներգիայի փոխանակումը, վերականգնվող էներգիան, էլեկտրացանցերի արդիականացումը և էներգիայի կուտակման համակարգերի զարգացումը։

Անդրադառնալով առևտրային հարաբերություններին՝ Մարագոսը հիշեցրել է հայկական արտադրանքի համար ԵՄ շուկա արտոնյալ մուտք ապահովելու նպատակով Եվրոպական հանձնաժողովի առաջարկած ժամանակավոր միջոցառումների մասին։ Նա ընդգծել է, որ ԵՄ անդամ պետությունները սեպտեմբերի 2-ին առանց փոփոխությունների հավանություն են տվել առաջարկին, և առաջիկայում ակնկալվում է նաև Եվրոպական խորհրդարանի հաստատումը։

«Կցանկանայի նաև ընդգծել, թե որքան մեծ աջակցություն է Եվրոպական միությունը ցուցաբերում Հայաստանին առևտրի ոլորտում։ Թուրքիան արդեն մասնակցում է Մաքսային միությանը, և մենք նույն մաքսային տարածքի մաս ենք։ Սա շատ կարևոր է։ Այդ պատճառով Եվրոպական միության և Հայաստանի, Թուրքիայի միջև առևտրային հարաբերությունները, կարծում եմ, էական նշանակություն ունեն։

Այս համատեքստում ուզում եմ հիշեցնել, որ երկու ամիս առաջ Եվրոպական հանձնաժողովն առաջարկ է ներկայացրել անցումային կարգավորման վերաբերյալ՝ երկու տարով հայկական արտադրանքի արտոնյալ արտահանման համար դեպի ԵՄ՝ այսպես կոչված ինքնավար առևտրային միջոցառումների շրջանակում։

Սա իրականում նշանակում է, որ Եվրոպական միությունը Հայաստանին առաջարկում է առանց մաքսատուրքերի արտահանում գրեթե բոլոր ապրանքների համար, որոնք տուժել են հայկական արտահանման նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառված սահմանափակող միջոցառումների պատճառով։

Այս արտոնյալ առևտրային միջոցառումներն առաջարկվել են Եվրոպական միության կողմից։ Երեկ Եվրոպական միության անդամ պետությունները Խորհրդում առանց որևէ փոփոխության հաստատեցին Եվրոպական հանձնաժողովի առաջարկը։ Սա շատ կարևոր ազդակ է, և մենք առաջիկա օրերին սպասում ենք նաև Եվրոպական խորհրդարանի հաստատմանը։

Այսպիսով, սա շատ կարևոր նոր հնարավորություն է, ես կասեի՝ հատկապես մեր հայ բարեկամների համար, և դրանից պետք է օգտվել։ Եվրոպական միության հետ առևտրի մեծ մասի համար մաքսատուրքեր չեն լինի։ Իրականում Ռուսաստանին ուղղված ձեր արտահանման 99 տոկոսը, որը տուժել է այս միջոցառումներից, ընդգրկված է այս երկամյա ինքնավար միջոցառումների շրջանակում։

Մենք անհամբեր սպասում ենք տեսնելու, թե այս միջոցառումներն ինչպես դրական ազդեցություն կունենան ամբողջ հայկական բիզնեսի և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վրա»,- ասել է Մարագոսը։

Նա կարևորել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը՝ նշելով, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված ծրագրերը կարող են նպաստել տարածաշրջանում խաղաղության համար անհրաժեշտ մարդկային և գործարար կապերի ձևավորմանը։

«Եվ, իհարկե, այստեղ ուզում եմ ընդգծել, թե որքան կարևոր է աջակցությունը տարածաշրջանում խաղաղությանը և հարաբերությունների կարգավորմանը։ Անցյալ տարվանից, երբ նախաձեռնվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, շատ կարևոր զարգացումներ են տեղի ունեցել։

Այսպիսի ծրագրերը կարող են նաև օգնել կառուցել այն, ինչը, ըստ էության, կլինի այս կարգավորման կենսական գիծը։ Դա մարդկանց միջև շփումներն են։ Հենց ձեզ նման մարդիկ են, որ այս խաղաղությունն ու կարգավորումը կյանքի կկոչեն տեղում։ Սա միայն կառավարությունը չէ, սա միայն եվրոպական կառույցները չեն, և մենք ցանկանում ենք գտնել լավագույն ձևը՝ շարունակելու աջակցել նման նախաձեռնություններին՝ բիզնեսների, բայց նաև քաղաքացիական հասարակությունների, այլ ընկերությունների և մասնագետների միջև։

Որովհետև դուք, անշուշտ, ճանաչում եք միմյանց, որովհետև հարևաններ եք, երկար պատմություն ունեք։ Մյուս կողմից՝ շարունակել մարդկանց ներգրավելը, միմյանց ճանաչելը, միմյանց լեզուն ճանաչելը, կարծում եմ,  իսկապես կարևոր է նաև առևտրում կայունություն ստեղծելու, համատեղ բիզնես հնարավորությունների և զբոսաշրջության համար։

Զբոսաշրջության ներուժը, կարծում եմ, սահմանի երկու կողմերում իսկապես հսկայական է, և այն, կարծում եմ, կստեղծի բազմաթիվ նոր հնարավորություններ զբաղվածության, ներդրումների համար, ինչպես նաև ընդհանուր կարիքների և ընդհանուր մարտահրավերների լուծման համար՝ շրջակա միջավայրին աջակցելու, ջրային ռեսուրսները պաշտպանելու և միասին ավելի լավ ապագայի, նոր սերնդի համար ավելի լավ ապագայի ուղղությամբ աշխատելու համար։

Այսպիսով, Եվրոպական միությունն այստեղ է՝ նման նախաձեռնություններին աջակցելու համար»,- եզրափակել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը։

Երևանում սեպտեմբերի 3-4-ն անցկացվում է Հայաստանի և Թուրքիայի գործարար համայնքների մասնակցությամբ երկօրյա համաժողով։ Այն կազմակերպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։

Համաժողովի նպատակն է մեկ հարթակում համախմբել Հայաստանի և Թուրքիայի գործարար ու պետական կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հնարավորությունները, բացահայտելու փոխգործակցության նոր ուղղություններ և ձևաչափեր, ինչպես նաև խթանելու նոր գործարար կապերի և գործընկերությունների ձևավորումը։

Միջոցառման ընթացքում նախատեսված են քննարկումներ և հանդիպումներ՝ երկկողմ տնտեսական համագործակցության ներուժի, գործարար կապերի զարգացման և միջսահմանային փոխգործակցության հնարավորությունների վերաբերյալ։

Լրահոս
Որտեղ սահմանազատված չէ, միգուցե մենք էլ շատ տեղերից դուրս չենք եկել. Ալեն Սիմոնյան
14:45
Որտեղ սահմանազատված չէ, միգուցե մենք էլ շատ տեղերից դուրս չենք եկել. Ալեն Սիմոնյան
ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու մտադրություն չկա. վարչապետ
14:31
ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու մտադրություն չկա. վարչապետ
Գերիների, անհետ կորածների վերաբերյալ հարցերը եղել են քննարկման մաս․ Նիկոլ Փաշինյան
14:05
Գերիների, անհետ կորածների վերաբերյալ հարցերը եղել են քննարկման մաս․ Նիկոլ Փաշինյան
ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԵՄ դեսպան
13:45
ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԵՄ դեսպան
Հանձնարարել եմ իրավապահներին Նարեկ Նալբանդյանի նկատմամբ վարույթներ նախաձեռնել․ վարչապետ
13:31
Հանձնարարել եմ իրավապահներին Նարեկ Նալբանդյանի նկատմամբ վարույթներ նախաձեռնել․ վարչապետ
Որևէ մեկը չպիտի պլստա. վարչապետը՝ Գագիկ Խաչատրյանի մասին
13:21
Որևէ մեկը չպիտի պլստա. վարչապետը՝ Գագիկ Խաչատրյանի մասին
Պետք է գույքագրման ենթարկենք «ՀՀ-ՌԴ հարաբերություններ» հասկացությունը․ վարչապետ
13:04
Պետք է գույքագրման ենթարկենք «ՀՀ-ՌԴ հարաբերություններ» հասկացությունը․ վարչապետ
Ատոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. Փաշինյան
12:47
Ատոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. Փաշինյան
«Արտահանման ծավալների խնդիրը լուծված է»․ Գևորգ Պապոյան
12:33
«Արտահանման ծավալների խնդիրը լուծված է»․ Գևորգ Պապոյան
ԱՄՆ-ում Հայաստանի քաղաքացին դատապարտվել է Ռուսաստանին սարքավորումներ մատակարարելու համար
12:13
ԱՄՆ-ում Հայաստանի քաղաքացին դատապարտվել է Ռուսաստանին սարքավորումներ մատակարարելու համար
Դպրոցաշինության ծրագրերում կիրառվում են Ասիական զարգացման բանկի շրջանակում մշակված նախագծերը
12:05
Դպրոցաշինության ծրագրերում կիրառվում են Ասիական զարգացման բանկի շրջանակում մշակված նախագծերը
Պետք է անենք այն, ինչի մասին 8 տարի խոսում ենք, բայց չենք անում. Փաշինյան
11:56
Պետք է անենք այն, ինչի մասին 8 տարի խոսում ենք, բայց չենք անում. Փաշինյան
Հայաստանը սկսել է ընկալվել որպես ամենաորակյալ չրերի արտադրող երկիր. վարչապետ
11:43
Հայաստանը սկսել է ընկալվել որպես ամենաորակյալ չրերի արտադրող երկիր. վարչապետ
Փորձ է արվում խլել ղարաբաղյան ողբերգությունը ճանաչելու իրավունքը.  Աթանեսյան
11:23
Փորձ է արվում խլել ղարաբաղյան ողբերգությունը ճանաչելու իրավունքը. Աթանեսյան
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը Հայաստանի գործն է. Օվերչուկ
11:18
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը Հայաստանի գործն է. Օվերչուկ