Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
“Թարգի լաո” փոդքաստի համահիմնադիրը պեղել եւ բացահայտել է, որ Գերագույն խորհրդի պատգամավորի կարգավիճակում այսպիսի “մեղք եմ գործել” եւ մարդկանց խորհուրդ է տվել կյանքն այնպես ապրել, որպեսզի “Վահրամ Աթանեսյան չդառնան”։ Ես չեմ հիշում, թե ավելի քան երեսուն տարի առաջ ո՞ր լրատվամիջոցին եմ հարցազրույց տվել, բայց ուրախ եմ, որ էյֆորիայի տարիներին ոչ թե Արցախի հարցն եմ գերխնդիր տեսել, այլ՝ Հայոց պետական ինքնիշխանության հաստատումը։ Կնշանակի, որ “գավառական” պատգամավորս ավելի սթափ է մտածել, քան մայրաքաղաքի ազգային-պահանջատիրական բոմոնդը, որի հետնորդները, դժբախտաբար, շարունակում են Հայաստանի ինքնիշխանության դեմ պայքարի՝ իրենց քաղաքական հայրերի սեւ գործը։
Հ․Գ․ Հիշեցի, որ նույն կամ մեկ այլ հարցազրույցում ավելի “հանցավոր” միտք եմ արտահայտել․ ղարաբաղյան բանակցություններում Հայաստանը պետք է միջնորդ լինի, քանի որ կոնֆլիկտը Ադրբեջանի եւ նրանից անջատված Լեռնային Ղարաբաղի միջեւ է։
Հ․Հ․ Գ․ Փոդքասթի հիմնադիրներին եւ հովանավորներին ասեմ, որ հայերեն “թարգել” բառ չկա, այն մեր խոսակցական լեզվին է անցել թուրքերենից եւ ունի ինչ-որ բանից հրաժարվելու իմաստ, իսկ “լաո”-ն քրդերեն է։ Այսպիսով, “թարգի լաո” -ն հայերեն կհնչի այսպես․ “Լակոտ, վերջ տուր”։













