Լրահոս 24/7
13.09.2026

Այս մրցաշարը Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ

Այս մրցաշարը Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությանը:

Ընդհանուր հաշվարկում առաջին տեղը զբաղեցրել է իտալացի պրոֆեսիոնալ հեծանվորդ Սիմոնե Ռականին, որը ներկայացնում է «Ukyo» թիմը: Նրան պարգևատրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իտալացի հեծանվորդն արժանացել է նաև «Tour of Armenia»-հաղթողի կոչմանը: Այս մրցանակը ևս հանձնել է Նիկոլ Փաշինյանը: Ընդհանուր հաշվարկի 2-րդ մրցանակակիր է դարձել Դանիայի ներկայացուցիչ Քևին Բիելը: Նրան պարգևատրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ընդհանուր հաշվարկի 3-րդ մրցանակակիր է ճանաչվել Իտալիայի ներկայացուցիչ Լուկա Կովիլին, որը ներկայացնում է «Bardiani CSF 7 Saber» թիմը: Նրան պարգևատրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մրցաշարի լավագույն թիմ է ճանաչվել Չեխիան ներկայացնող ATT Investments թիմը: Պարգևը հանձնել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:

«Tour of Armenia»-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլն անցկացվել է Երևանում: Հեծանվորդները մրցել են 9.4 կմ երկարությամբ քաղաքային շրջապտույտում՝ անցնելով 10 շրջան: Մրցափուլի ընդհանուր երկարությունը կազմել է 94 կմ: Մրցումային 4-րդ օրվա հաղթող է ճանաչվել Միշելե Գազոլին Իտալիայից: Նրան պարգևատրել է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանը: Լեռնային դասակարգման առաջատար («լեռների արքա») անվանակարգում հաղթել և կապույտ մարզաշապիկին է արժանացել Լեոնարդո Վեսկոն (Իտալիա): Նրան պարգևատրել է RC Sports & Events ընկերության գործառնական տնօրեն և հեծանվային սպորտի տնօրեն Լուկա Գուերչիլենան: Լավագույն երիտասարդ հեծանվորդ անվանակարգում հաղթել և սպիտակ մարզաշապիկին է արժանացել Քևին Բիելը (Դանիա): Նրան պարգևատրել է Օլիմպիական չեմպիոն, իսպանացի նախկին պրոֆեսիոնալ հեծանվորդ Սամուել Սանչեսը:

Պարգևատրման արարողությունից հետո, վարչապետը հանդես է եկել ելույթով, ողջունել ներկաներին և շնորհավորել «Tour of Armenia» առաջին մրցաշարի հաջող անցկացման առիթով: ««Առաջին մրցաշար» արտահայտությունն արդեն գալիս է հուշելու, որ հաջորդիվ մեզ սպասում է երկրորդ, երրորդ, չորրորդ, և հույս ունենք, շարունակական մրցաշարեր: Պիտի ասեմ, որ սա, իսկապես, նոր փորձառություն է Հայաստանի Հանրապետության համար: Նոր փորձառություն է՝ բոլոր իմաստներով: Ես, ճիշտն ասած, չեմ հիշում, որ Հայաստանի Հանրապետությունում այս կարգի միջազգային հեծանվային մրցաշար անցկացված լիներ առնվազն՝ անկախությունից ի վեր»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Իր խոսքում վարչապետը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, ովքեր արձագանքել են Հայաստանի հետաքրքրությանը և ամեն ջանք գործադրել, որպեսզի մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպվի: Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ովքեր մեծ աջակցություն են ցուցաբերել, որպեսզի մրցաշարն անցնի պատշաճ մակարդակով: «Իհարկե, այս մրցաշարը, որը միջազգային շուրջ տասնյակ հեռուստաընկերություններով եթեր է հեռարձակվել, միանշանակ բարձրացնում է Հայաստանի տեսանելիությունը և ճանաչելիության մակարդակը և անկասկած, մեծ հետաքրքրություն է առաջացնելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որն այսօր էլ տուրիստական շատ մեծ հոսքեր ունի: Ես համոզված եմ, որ այս մրցաշարն ավելի կմեծացնի հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,-նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև առողջ ապրելակերպի, էկո տրանսպորտի և հեծանվային սպորտի նկատմամբ հետաքրքրության մեծացումը՝ որպես հաջորդ նպատակ. «Ես համոզված եմ՝ մեր բազմաթիվ երեխաներ այսօր մեծ հիացմունքով էին հետևում երեկ, նախորդ օրերին մեր հեծանվորդներին»:

Անդրադառնալով Հայաստանի միջազգային կապերին և գործընկերությանը՝ վարչապետը նշել է. «Շատ կարևոր է, որ մենք միջազգային գործընկերություն ենք հաստատում նաև նման նախաձեռնություններով: Կարծում եմ, որ պատահական չէ, որ 2026 թվականին է հենց այս մրցաշարը տեղի ունենում: Սա Հայաստանում և տարածաշրջանում հաստատված խաղաղության ևս մեկ շատ պայծառ և պերճախոս վկայություն է»:

«Այս մրցաշարը և մրցաշարի շարունակելիության վերաբերյալ մեր որոշումը նաև Հայաստանում հեծանվային պրոֆեսիոնալ սպորտի և սիրողական սպորտի զարգացման մի նոր խթան կտա»,-իր խոսքում նշել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է մրցաշարի բոլոր մասնակիցներին և հաղթողներին, ինչպես նաև գլխավոր մրցանակը ստացած մարզիկին և նշել. «Հույս ունեմ, որ հաջորդ տարի ավելի բարձր մակարդակով, ավելի բարձր տրամադրությամբ և ավելի մեծ նվաճումներով մենք կամփոփենք «Tour of Armenia» հեծանվային պրոֆեսիոնալ մրցաշարը»։

Հեծանվավազքը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառից: Առաջին օրվա երթուղին ավարտվել է Մեծ Մասրիկում՝ անցնելով Սևանա լճի ափերով և ընդգրկելով ընդհանուր 135 կմ տարածություն։ Առաջին օրը ATT Investments թիմի հեծանվորդ Միխալ Պոմորսկին առաջինն է հատել եզրագիծը (միջին արագությունը՝ 52.331 կմ/ժ) և դարձել առաջին օրվա հաղթող:

Հեծանվավազքի երկրորդ օրը աշխարհի տարբեր երկրների 16 թիմերի հեծանվորդները հաղթահարել են Կիրանց-Ստեփանավան շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին։ Առաջինը եզրագիծը հատել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին (Team Ukyo)՝ ընդամենը մի քանի միլիմետրով առաջ անցնելով հերոսաբար պայքարած Լեոնարդո Վեսկոյից (Biesse-Carrera-Premac)։ Նա մրցուղին հաղթահարել է 40.882 կմ/ժ միջին արագությամբ՝ 4 ժամ 19 րոպե 46 վայրկյանում։

Երրորդ՝ Մարտունի–Դիլիջան/Պարզ լիճ մրցափուլում հաղթանակ է տարել «Netcompany Ineos Racing Academy» թիմի ներկայացուցիչ Մաքս Հայնդսը՝ 162 կմ մրցատարածությունը՝ հաղթահարելով 3 ժամ 40 րոպե 24 վայրկյանում՝ 44.101 կմ/ժ միջին արագությամբ և վաստակելով 12 վայրկյան բոնուսային ժամանակ: Երրորդ մրցափուլի ընդհանուր վերելքը կազմել է 1700 մետր: Մրցափուլի մեկնարկը տրվել է Մարտունիում: Հեծանվորդներն անցել են Գեղարքունիքի,Կոտայքի և Տավուշի մարզերով։

Մրցափուլի հաղթողին, ինչպես նաև տարբեր դասակարգումների առաջատարներին մրցանակները հանձնել է Պեկինի 2008 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն Սամուել Սանչեսը, որը Հայաստանում առաջին անգամ անցկացվող մրցաշարի պաշտոնական դեսպանն է:

Մրցաշարի տարբեր դասակարգումների առաջատարները ստացել են «Alé Cycling» ընկերության մշակած չորս անվանական շապիկները, որոնց ձևավորման հիմքում հայկական խորհրդանիշներն ու մշակութային մոտիվներն են։ Մասնակից 16 թիմերի շարքում է նաև Հայաստանը ներկայացնող թիմը։ Չորս օրերի ընթացքում հեծանվորդներն ընդհանուր առմամբ ավելի քան 500 կմ ճանապարհ են անցել:

Լրահոս
Ադրբեջանի հաջորդ պահանջն է լինելու՝ ՀՀ-ն իբրև ագրեսո պետություն, պետք է բանակ չունենա. Սաղաթելյան
18:56
Ադրբեջանի հաջորդ պահանջն է լինելու՝ ՀՀ-ն իբրև ագրեսո պետություն, պետք է բանակ չունենա. Սաղաթելյան
Այս մրցաշարը Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ
17:40
Այս մրցաշարը Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ
ԱՄՆ-ն տարածաշրջանի երկրներին տրամադրում է միմյանց դեմ․ Փեզեշքիան
16:40
ԱՄՆ-ն տարածաշրջանի երկրներին տրամադրում է միմյանց դեմ․ Փեզեշքիան
Նույն քաղաքականությունը դրանք տարածելու են ՀՀ տարածքում գտնվող վանքերի ու եկեղեցիների վրա․ Խաչատրյան
15:45
Նույն քաղաքականությունը դրանք տարածելու են ՀՀ տարածքում գտնվող վանքերի ու եկեղեցիների վրա․ Խաչատրյան
Իրանը ԱՄՆ-ին 7 պայման է ներկայացրել Հորմուզի նեղուցը բացելու համար․ Tasnim
14:57
Իրանը ԱՄՆ-ին 7 պայման է ներկայացրել Հորմուզի նեղուցը բացելու համար․ Tasnim
ԱԲ-ն կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը․ Մասկ
14:13
ԱԲ-ն կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը․ Մասկ
Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն  սինլքորի հետ hռհռացող ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան
12:38
Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն սինլքորի հետ hռհռացող ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան
Հայաստանը վերահաստատում է իր տեղը սպորտային քարտեզում․ ԿԳՄՍ նախարար
12:06
Հայաստանը վերահաստատում է իր տեղը սպորտային քարտեզում․ ԿԳՄՍ նախարար
If the heritage is “Albanian,” why do you read it in Armenian?
22:38
If the heritage is “Albanian,” why do you read it in Armenian?
Եթե ժառանգությունն «աղվանական» է, ինչո՞ւ եք այն կարդում հայերեն
22:09
Եթե ժառանգությունն «աղվանական» է, ինչո՞ւ եք այն կարդում հայերեն
Պահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Մարուքյան
21:44
Պահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Մարուքյան
Էս ժողովրդին հանգիստ թողեք իր ցավի և նպատակների հետ. Աթանեսյան
20:06
Էս ժողովրդին հանգիստ թողեք իր ցավի և նպատակների հետ. Աթանեսյան
Հայաստանում պատերшզմ բերող մի ուժ կա, և այդ ուժը ՔՊ-ն է. Իշխան Սաղաթելյան
19:04
Հայաստանում պատերшզմ բերող մի ուժ կա, և այդ ուժը ՔՊ-ն է. Իշխան Սաղաթելյան
Եթե ձմռանը հարվածեն մեր էներգետիկ համակարգին, հայելային պատասխան կտանք. Զելենսկի
17:57
Եթե ձմռանը հարվածեն մեր էներգետիկ համակարգին, հայելային պատասխան կտանք. Զելենսկի
Պետք է պարզել, թե ո՞ր իշխանության օրոք են բուհ ընդունվել եւ ավարտել ուսուցիչները
17:01
Պետք է պարզել, թե ո՞ր իշխանության օրոք են բուհ ընդունվել եւ ավարտել ուսուցիչները