Կարծում եմ՝ վարչապետը բավարար արձագանքել է ռազմաբազայի հարցին: Այսպես պատասխանեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը խորհրդարանում լրագրողների հարցերին, որոնք խնդրեցին մեկնաբանել ռուսական 102-րդ ռազմաբազայի շուրջ իրավիճակը:
Նրա խոսքով՝ ոչ ոք չի կարող չնկատել, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները նոր որակի, նոր բովանդակության հարաբերություններ են, որտեղ քննարկումը բազմազան օրակարգերի շուրջ է, և եթե ՌԴ-ի կողմից ռազմաբազան դուրս բերելու առաջարկ կա, Հայաստանի Հանրապետությունը դրան դեմ չի լինելու:
Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխություններին, պատգամավորը նշեց՝ ՀՀ-ն հստակ իր դիրքորոշումն ասել է Սահմանադրության փոփոխության կապակցությամբ:
«Միակ մարմինը, որ կարող էր մեկնաբանել Սահմանադրությունը և դրան հղում արվող այլ փաստաթղթեր, ՍԴ-ն է, որը հստակ ամրագրել է, որ ՀՀ Սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ չի ներառում իր հարևաններից և որևէ մեկի նկատմամբ: Սա մեր պաշտոնական դիրքորոշումն է, իսկ նոր Սահմանադրության մասին վարչապետը խոսել է դեռևս 2020-ի փետրվարին: Վստահաբար հիշում եք այն միջավայրը, որում արվել են այդ հայտարարությունները»,- ասաց Ղազարյանը:
Ինչ վերաբերում է Անկախության հռչակագրին, ասաց՝ նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի, նոր այդ մասին կխոսի:
«Նոր Սահմանադրությունը զրոյից գրվող տեքստ է, վստահաբար դրա շուրջ դեռ քննարկումներ կունենանք»,- նշեց նա:













