Կառավարության նիստում հավանության է արժանացել պետական պաշտոնյաների վարձատրության մասին օրինագիծը։ Ըստ այդմ, առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից վերանայել պաշտոնյաների վարձատրության համակարգը։ Փոփոխությունների փաթեթը ներառում է աշխատավարձերի հաշվարկման գործակիցների վերանայում, կատարողականի հիմքով լրավճարների նոր համակարգ, հավելումների փոփոխություն, ինչպես նաև պետական ծառայության մրցութային կարգի վերափոխում։
Ավելի բարձր պատասխանատվություն, որոշումներ կայացնելու լիազորություններ և կառավարման ավելի մեծ շրջանակ ունեցող պաշտոնների համար նախատեսվում է տարբերակված բարձրացում։ Միաժամանակ կպարզեցվեն աշխատավարձի հաշվարկման սանդղակները։
Կներդրվի կատարողականի հիմքով լրավճարի օրենսդրական համակարգ։ Պետական մարմինների աշխատանքը կգնահատվի նախապես սահմանված ռազմավարական նպատակների և չափելի ցուցանիշների հիման վրա։ Նախարարություններում նախատեսվում է նաև անհատական կատարողականի գնահատում։
Կսահմանափակվի լրավճարների չափը ։Նախագծով առաջարկվում է, որ լրացուցիչ աշխատավարձը չգերազանցի աշխատավարձի ընդհանուր չափի 60 տոկոսը։
Կշարունակվի մասնագիտական կրթության խրախուսումը։ Կատարողականի խրախուսման միջոցների մի մասը նախատեսվում է ուղղել պետական ծառայողների կրթական ծախսերին՝ անհատական կարիքներին համապատասխան։
Կփոխվեն աշխատավարձի հավելումները։ Հիմնական աշխատավարձի դերը մեծացնելու նպատակով տարբեր պաշտոնների համար գործող հավելումները և հավելավճարները կվերանայվեն։ Նախատեսվում է դրանք հնարավորինս ներառել հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցներում՝ գործող աշխատավարձերի չափերը պահպանելու պայմանով։ Դատախազների, Քննչական կոմիտեի և Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների հավելումները կնվազեն, իսկ մյուս պաշտոնների դեպքում դրանք նախատեսվում է վերացնել։
Բազային աշխատավարձը կսահմանվի օրենքով։ Ներկայում այն կապված է նվազագույն աշխատավարձի հետ և յուրաքանչյուր տարի սահմանվում է պետական բյուջեի օրենքով։ Նախատեսվում է բազային աշխատավարձի չափը ուղղակիորեն ամրագրել համապատասխան օրենքում։
Կփոխվի որոշ իրավապահ ծառայողների կենսաթոշակային կարգավորումը։ Դատախազների, Քննչական կոմիտեի քննիչների, Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց և արտաքին հետախուզության ծառայության որոշ պաշտոնյաների համար առաջարկվում է կենսաթոշակի իրավունք ստանալու առումով սահմանել 60 տարեկանի նվազագույն շեմ՝ 20 տարվա ծառայությունից հետո կենսաթոշակի գործող հնարավորության փոխարեն։













