Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Վրաստանի պատրիարքարանի՝ Ադրբեջանում գտնվող Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ հայտարարությունը՝ այն համարելով Ադրբեջանի և Վրաստանի միջև բարեկամության, գործընկերության և բարիդրացիության ոգուն չհամապատասխանող։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ անթույլատրելի է Ադրբեջանի տարածքում գտնվող աշխարհագրական և պատմական տեղանունները այլ անվանումներով ներկայացնելը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ Վրաստանի պատրիարքարանի մոտեցումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, իր գնահատմամբ, ներառում է տարածքային պահանջներ։ Գերատեսչությունը կրոնական կազմակերպություններին կոչ է արել խուսափել այնպիսի մոտեցումներից, որոնք կարող են վնասել երկու ժողովուրդների պատմական բարեկամությանը և բարիդրացիական հարաբերություններին։
«Այս առումով, Վրաստանի պատրիարքարանին խորհուրդ է տրվում չկրկնել Հայոց եկեղեցու հայտնի մոտեցումները և հետևել նրա օրինակին: Ադրբեջանի տարածքում գտնվող բոլոր պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները ադրբեջանական ժողովրդի և պետության ազգային ժառանգության անբաժանելի մասն են կազմում», – նշել է նախարարությունը:
Նշենք, որ Վրաց ուղղափառ եկեղեցու (ՎՈՒԵ) պատրիարքարանը խորը մտահոգություն էր հայտնել Ադրբեջանում գտնվող Կուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցու պեղումների վերաբերյալ: Թբիլիսին հայտարարել էր, որ շինարարական և պեղումների աշխատանքները միակողմանիորեն են իրականացվում և կոչ է արել վրացական իշխանություններին անհապաղ միջամտել։













