«Պատերազմական հանցագործների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը, որտեղ նրանք պետք է պատասխան տան իրենց կատարած հանցագործությունների և թափված արյան համար»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ստամբուլում ելույթ ունենալով MÜSİAD EXPO-ի 21-րդ միջազգային առևտրային ցուցահանդեսի և 29-րդ միջազգային բիզնես համաժողովի փակման արարողությանը, փոխանցում է թուրքական Անադոլուն։
Թուրքիայի նախագահն ուշադրություն է հրավիրել ժամանակակից միջազգային համակարգի առջև ծառացած ճգնաժամի վրա։
«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ գլոբալ համակարգը լեգիտիմության, ներկայացվածության և արդարության տեսանկյունից փակուղի է մտել։ Մասնավորապես, այն տարածաշրջանը, որի կենտրոնում գտնվում է մեր երկիրը, պատկերավոր ասած՝ ճգնաժամերի իրական փոթորիկ է ապրում։ «Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է» սկզբունքն առաջին անգամ այս աստիճան ազդեցություն է ունենում միջազգային հարաբերությունների վրա»,- ասել է Էրդողանը։
Անդրադառնալով Պաղեստինում, այդ թվում՝ Գազայի հատվածում ստեղծված իրավիճակին՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ շարունակելու է պաշտպանել պաղեստինցիներին։
«Մենք վճռական ենք պատռելու օկուպացիոն սիոնիստական մտածելակերպի դիմակը, որն իրեն ընտրյալ է համարում և իրեն բոլորից վեր է դասում՝ չունենալով ո՛չ կարեկցանք, ո՛չ խիղճ, ո՛չ բարոյականություն և ո՛չ էլ սկզբունքներ»,- ընդգծել է նա։
Էրդողանը նաև հայտարարել է ցեղասպանության համար պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին։
«Եթե ցեղասպանություն իրականացնողները չկանգնեն արդարադատության առջև, եթե օրենքի և պատմության առաջ պատասխանատվություն չկրեն, ապա նման վայրագությունները կրկին կկրկնվեն»,- ասել է նա։
Միաժամանակ՝ Թուրքիայի նախագահը վստահեցրել է, որ Անկարան շարունակելու է պաշտպանել «ճշմարտությունն ու արդարությունը» և լինել «ճնշվածների ձայնը»։
«Պաղեստինի ժողովուրդը միայնակ չէ և առանց աջակցության չի մնացել։ Գազայում մեր եղբայրներն ու քույրերը միայնակ չեն իրենց իրավունքների և արդարության որոնումներում։ Թուրքիան իր սկզբունքային, արժանապատիվ, բարոյական և համարձակ դիրքորոշմամբ ոչ միայն հույս է տվել ճնշվածներին, այլև քաջություն է ներշնչել այլ երկրներին»,- ասել է Էրդողանը։
Էրդողանն անդրադարձել է նաև Թուրքիայի տնտեսական ցուցանիշներին։
«Թուրքիայի տնտեսությունը վերջին 24 եռամսյակների ընթացքում անընդմեջ աճ է գրանցում։ Այսօր մենք աշխարհի 16-րդ խոշորագույն և Եվրոպայի 6-րդ խոշորագույն տնտեսությունն ենք»,- ասել է նախագահը։
Թուրքիայի նախագահը նաև նշել է արտահանող թուրքական ընկերությունների թվի աճը։
«Եթե 2002 թվականին մեր արտահանող ընկերությունների թիվը կազմում էր ընդամենը 33 հազար, ապա 2025 թվականին արդեն 168 հազար ընկերություն էր արտահանում իրականացնում»,- ասել է նա։
Բացի այդ, նախագահը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է իրականացնել 20 օր առաջ ներկայացված նոր միջնաժամկետ ծրագիրը։
«20 օր առաջ մեր կողմից հայտարարված նոր միջնաժամկետ ծրագրի շնորհիվ մենք վճռականորեն առաջ ենք շարժվելու՝ կայուն և հավասարակշռված աճի մեր նպատակներին համապատասխան»,- հավելել է Էրդողանը։













