ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը անդրադարձել է ռուսական լրատվամիջոցներով հնչած պնդումներին, թե Հայաստանում կառուցվող Firebird գործարանը կարող է ունենալ հետախուզական նշանակություն։
Նախարարը նման գնահատականները քաղաքականացված է համարել՝ նշելով, որ բարձր հաշվողական ռեսուրսներ պահանջող տարբեր խնդիրների համար աշխարհում օգտագործվում են նմանատիպ հաշվողական ենթակառուցվածքներ։ «Դա քաղաքականացված գնահատական է»,- ասել է Թադևոսյանը։
Նա նման պնդումները համեմատել է ավտոմեքենայի օգտագործման հետ՝ նշելով. «Նույնիսկ ավտոմեքենան կարելի է օգտագործել հանցագործություն իրականացնելու համար, բայց արդյո՞ք վերցնենք, արգելափակենք կամ թույլ չտանք ավտոմեքենաների օգտագործումը»։
Թադևոսյանի խոսքով՝ ինքը չի ցանկանում ժամանակ ծախսել շահարկումների վրա։ Միաժամանակ նա նշել է, որ կոնկրետ փաստերի առկայության դեպքում պատրաստ է քննարկել այդ հարցը։
«Դա մնում է տեսական շահարկումների դաշտում։ Եթե ներկայացնեն փաստեր, սիրով կնստենք, կքննարկենք, կհասկանանք, բայց մինչև հիմա կարող է լինել, կարող է չլինել։ Դրանք շահարկումներ են»,- ասել է նախարարը։
Անդրադառնալով Firebird-ի ֆինանսավորմանը՝ Թադևոսյանը նշել է, որ գործարանը կառուցվում է ոչ թե ԱՄՆ ներդրմամբ, այլ հայկական բանկերի կոնսորցիումի մասնակցությամբ։
«Այդ փաստի մասին հպարտությամբ պետք է խոսել»,- ասել է նա։













